Դոստոեւսկու վեպերի բազմաձայնության մասին

25/11/2010 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

– Ո՞րն է, Ձեր կարծիքով, Դոստոեւսկու ստեղծագործության հիմնական միտքը:

– Ճշմարտությունը, ըստ Դոստոեւսկու, վերջին համաշխարհային հարցերի ոլորտում, չի կարող բացահայտվել մեկ անհատական գիտակցության սահմաններում: Այն չի տեղավորվում մի գիտակցության մեջ: Այն բացվում է, ընդ որում, միշտ մասամբ, բազում համազոր գիտակցությունների երկխոսական շփման պրոցեսում: Այդ վերջնահարցերին նվիրված երկխոսությունը չի կարող ոչ ավարտվել, որ եզրափակվել, քանի դեռ գոյութուն ունի մտածող եւ ճշմարտությունը որոնող մարդկությունը: Երկխոսության վերջը համազոր կլիներ մարդկության կործանմանը: Եթե բոլոր հարցերը լուծվեն, ապա մարդկությունը հետագա գոյության համար խթան չի ունենա: Ինչպես ես արդեն ասացի, երկխոսության վերջը համազոր կլիներ մարդկության կործանմանը` այդ միտքը սաղմնային վիճակում արտահայտված էր դեռ Սոկրատի փիլիսոփայության մեջ: Սակայն ամենախորունկ եւ ամբողջական մարմնավորումը, գեղարվեստական մարմնավորումը, այն գտավ Դոստոեւսկու վեպերում:

Դոստոեւսկին, իմ կարծիքով` արարիչն է պոլիֆոնիկ բազմաձայն վեպի, որը կառուցված է որպես վերջնահարցերի լարված ու կրքոտ երկխոսություն: Հեղինակը չի եզրափակում այդ երկխոսությունը, իր հեղինակային լուծումը չի տալիս, նա բացում է մարդկային միտքը իր հակասական եւ անավարտ լինելիության մեջ:

Դոստոեւսկին որեւէ եզրափակում չէր ընդունում: Եթե նրա որոշ վեպեր (օրինակ, «Ոճիր եւ պատիժը») կարծես թե ավարտուն են, ապա դա պարզապես ֆորմալ գրական լրում է: Իսկ ահա «Կարամազով եղբայրները» ոչ մի կերպ ավարտված չէ, այստեղ ամեն ինչ բաց է մնում, բոլոր խնդիրները խնդիր են մնում, եւ որոշակի լուծման ոչ մի ակնարկ չկա: Դոստոեւսկու անձնական հայացքները (դրանք, իհարկե, կային, նա դրանք ներդնում էր իր հրապարակախոսական ստեղծագործությունների, ամսագրային հոդվածների, նամակների, ելույթների մեջ), սահմանափակված իրենց դարաշրջանով, իրենց խմբային հետաքրքրություններով, իրենց ուղղվածությամբ, մասամբ մտնում են նրա վեպերի մեջ: Սակայն, իհարկե, մենք գտնում ենք համապատասխան տեղերը վեպերում, որոնք ասես կրկնվում են, բայց կրկնվում են հերոսների անունից, Դոստոեւսկու որոշ մտքերն ու արտահայտությունները (օրինակ, «Գրողի օրագրում»): Բայց դրանցում այդ հայացքները ուղղակի հեղինակային արտահայտության բնույթ ձեռք չեն բերում, դրանք ներմուծված են երկխոսության մեջ այլ ուղղակի հակադիր հայացքների հետ լիիրավ հիմքերով: Հետեւաբար, իր վեպերում նա վեր է կանգնում այդ սահմանափակ, նեղ մարդկային, նեղ կրոնադավանաբանական, ուղղափառ հայացքներից: Եվ դա, ի դեպ, ես Դոստոեւսկու մեջ հիմնականն եմ համարում: Խոսել այն մասին, թե կարելի է առանձնացնել ինչ-որ առանձնահատուկ հիմնական միտք, անկարելի է: Ողջ հարցը դրանց բազմությունն է, որ մարմնավորվել է տարբեր անհատներում: Բանը հենց այդ երկխոսությունն է, ընդ որում, կանխապես չեզրափակվող երկխոսությամբ: Դոստոեւսկին բազմիցս իր վեպերում ցուցանում է, որ, ըստ էության, երկխոսության լրումը, վեճի եզրափակումը հնարավոր է միայն ինչ-որ կոպիտ նյութական ուժի ներմուծման ճանապարհով: Իսկ, ըստ էության, հենց այդպիսի երկխոսական միտքը եւ միտքն ընդհանրապես անեզրափակելի են:

– Ի՞նչ եք դուք մտածում Դոստոեւսկու ստեղծագործությանը նվիրված քննադատական աշխատությունների մասին:

– Մեծ մասամբ գրականագետները, Դոստոեւսկու այնպիսի գիտակներ, ինչպիսիք են Մերեժկովսկին, Շեստովը, Ռոզանովը, ջանում էին նրան օգտագործել իրենց նպատակների համար, իրենց հայացքների պրոպագանդման համար: Նրանք փորձում էին Դոստոեւսկուն վերագրել մտքերի միասնական համակարգ, այնինչ Դոստոեւսկին հենց չէր ընդունում որեւէ համակարգ: Նա համարում էր, որ ամենայն համակարգ բռնի է եւ արհեստական: Եվ ամենից առաջ բռնություն է մարդկային սրտի եւ մտքի վրա: Մարդկային միտքը ոչ թե համակարգված է, այլ երկխոսական: Այսինքն՝ այն պատասխան, առարկություն, համաձայնություն կամ անհամաձայնություն է պահանջում: Միայն այդ ազատ պայքարի մթնոլորտում կարող է զարգանալ մարդկային եւ գեղարվեստական միտքը: Դա ինչ-որ ձեւով քամահրում էին նախահեղափոխական շրջանի գրականագետները: Դե մեր ժամանակներում եւս, իհարկե, շատերն են ջանում Դոստոեւսկուն, որպես արվեստագետի, վերագրել որոշակի աշխարհայացք, ինչ-որ որոշակի հայացքների համակարգ: Եվ այդպիսի գրականագետները բավական շատ են: Անշուշտ, դա նրանց աշխատությունները չի արժեզրկում, քանի որ Դոստոեւսկին այնքան բարդ եւ բազմակողմանի է, որ նրան կարելի է մոտենալ հազարավոր կողմերից եւ, միեւնույն է, անհնար է ընդգրկել: Հենց այդ պատճառով, որ նա երկխոսային է, հենց այն պատճառով, որ նա բազմաձայն է` նրան անհնար է սպառել:

Եվ Դոստոեւսկին կարծես թե մեզ է կտակել շարունակել այն վեճերը, որոնք վարում են իր հերոսները: Նրանք դա կշարունակեն հավերժորեն, մենք այժմ այդ մասին վիճում ենք, եւ դրանով մենք շարունակում ենք Դոստոեւսկուն: Հենց այդ պատճառով ես գնահատում եմ նույնիսկ այն խորհրդային շրջանի գրականագետների աշխատությունները, որոնք համամիտ չեն Դոստոեւսկու վեպերի պոլիֆոնիկ ընկալման տեսանկյունին, չնայած այդպիսի ընկալումն արդեն սկսել է կազմավորվել մեր դարաշրջանում: Հանգուցյալ Գրոսմանը ցույց տվեց, որ Դոստոեւսկին համաշխարհային վեճ է` համաշխարհային հարցերի շուրջ, եւ անվերջանալի վեճ: Ես շատ եմ գնահատում հանգուցյալ Բ.Մ. Էնգելգարդի դիտարկումներն ու դիտողությունները: Վերջապես, Շկլովսկու «Հանուն եւ ընդդեմ» աշխատության մեջ ցուցադրված է, որ Դոստոեւսկին միշտ ունի «հանուն» եւ «ընդդեմ»:

Ես շատ արժեքավոր եմ համարում հանգուցյալ Դոլինինի, Ֆրիդլենդերի, Կիրպոտինի, Բուրսովի, Եվնինի աշխատությունները: Բոլոր այդ աշխատությունները դիտարկում են Դոստոեւսկու տարբեր կողմերը, իսկ ընդհանրապես ես չեմ համարում, որ գրականության ոլորտում հնարավոր է ինչ-որ մեն-միակ մոտեցում: Գրականությունն այնքան բարդ է, որ երբեմն նույնիսկ հիմար արտահայտություններում գրականության մեջ ինչ-որ բան նշմարում են: Անշուշտ, դա ոչ մի կերպ չի վերաբերում վերոնշյալ գիտնականներին:

Նրանց ստեղծագործությունները շատ արժեքավոր եւ շատ նշանակալից են: Հատկապես ես շատ եմ գնահատում Ֆրիդլենդերի աշխատությունը, նրա տեսական գիրքը Դոստոեւսկու ռեալիզմի մասին:

– Դուք հեղինակն եք մի գրքի, որը Դոստոեւսկու ստեղծագործության ոլորտում ամենաֆունդամենտալ աշխատությունն է համարվում: Այն հենց նոր հայտնվել է լեհերեն թարգմանությամբ: Արդյոք չէի՞ք հիշեցնի դրա գլխավոր միտքը:

– Դոստոեւսկու բազմաձայնությունը: Այն չի կարելի մեկնաբանել մենախոսերեն, ինչպես այլ վիպագիրներին, այնպիսիներին, ինչպիսիք են Տոլստոյը, Տուրգենեւը եւ այլն: Բացի այդ, ես ջանում եմ իմ գրքում Դոստոեւսկուն ներառել գրականության զարգացման պատմական պրոցեսի մեջ: Ես համարում եմ, որ այնպիսի գրողների, ինչպիսիք են Դոստոեւսկին եւ Տոլստոյը, ոչ մի կերպ չի կարելի տեղադրել միեւնույն դարաշրջանի շրջանակներում: Նույնիսկ ավելի լայն հասկացված 19-րդ դարի շրջանակներում, նույնիսկ նոր ժամանակների շրջանակներում: Նրանք ինչ-որ ձեւով իրենց մեջ են ներառում այն ամենը, ինչ արել է մարդկությունը իր պատմական գոյության բոլոր դարերի ընթացքում: Եվ ահա իմ աշխատության մեջ փորձում եմ բացահայտել Դոստոեւսկու հիմնական արմատները: Հին հունական ստեղծագործություններից սկսյալ՝ ես բերում եմ երկխոսական վեպի առանձնահատուկ գիծը մինչեւ Դոստոեւսկի: Եվ համարում եմ, որ նա եզրափակում է համաշխարհային գրականության զարգացման այդ վիթխարի գիծը: Իմ գրքում ես ջանում եմ Դոստոեւսկուն մտցնել համաշխարհային գրականության մեջ գոյություն ունեցող իր ողջ ծավալով: Իհարկե, իմ աշխատանքի արժանիքների մասին դատել ես ինքս չեմ կարող: Համենայն դեպս, ես այդ գիրքը գրել եմ շատ վաղուց: Դրանում շատ բաներ դեռ լրացումների եւ շարունակության կարիք ունեն: Ահա հիմա ես մասամբ դրանով եմ զբաղված:

– Դոստոեւսկին որպես պոլիֆոնիկ վեպի արարիչ՝ վիթխարի ազդեցություն է ունեցել գալիք գրողների վրա: Դոստոեւսկուց հետո գրողներից ո՞վ է շարունակել երկխոսական վեպի այդ գիծը: Եվ ընդհանրապես կարելի՞ է արդյոք ջնջել այն ամենը, ինչ ստեղծվել է Դոստոեւսկուց առաջ, եւ համարել, որ նրանից հետո անհնար է գրականության մեջ ինչ-որ նոր բան գտնել:

– Ներկայումս` Դոստոեւսկին մարդկային մտքի, մարդկային որոնումների երկխոսական ընկալման ոլորտում բարձունք է: Իհարկե, դրանով ոչ մի դեպքում չեն արժեզրկվում նախորդող շղթաները: Սոկրատը կմնա Սոկրատ: Ընդհանրապես ես մի եզր ունեմ` Մեծ ժամանակ: Ահա, ուրեմն, Մեծ ժամանակի մեջ ոչինչ եւ ոչ մեկն իր նշանակությունը չի կորցնում: Մեծ ժամանակի մեջ հավասար իրավունքներով են մնում եւ Հոմերոսը, եւ Էսքիլեսը, եւ Սոֆոկլեսը, եւ Սոկրատը, եւ բոլոր անտիկ գրող-մտածողները:

Այդ Մեծ ժամանակի մեջ է եւ Դոստոեւսկին: Եվ այդ առումով ես համարում եմ, որ ոչինչ չի մահանում, այլ ամեն ինչ նորոգվում է: Առաջընթաց ամեն մի քայլի հետ նախորդ քայլերը նոր լրացուցիչ իմաստ են ձեռք բերում: Բայց մենք անընդհատ նորոգում եւ շարունակում ենք այն, որ մինչ մեր գալուստը արել են մեծ գրողներն ու մտածողները: Դոստոեւսկին պոլիֆոնիկ վեպի ստեղծողն է, եւ ինձ թվում է, որ ապագան պատկանում է պոլիֆոնիկ վեպին։ Բայց դա չի նշանակում, որ այդ ապագան կջնջի, կփոխի կամ կթուլացնի անցյալը: Օրինակ, Դոստոեւսկու վեպը որպես ֆորմա, ավելի արդյունավետ է ապագայում, քան Տոլստոյի վեպը: Բայց դրանից Տոլստոյը չի նսեմանում, ավելի փոքր չի դառնում: Ընդհակառակը, Տոլստոյի, Տուրգենեւի եւ այլոց մենախոսական տիպի վեպը մնում է, եւ, ավելին, կզարգանա նոր բազմաձայն վեպի ֆոնի վրա, նոր իմաստ ձեռք կբերի: Այդ վեպով մենք կհանգստանանք, որովհետեւ Դոստոեւսկու վեպերով, ինչպես նաեւ՝ պոլիֆոնիկ տիպի այն վեպերով, որոնք ստեղծվում են Ֆրանսիայում Դոստոեւսկու ազդեցության ներքո` ոչ մի կերպ չես հանգստանա: Այժմ այնպիսի երկրներում, ինչպիսին է Ֆրանսիան, տեղ ունեն Դոստոեւսկու ուղով ընթացող նոր վեպի ստեղծման փորձերը: Ամենից առաջ դա Կամյուն է: Նրա «Ժանտախտ» վեպը, նրա փիլիսոփայական «Սիզիֆի առասպելը» էսսեն կառուցված են ուղղակի հիմնվելով Դոստոեւսկու վրա: Դոստոեւսկուց շատ բան կա նաեւ Սարտրի մեջ, թեեւ Կամյուն, իմ կարծիքով, ավելի խորն է: Այդպիսի ուղղակի կախվածություն Դոստոեւսկուց կա նաեւ Կաֆկայի մեջ: Թվում էր, թե Դոստոեւսկին ամենից շատ պիտի ազդեցություն ունենար Ռուսաստանի գրողների վրա: Ես կարող եմ նշել միայն Անդրեյ Բելիի «Պետերբուրգը»: Այդ ստեղծագործությունը 20-րդ դարի լավագույն վեպերից մեկն է, որում առկա է Դոստոեւսկու բազմաձայնությունը: Լեոնովի վաղ շրջանի ստեղծագործությունները` նույնպես Դոստոեւսկուց են, բայց դրանք այնքան էլ հետաքրքիր չեն: Բոլոր այդ գրողները, իհարկե, չեն հասել Դոստոեւսկու ուժին եւ խորությանը, բայց ներմուծել են իրենցը: Խոսել այն մասին, որ ամեն ինչ արդեն եզրափակված է ու չի կարելի հաղթահարել այն, ինչ արել է գրականության մեջ Դոստոեւսկին, պարզապես անհնար է: Ես ընդհանրապես համարում եմ, որ ցանկացած եզրափակումից, եթե դա նույնիսկ մեծ աշխատանքի եզրափակում է, միշտ ինչ-որ մեռելահոտ է փչում: Եվ այդ իմաստով ոչ մի եզրափակման մասին խոսք անգամ չի կարող լինել: Դոստոեւսկուն հաղթահարել կարելի է, բայց անհնար է նրան փոխարինել:

– Իսկ Դոստոեւսկու մասին ո՞ր գիրքն եք դուք լավագույնը համարում:

– Այն հեղինակների գրքերը, որոնց ես վերը թվարկեցի` բոլորն էլ լավն են, եւ ամեն մեկը յուրովի: Եվ առանձնացնել լավագույն գիրքը դժվար է, պարզապես անհնար է:

– Ո՞ր սխալներն են գրողի ստեղծագործության հետազոտման մոտեցման մեջ ամենից հաճախ պատահում:

– Ընդհանրապես սխալներ չեն լինում: Սխալներ լինում են միայն դպրոցականների շրջանում, դրանք ուղղում են եւ կարմիր մատիտով շեշտում: Ես դեմ եմ այն բանին, երբ ասում են, որ գիտնականը սխալ գործեց: Ի՞նչ սխալ: Դա ճիշտ խոսք չէ, եւ գիտնականին իջեցնում է աշակերտի մակարդակի: Չէ՞ որ մեզանում սխալներ գտնում են նաեւ Դոստոեւսկու եւ Տոլստոյի մեջ: Դրանք սխալներ չեն: Կան դրույթներ, որոնք մեզ պատկերանում են առավել կարեւոր եւ նվազ կարեւոր, որոնց մենք համաձայն ենք կամ համաձայն չենք: Բայց այն, ինչին մենք համաձայն չենք, բնավ չի նշանակում, թե դա սխալ է: Ես այդ հարցին նույնպես բազմաձայնորեն եմ մոտենում: Այն, ինչ ես ճիշտ չեմ համարում` ավելի շուտ թերություն է: Դա Դոստոեւսկու նեղացումն է: Ոմանք նրան մեկնաբանում են այն հերոսների գաղափարների, հայացքների տեսանկյունից, ինչպես Ռասկոլնիկովն է կամ Իվան Կարամազովը: Մյուսները փորձում են ամենը միաձուլել այնպիսի կերպարներում, ինչպիսիք Սոնյան կամ հայր Զոսիման են: Դա ճիշտ չէ: Դոստոեւսկուն հարկ է ըմբռնել իր ողջ հակասական միասնության մեջ:

– Դոստոեւսկու ստեղծագործության ո՞ր հանգամանքները դեռեւս շոշափված չեն:

– Ամենից առաջ՝ կենսագրությունը: Ամեն դեպքում մենք Դոստոեւսկու կենսագրությունը դեռեւս չունենք: Դեռեւս նույնիսկ չի ուրվագծված կենսագրական մեթոդը` ինչպես գրել կենսագրությունը եւ ինչ ներառել դրա մեջ: Մեզանում կենսագրությունը` կյանքի եւ ստեղծագործության ինչ-որ շիլափլավ է: Դոստոեւսկին ստեղծագործության մեջ, ինչպես եւ ամեն մի գրող, ուրիշ մարդ է, իսկ կյանքում` այլ: Եվ ինչպես են այդ երկու մարդիկ (ստեղծագործողն ու կյանքի մարդը) միավորվում, մեզ համար դեռեւս պարզ չէ: Սակայն զատել նրանց ինչ-որ կերպ պետք է, այլապես ուր ասես կարելի է հասնել: Չէ՞ որ, ահա, Ռասկոլնիկովը գործեց պառավի սպանությունը` կնշանակի հեղինակն էլ, դե թեկուզ երեւակայության մեջ, գործել է այն: Տխմարություն է ստացվում: Գուցե Դոստոեւսկին եւ իրեն մարդասպան է երեւակայել, այլապես նա վեպ չէր գրի, բայց չէ՞ որ դա իրական արարք չէ, որի համար նա իրավաբանական եւ բարոյական պատասխանատվություն չի կրում: Արվեստագետը կարող է իրեն երեւակայել ուզածդ ոճիր, մեղք գործելիս, եւ նա որպես պրոֆեսիոնալ՝ պարտավոր է դա անել, եթե կամենում է լիովին ընդգրկել կյանքը, իր բոլոր պահերով: Բայց չէ՞ որ դա չի կարելի համարել, դե թեկուզ թույլ ձեւով, այդ արարքը գործելն իրական կյանքում: Էթիկական եւ գեղարվեստական պատասխանատվությունը` տարբեր բաներ են, դրանք չի կարելի շփոթել: Ինձ թվում է, որ Բուրսովն իր աշխատության մեջ միշտ չէ, որ այստեղ հստակ սահմանագիծ է դնում, թեպետ դա ամենեւին չի նսեմացնում նրա հրաշալի գիրքը: Գիրքն, անշուշտ, շատ արժեքավոր է, մեծ հետաքրքրությամբ է ընթերցվում, բացի դրանից, ունի նաեւ պրոպագանդիստական նշանակություն: Կյանքն ու ստեղծագործությունը միավորվում են այն բանով, ինչը մենք կոչում ենք մարդկային անհատի խորություն: Յուրաքանչյուր մարդ միասնական է, թեեւ ամենայն ինչ չի կարող իր մեջ պարփակել: Ստեղծագործության մեջ այդ մարդը, եթե կուզեք, քայքայում է իր միասնությունը, նա կարողանում է փոխակերպվել այլ մարդկանց: Բաժանել եւ խառնել կյանքն ու ստեղծագործությունը չի կարելի, բայց անհրաժեշտ է դրանք տարբերակել, դրանց միջեւ սահման դնել:

– Ինչպիսի՞ հատկություններ պիտի ունենա Դոստոեւսկու կյանքի եւ ստեղծագործության հետազոտողը:

– Ամենից առաջ, այդ մարդը պետք է դավանաբան չլինի: Դավանաբանը, որ բնագավառում էլ որ լինի, կրոնական, քաղաքական կամ այլ, նա մշտապես Դոստոեւսկուն իր ձեւով կմեկնաբանի, նրան կգնահատի իր դավանանքի ոգով: Ինչպես հայտնի է, մենք այժմ պայքարում ենք դոգմատիզմի դեմ: Եվ, իհարկե, այդպիսի ադոգմատիզմը միանգամայն անհրաժեշտ է Դոստոեւսկու խորունկ ըմբռնման եւ հետազոտման համար: Ոչ մի կերպ չի կարելի Դոստոեւսկուն դարձնել մոդայիկ, հետաքրքիր՝ բառիս առավել տափակ, գռեհիկ իմաստով: Դա նաեւ հաճախ խանգարում է: Ես համարում եմ, որ Դոստոեւսկու այնպիսի լուրջ հետազոտող, ինչպիսին է հանգուցյալ Լ. Շեստովը, հենց ուզում էր նրան ինչ-որ մոդայիկ փիլիսոփա դարձնել, ինչպիսին Դոստոեւսկին երբեք չէր եղել: Դա հակասում է լրջությանը: Էժանագին հետաքրքրության եւ սրության այդ կարգի ձգտումը հատկություն է, որ խանգարում է Դոստոեւսկու ուսումնասիրմանը:

– Դուք Դոստոեւսկուն փիլիսոփա համարո՞ւմ եք:

– Ես Դոստոեւսկուն համարում եմ մեծագույն մտածողներից մեկը: Բայց ես խստորեն տարբերակում եմ փիլիսոփային եւ մտածողին: Փիլիսոփան` դա գիտնական է, դա մասնագիտություն է, եւ փիլիսոփայությունը խիստ գիտություն է: Այդ իմաստով Դոստոեւսկին փիլիսոփա չէր եւ նույնիսկ այդպիսի փիլիսոփայությանը կասկածամտորեն եւ ժխտողաբար էր վերաբերվում:

– Դուք ինչպե՞ս եք համարում, մեզ մոտ՝ Արեւմուտքում, արդյո՞ք աճում է հետաքրքրությունը Դոստոեւսկու ստեղծագործության հանդեպ:

– Մեզ մոտ, անշուշտ, կա հետաքրքրության աճ Դոստոեւսկու հանդեպ, ինչպես նաեւ՝ նրա ըմբռնման աճ: Նույնը նաեւ տեղ ունի եւ Ֆրանսիայում: Այնտեղ ահագին հետաքրքրություն կա Դոստոեւսկու հանդեպ: Միաժամանակ երկու հրատարակչություն ֆրանսերեն լույս են ընծայում Դոստոեւսկու մասին իմ գիրքը: Դոստոեւսկու ստեղծագործություններն այնտեղ շատ շուտ են սպառվում: Անգլիայում եւ Ամերիկայում, թեպետ, գուցե թե, ես սխալվում եմ, Դոստոեւսկու հանդեպ հետաքրքրությունը նվազում է: Գերմանիայում Դոստոեւսկու հանդեպ հետաքրքրությունը չի նվազում, գուցե, նույնիսկ աճում է: Հարկ է ասել, որ Դոստոեւսկու հետազոտման ոլորտում դեռեւս, ինչպես ինձ է թվում, չի եղել, թեեւ վերջին տարիներին Դոստոեւսկու մասին վիթխարի քանակությամբ աշխատություններ են լույս տեսել:

Ես համարում եմ, որ Դոստոեւսկու ապագան առջեւում է: Նա իսկապես դեռ չի մտել մարդկանց կյանք: Դեռեւս բոլորը փորձում են նրան խցկել մենախոսային վեպի շրջանակների մեջ, միասնական աշխարհայացք են փնտրում եւ այլն: Դոստոեւսկու ուժը դրանում չէ: Նա առաջինը հասկացավ նոր շրջանի մարդկանց, որ մի գլխի մեջ չի կարելի տեղավորել ճշմարտությունը, որ ճշմարտությունը դրսեւորվում է միայն չեզրափակվող երկխոսության մեջ, որ մարդն ու մարդկությունը ներքնապես անվերջանալի են:

– Արդյոք հարկ կա՞ Դոստոեւսկու ստեղծագործությունները փոխադրել բեմ կամ էկրան:

– Դա հարկ է անել պրոպագանդայի տեսանկյունից: Այդուհանդերձ, լայն զանգվածը նրան չի ճանաչում: Թող որ որեւէ ֆիլմ միայն սյուժետային լինի, բայց միեւնույն է, ինչ-որ մեկը Դոստոեւսկու վրա ուշադրություն կդարձնի, գուցե թե, ընթերցի նրան: Բայց Դոստոեւսկուն տեղ հասցնելը թատրոնում եւ կինոյում բացառապես դժվար է: Իսկ պոլիֆոնիան, որպես այդպիսին, ըստ էության, անհնար է հաղորդել: Այդ պատճառով բեմն ու էկրանը տալիս են միայն մի աշխարհ՝ եւ մի տեսանկյունից: Իսկ Դոստոեւսկին շատ աշխարհներ ունի եւ տարբեր տեսանկյուններով դիտված: Օրինակ, Ֆրանսիայում փորձում էին ստեղծել դրամաներ, որոնք սահմանափակված չէին լինի մեկ վայրով եւ մեկ ժամանակով, բայց ոչ թե հաջորդականության ճանապարհով, այլ՝ որպես տարբեր աշխարհների, տեսարանների համագոյակցություն: Դեռեւս այդպիսի ֆորմալ որոնումներից այն կողմ գործն առաջ չի գնացել: Այդ առումով Դոստոեւսկին ամենադժվարն է եւ համարյա անհաղորդելի է բեմից կամ էկրանից: Բայց ֆիլմեր եւ ներկայացումներ անելը նրա ստեղծագործություններով պետք է: Գուցե հազարից մեկը կկամենա նրան ընթերցել ֆիլմի կամ ներկայացման դիտումից հետո: Իսկ ընթերցելով այդ վեպը, նա կամենա կարդալ եւ նրա մյուս ստեղծագործությունները: Ես դա գնահատում եմ նեղ գործնականորեն` պետք է ինչ-որ մեկին արթնացնել, ստիպել, որ նա Դոստոեւսկուն ավելի ուշադիր նայի:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն, ինչ որ արված է ըստ Դոստոեւսկու բեմի կամ էկրանի վրա:

– Այն ամենում, ինչ ես նախկինում եմ տեսել, նույնպես բնորոշ է պոլիֆոնիկ կողմի բացակայությունը: Գեղարվեստական թատրոնում նույնիսկ Կաչալովը, «Կարամազով եղբայրների» ներկայացման մեջ, հասարակացրել եւ գռեհկացրել էր Իվանին: Հանրահայտ տեսարանը` սատանայի հետ զրույցը, հասարակության մեջ, ով Դոստոեւսկուն չգիտեր, ծիծաղ էր հարուցում: Այդ բեմադրությունը նույնպես բերվել էր մի հայտանիշի, մենախոսային ստեղծագործության: Ընդհանրապես դրաման, ավաղ, միշտ մենախոսայնացնում է: Բազմաձայնությունը, տարբեր ձայների համազորությունը թատրոնում երբեք չի ստացվում:

– Վերջերս Խորհրդային Միությունում լույս տեսավ «Ոճիր եւ պատիժը» Էռնեստ Նեիզվեստնու նկարազարդումներով: Ինչպե՞ս եք դուք գնահատում այդ նկարազարդումները:

– Էռնեստ Նեիզվեստնու նկարազարդումներն ինձ վրա վիթխարի ազդեցություն են գործել: Ես առաջին անգամ նկարազարդումներում զգացի ճշմարիտ Դոստոեւսկուն: Նրան հաջողվել է հաղորդել Դոստոեւսկու կերպարների ունիվերսալիզմը: Դրանք նկարազարդումներ չեն, դա գրողի ոգու էմանացիան է: Այնուհետեւ, Նեիզվեստնուն հաջողվել է հաղորդել ընդհանրապես մարդու անվերջությունն ու անեզրափակելիությունն ընդհանրապես, եւ մասնավորապես Դոստոեւսկու հերոսներինը: Նրան հաջողվել է հաղորդել Դոստոեւսկու յուրահատուկ հիերարխիան, երբ առանձին պահեր որոշիչ նշանակություն են ձեռք բերում: Այնինչ Դոստոեւսկուն նկարազարդում են այնպես, ասես դրանք դրամատիկ կամ կենցաղային տեսարաններ լինեն: Լավագույն նկարազարդումներում, որոնք ես գիտեմ, հաջողվել է ցուցադրել միայն Դոստոեւսկու Պետերբուրգը: Դա դեռ հասանելի է այն գեղարվեստական մեթոդներին, որոնցով աշխատում են ձեւավորողները: Իսկ Էռնեստ Նեիզվեստնու նկարազարդումներում ես առաջին անգամ տեսա ունիվերսալ մարդուն: Դրանք հետաքրքիր են նաեւ զուտ գեղարվեստական տեսակետից: Դրանք բնավ էլ նկարազարդումներ չեն։ Դա Դոստոեւսկու աշխարհի եւ կերպարների շարունակությունն է այլ ոլորտում, գրաֆիկայի ոլորտում:

Միխայիլ Բախտին «Ֆլոբերի մասին»

Բրեյգելի «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը» նկարը որպես աղբյուր Ֆլոբերի համար` խառնակազմ մարմին, սահմանների ջնջում, հավերժ նորոգվող նյութի գաղափարը: Նույնպիսի գրոտեսկային կերպարներ Ռուանի տաճարի վիտրաժներում` գազաններ, որս եւ սուրբ Հուլիանոսի արյունը, պարեր, արյուն, Հովհանի կտրած գլուխը («Հերովդիադան»), սակայն Ֆլոբերը չի վերարտադրել պարի գրոտեսկային գաղափարը (գլխով դեպ ներքեւ): Ինչպես նաեւ` տիկնիկային տոնավաճառային ներկայացումը:

Ֆլոբերի պատանության խոսքի չհրապարակված ոլորտները եւ դրանց ծնունդները («Gargon» եւ մյուսները), Ընտանեվարությունը նրա պատանեկան նամակներում, հատկապես նրան հղած Դե Պուատվենի նամակներում, եւ Ֆեյդոին հղած իր նամակներում:

Ռուանյան հիմարների տոնի վերջին արձագանքը պատրոն Ֆլոբերի տոնակատարությամբ, սուրբ Պոլիկարպոսը:

Ֆլոբերի պատմական տիպականությունը (համարյա հանճարեղության եւ տիպականության հազվագյուտ մեկտեղումը): Ֆլոբերի բացառիկ կարեւորությունը ռեալիզմի ճակատագրերի ըմբռնման համար, նրա փոխակերպություններն ու քայքայումները: Նույնպիսի նշանակությունը վեպի պատմության համար, «պրոզաիզմի» խնդրի համար: Միապլանայնության եւ հատկապես միատոնայնության հաջորդող, սակայն ոչ վերջնական հաղթանակը: Վիպա-պրոզաիկ կերպարների Երկմարմնայնության եւ երկտոնայնության վերջնական մարումը:

Երիտասարդ Սալոմեն, որ փոխարինում է ծերացող Հերովդիադային, նրա գլխիվայր խենթուխելառ պարը եւ Հովհանի կտրած գլուխը: Պտույտն իմաստի անիվով: Սրբության երեք տիպերը, պատրանքի երեք տիպերը: Ծնողների սպանությունը սուրբ Հուլիանոսում: Մոտիվի վաղնջականությունը` կենդանիների սպանությունը ինչպես նախասկզբնական մեղք (Քսենոֆոն եւ այլն): Հագցրու ինձ, կերակրիր ինձ, տաքացրու ինձ:

Կյանքը եւ կենաց պատկերը, տափակությունը եւ տափակության պատկերը (այն ամենի հավերժացումը, որ զուրկ է հավերժության ամենայն ներքին իրավունքներից): Ինչը հավելում է պատկեր կյանքին (ինչը որ իր ներսից իրենում չկա): Իրերի պատկերները Ֆլոբերի ու պառնասցիների մոտ (մասնավորապես, կենդանիների պատկերները` դա պառնասցիների գրականության մի ողջ էջն է): Ներկայի առանձնահատկությունը, իմ ժամանակի, իմ դարաշրջանի, իմ այժմեականության, իմ տարածության: Ինչը ներմուծվում է այստեղ՝ անցյալ փոխադրելով: Այն դառնում է յուրահատուկ սիրո օբյեկտ: Ընդհանրապես անցյալը եւ իմ անցյալը: Հիշվող կյանքի խնդիրը Ֆլոբերից մինչեւ Պրուստ: Կենդանու պատկերը, նրա կյանքի առանձնահատկության մեջ ներթափանցելու ձգտումը: Կենդանու հուշարձան ստեղծելը: Կենդանիների աստվածացման յուրահատուկ վերածնունդը: Որսն ու կենդանիների բզկտումը Հուլիանոսի մոտ: Սակայն կազմավորված աշխարհայացքը, մտքերի տրորված արահետները հեռացնում են այդ խնդրի խորունկ եւ էական դրվածքից: Որսալ կյանքի ամենատարրական տեսանկյունը, նրա առաջնաֆենոմենը: Խղճահարության խնդիրը (Հայր-վիրաբույժը, որ լալիս է տառապող շան տեսքից): Չի կարողանում տանել վիրահատությունը: Խղճահարության հինավուրց խնդիրը (մասնավորապես, առ կենդանիները) եւ դրա խորությունը: Շոպենհաուերը: Կարեւոր է խղճահարությունն առ կենաց կենսաբանական մինիմումը: Մարդկությունը լկտիացել է, բացարձակապես դադարել է ամաչել սպանդից, կորցրել է հնամենի ամոթը կենդանիների սպանդի եւ արյան հանդեպ: Այն պարզապես թաքցրել են ու չեն տեսնում: Ֆլոբերի ընկերը նույն շրջանում գրում է «Մումուն» (խլությունն ու շունը, զուգահեռ «Պարզ սրտին» եւ «Հուլիանոսին»): Ամենայն սարսափելին կյանքում թաքցված է, մահվան աչքերին (եւ հետեւաբար` կյանքի) չեն նայում, իրենց պարուրել են հանգստացնող ընտել ճշմարտություններով, կյանքի իրադարձությունը ծավալվում է ամենահանգիստ ներքին տարածության վրա, նրա սահմանների, իրական եւ իմաստային սկիզբ ու վերջից մաքսիմալ հեռավորության վրա: Բուրժուա-քաղքենիական լավատեսության յուրահատկությունը (ոչ թե ավելի լավի, այլ բարեկեցության լավատեսությունը): Ոչ թե աշխարհի (եւ աշխարհակարգի), այլ սեփական տնային կենցաղի ամրապնդության պատրանքը: Ուր են կորել տիեզերական ահն ու տիեզերական հիշողությունը: Կենցաղային անվտանգության եւ կայունության կատեգորիան: Կյանքի համար անուղղակի պայքարի ձեւերը (խտացված փողի մեջ) առանց մահվան հետ հանդիպման, պայքար, որը վարվում է հարմարավետ ու անվտանգ բանկերում, բորսաներում, գրասենյակներում: Խղճահարության հինավուրց խնդիրը, դա ամենապսակազերծված, հոգեբանացված, տնայնացված կատեգորիան է: Խղճահարության հակադրությունը սիրուն՝ Կարամազով): Դրա բացարձակ անպահանջկոտությունը (այդ պատճառով տեղ չկա նաեւ պատրանքների եւ հիասթափությունների համար): Եգիպտոսն իր աստված-կենդանիներով, գազանի կերպարով որպես մշակույթի կենտրոնական կերպարներից մեկը: Որն է արաբ պարուհու հրապուրանքը: Կատվային ցեղի տարրերը եգիպտական գազանի կերպարում: Կատվի կերպարները Բոդլերի ստեղծագործություններում (հսկայամարմին կանանց, չքավորների, լեշի, այլանդակ Պոռնիկի կերպարները հենց նրա գործերում, Ֆլոբերը Պոռնիկների մասին): Գազանի կերպարը` Ֆլոբերի գեղարվեստական աշխարհի չգիտակցված կենտրոնն է: Գրողը միայն այն ժամանակ է մեծ, երբ կարողանում է ազատվել իր ժամանակի փոքրիկ հեռանկարներից, կարողանում է ծառերի ետեւում տեսնել անտառը, վաղեմի եւ պատահական արահետների սարդոստայնի ետեւում կարողանում է շոշափել ինչ-որ մեծ, պատմության սահմանից անդին գնացող համաշխարհային եւ մարդկային կյանքի մայրուղին, առ համաշխարհային կյանքի հիմնական ուղեգծերը: Ֆլոբերը համարյա թե դա արել է, այդ պատճառով նա համարյա հանճարեղ է:

Շարունակելի…