Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հարցազրույցի ժամանակ իր հերթական սկանդալային արարքով ցնցել է հանրությանը` լրագրողին անվանելով մանկապիղծ: Սարկոզին զայրացել է, երբ քննադատաբար տրամադրված լրագրողը նրան հարցրել է կոռուպցիոն գործարքներին մասնակցելու մասին: Ըստ միջազգային մամուլի` իրականում Սարկոզին ցանկացել է ասել, որ սուզանավերի վաճառքի դիմաց Պակիստանից կաշառք վերցնելուն իր մասնակցությունը մատնանշելը նույնքան անհեթեթ է, որքան լրագրողին առանց պատճառ մանկապիղծ անվանելը: «Աշխարհը գժվել է: Չէ՞ որ ձեզանից ոչ ոք իրականում չի կասկածում, թե ես կարող էի գնալ եւ կազմակերպել միջնորդադրամների վճարում կամ Պակիստանի համար սուզանավերի դիմաց կաշառք ստանալ: Սա անհավանական է»,- Սարկոզիի խոսքերը բառացի մեջբերել է «Reuters» գործակալությունը: Եվ, որպեսզի ավելի վառ արտահայտի իր միտքը, Ֆրանսիայի նախագահը շրջվել է դեպի լրագրողներից մեկը եւ ասել. «Օրինակ՝ Դուք: Ես Ձեր դեմ որեւէ բան չունեմ, բայց Դուք կարծես պեդոֆիլ եք… Ո՞վ է ինձ ասել: Դա իմ անձնական համոզմունքն է: Դուք կարո՞ղ եք արդարանալ»: Լքելով սենյակը` Ֆրանսիայի նախագահը բացականչել է. «Ցտեսություն, իմ պեդոֆիլ ընկերներ»: