Կանայք դժգոհ են

25/11/2010

«Ա1+»-ի հաղորդմամբ` երեկ, չնայած ուշ ժամին` 3 ամսական Կատերինա Հովհաննիսյանը մայրիկի հետ ՀՀ նախագահի նստավայրի մոտ էր եւ մասնակցում էր «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի դեմ ակցիային, որը երեկ ստորագրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ակցիայի մասնակիցների մեծ մասը ապագա մայրեր էին: «Պարոն նախագահ, ե՛տ կանչեք Ձեր ստորագրությունը», «Ամո՛թ, բյուջեն լցնում են հայ մայրիկների հաշվին», «Ոչ ժամանակավոր անաշխատունակության մասին ՀՀ օրենքի փոփոխությանը», այս եւ նմանատիպ ցուցապաստառներով կանայք փորձում էին իրենց պահանջները հասցնել ՀՀ նախագահին: «Եթե մինչ այս հղիության եւ հետծննդյան նպաստը սահմանվում էր կնոջ փաստացի աշխատավարձի չափով` 140 օր հաշվարկված՝ վերջին երեք ամիսներին ստացված աշխատավարձի միջինով, ապա այս օրենքը առաջարկում է սահմանափակել այդ նպաստը առավելագույնը մինիմալ աշխատավարձի հնգապատիկի չափով` 162.500 դրամ»,- նշել է հղի Դիաննա Հովհաննիսյանը: Նա հիշեցնում է, որ այս օրենքով հիմնական թիրախային խումբը լավ վարձատրվող մասնագետներն են, ովքեր բավականին հեշտությամբ կարող են իրենց գործը գտնել արտասահմանում: «Ես ընդամենը երեք տարի առաջ եմ վերադարձել հայրենիք, ինչո՞ւ են ինձ ստիպում կրկին մեկնել»,- շարունակում էր նա: Նրանց զայրացրել էր նաեւ այն հանգամանքը, որ պատգամավորներից մեկը, ընդ որում` կին, օրենքի կարեւորությունը բացատրել էր նրանով, թե այն խարդախությունների դեմ է: «Իբր թե, հնարավոր է, ինչ-որ մեկն իր բարեկամին ընդունի 2 մլն աշխատավարձով, եւ մեկ ամսից նա գնա հետծննդյան արձակուրդի, եւ ստացված գումարը կիսեն: Մի՞թե ի հաշիվ շատ մայրերի է պետությունը պայքարում խարդախությունների դեմ»,- ավելացրել է Դիաննա Հովհաննիսյանը: Ի դեպ, ապագա մայրերի հետ ՀՀ նախագահի նստավայր էին գնացել նաեւ ապագա հայրերը: «Հետաքրքիր հեգնանք է, մի կողմից՝ ուզում են բանակ զորակոչել ավելի մեծ թվով զինվորներ, բանակը ուժեղացնել, մյուս կողմից էլ ստեղծում են լրիվ հակառակ պայմաններ: Պետք չէ կարճաժամկետ ֆինանսական խնդիրներ լուծել նման ձեւով»,- ասել է Սերգեյ Սարգսյանը:

Չնայած օրենքն արդեն ընդունված է, սակայն ցույցի մասնակիցները վստահեցնում էին, որ ամեն ինչ անելու են, որպեսզի այն փոխվի: