ՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել: Այս մասին ՀըԽ-ին հայտնել է փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ով Աշոտ Եղիազարյանի գործով ներկայացնում է տուժածների շահերը: Նրա խոսքով՝ հետախուզման համար հիմք է ծառայել պատգամավորի՝ հարցաքննությանը չներկայանալու փաստը, ինչպես նաեւ՝ նրա գտնվելու վայրի մասին պաշտոնական տեղեկության բացակայությունը: Փաստաբանը չի բացառել նաեւ, որ մոտ ժամանակներս հետաքննչական մարմինները նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեն: Հիշեցնենք, որ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը մեղադրվում է առավելապես խոշոր չափերի մեքենայությունների համար եւ իր ընտանիքի հետ այժմ գտնվում է ԱՄՆ-ում: Հիշեցնենք նաեւ, որ նոյեմբերի 3-ին Պետդուման պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց Աշոտ Եղիազարյանին, իսկ 4 օր հետո նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց՝ ՌԴ ՔՕ 159 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` «առանձնապես խոշոր չափերի մեքենայություն», որը նախատեսում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: Հետաքննության տվյալներով, 2002թ. եւ 2003թ. Եղիազարյանը իր մոտ ընկերոջը՝ Միխայիլ Անանեւին, առաջարկել էր մասնակցել Մոսկվայում Ռուբլյովի մայրուղու մոտ առեւտրային համալիրի կառուցման եւ «Մոսկվա» հյուրանոցի վերակառուցման ֆինանսավորմանը: Պայմանավորվածության համաձայն՝ Անանեւը հետագայում այդ երկու նախագծերից էլ բաժնեմասեր էր ստանալու: Հետաքննության տվյալներով, Եղիազարյանն իր պայմանավորվածությունները չէր կատարել եւ իր հայեցողությամբ էր ծախսել Անանեւից ստացած ավելի քան 500 մլն ռուբլին: Բացի այդ, հետաքննչական մարմինը վստահեցնում է, որ Եղիազարյանը յուրացրել էր բաժնետիրական ընկերություններից մեկի 20 տոկոս բաժնեմասը (ավելի քան 1,5 մլն ռուբլի) տնօրինելու իրավունքները: Այդ բաժնեմասը պատկանել է Վիտալի Սմագինին: Եղիազարյանի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի թաքնվում ռուս իրավապահ մարմիններից եւ պատրաստ է մասնակցել քննչական գործողություններին, սակայն ԱՄՆ-ի տարածքում: