ՀԱԿ-ը դատապարտում է

25/11/2010

Երեկ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Հայ Ազգային կոնգրեսը դատապարտում է Սերժ Սարգսյանի կողմից ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բոյկոտելու որոշումը: Պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայացրել էր բոյկոտի «հիմնավորումները», չեն դիմանում որեւէ քննադատության, քանի որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2008թ. Բուխարեստյան հանդիպումից սկսած երեք տարի շարունակ ՆԱՏՕ-ի գագաթաժողովն իր հռչակագրերով անդրադարձել էր ԼՂ հակամարտության կարգավորմանը, մատնանշելով Հելսինյան Եզրափակիչ ակտի սկզբունքներից միայն մեկը: ՀՀ ԱԳՆ-ն երբեւէ չի անդրադարձել այդ փաստաթղթերին, լուռ կեցվածքով, փաստորեն, համաձայնելով անարդար այդ ձեւակերպման հետ: Փոխանակ օգտագործելու աշխարհի ամենահեղինակավոր եւ ազդեցիկ կազմակերպություններից մեկի հարթակը՝ Հայաստանի եւ ԼՂՀ դիրքորոշումը հնչեցնելու, հնարավորության դեպքում՝ աննպաստ ձեւակերպումները փոխելու նպատակով, Ս. Սարգսյանը որդեգրել է երկչոտ եւ անպատասխանատու կեցվածք, որը հարիր չէ ինքնիշխան պետությանը: Նման անսկզբունքային քայլով Ս. Սարգսյանը զրկել է Հայաստանին ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության միակողմանի եւ աղավաղված պատկերի ներկայացմանը հակադարձելու հնարավորությունից: Լինելով միջազգային հանրության լիիրավ անդամ, Հայաստանը մշտապես պետք է իր գործուն մասնակցությունը ունենա բոլոր միջազգային կազմակերպությունների շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին` իր ներդրումը բերելով միջազգային խաղաղությանը եւ կայունությանը»: