Հանրաքվեի շուրջպարը սկսված է

21/10/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեն պետք է վերածել շուրջպարի տոնակատարության, շատերը կռահեցին, որ ճիշտ պահին «այո» քարոզչությանը կմիանա նաեւ շուրջպարի պատվավոր կազմակերպիչ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Այդպես էլ եղավ:

Երեկ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն ընդլայնված նիստի էր հրավիրել Հայաստանում գրանցված բոլոր հայրենակցական միություններին՝ հանրաքվեի «այո»-ն ապահովելու համար համատեղ «գործուն» հայտարարություն ընդունելու եւ «գործուն» աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Հայրենակցական միությունների ղեկավարների ելույթներում շռայլորեն մեջբերվեցին Հովհաննես Թումանյանի, Արիստոտելի, Դոստոեւսկու, Կարնեգիի եւ ապարանցիների թեւավոր խոսքերը: Իսկ «Վասպուրականի նոր սերունդ» հայրենակցական միության նախագահ Մարինե Ֆահրադյանը, որը պնդում էր, թե պետք է պահպանել մեր ազգայինը, հայտարարեց, թե եվրոպական երկրների սահմանադրությունը, որ հաճախ ներկայացվում է ամենաժողովրդավարականն, ու կոչ է արվում հետեւել նրանց օրինակին, ոչ ավել, ոչ պակաս գրել է մեր հայրենակից Մխիթար Գոշը:

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի ելույթն ավելի շատ ուղղված էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «ոչ» ասողներին: Նա դժգոհեց՝ ասելով. «Ինձ համար մեծ ցավ է, երբ մամուլում ընթերցում եմ մեր քաղաքական, այն էլ` շատ ճանաչված գործչի (խոսքը Վազգեն Մանուկյանի մասին է, թերեւս: – Լ.Ս.) արտահայտությունը, որ եթե հանրաքվեն չկայանա, դա կթուլացնի իշխանություններին: Դա սկզբունք է, որից մենք արդեն վաղո՞ւց պետք է հրաժարված լինեինք: Այսինքն՝ որքան վատ, այնքան լավ: Բայց ո՞ւմ համար լավ՝ անհասկանալի է: Միգուցե՝ շատ-շատերի, որոնք անձնական դրդումներով են ղեկավարվում իրենց քաղաքական գործունեությունն իրականացնելիս: Կարծում եմ, արդեն ժամանակն է մեր հասարակության այս զարգացման փուլում հրաժարվել նման հոգեբանությունից, թե որքան վատ, որքան պղտոր ջուր, այնքան լավ»: Իսկ հետո գլխավոր դատախազն անդրադարձավ ամբողջ ընդդիմությանը. «Հայտարարվում է, որ շատ լավ փաստաթուղթ է ձեւավորված, բայց, ժողովուրդ, քանի որ դա մենք չենք անում, մենք չենք իշխանության, ուրեմն կոչ ենք անում չընդունել կամ չգնալ հանրաքվեի,- ասաց նա՝ շարունակելով,- դարձյալ անհասկանալի է: Իսկ ե՞րբ պետք է դա անենք, հարգելի պարոնայք: Ե՞րբ եք գալու իշխանության, որ դո՛ւք իրականացնեք այդ բարեփոխումները. նոյեմբերի՞ն, դեկտեմբերի՞ն, երկո՞ւ տարի հետո, 30 տարի հետո՞, ե՞րբ…»: Աղվան Հովսեփյան իրավաբանի համոզմամբ, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն ակնհայտ է, որովհետեւ, ըստ նրա, գործող սահմանադրությունն արդեն իսկ սպառել է իրեն՝ կատարելով իր պատմական դերն ու նշանակությունը: Իսկ ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը գտնում է, որ հնարավոր չէ ունենալ կատարյալ սահմանադրություն, եւ միշտ էլ կարելի է հայտարարել, թե հնարավոր է ավելի լավ նախագիծ ունենալ: Բայց, ըստ նրա, սահմանադրությունը մեր իրականության արտացոլումն է, եւ ավելիին մեր այսօրվա հասարակությունը պատրաստ չէ. «Իհարկե, կարելի էր շատ լավը գրել: Կարելի էր չտանջվել, Վենետիկից Վենետիկ չթռնել… Ուղղակի որեւէ աշակերտի կխնդրեինք, ինտերնետից կքաշեր ցանկացած երկրի եվրոպական սահմանադրությունը, անունները կփոխեինք, կարտագրեինք եւ կներկայացնեինք մեր ժողովրդին: Բայց արդյոք պատրա՞ստ է երկիրը, ժողովուրդը, տնտեսությունը նման սահմանադրություն ընդունելուն: Կարծում եմ՝ ոչ: Սահմանադրությունն այսօրվա իրականության արտացոլումն է: Պետք է այնքան անկախություն լինի դատաիրավական համակարգում, որքան կարող ենք այսօր մարսել»: «Ազգային Միաբանության» նախկին անդամ, դարձյալ ապարանցի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն իր ելույթը սկսեց՝ հայտարարելով, թե ինքը եղել է եւ կլինի ընդդիմադիր այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում կա կլանային համակարգ, աղքատություն, կոռուպցիա, արտագաղթ, սխալ կադրային քաղաքականություն եւ ընտրությունների կեղծում: Սակայն ավելի ընդդիմադիր երեւալու համար նա չի պատրաստվում մերժել ակնհայտ իրողությունները: Օրինակ, ի տարբերություն մյուս ընդդիմադիրների, նա չի կարող չհայտարարել, որ Դիլիջանի թունելը, Սելիմի լեռնանցքը, Դավթաշենի կամուրջը, Աշտարակի զույգ կամուրջները, Երեւանի կենտրոնի բարեկարգումը դարի կառույցները չեն, որովհետեւ կառուցել է Ռոբերտ Քոչարյանը: «Դե, եկեք ավելի ընդդիմադիր երեւալու համար Դիլիջան գնալուց չօգտվենք թունելից, Ապարան գնալուց՝ չօգտվենք Աշտարակի կամուրջներից, չայցելենք մշակույթի օջախներ, չքայլենք Երեւանի բարեկարգ փողոցներով, քանի որ բոլորը կառուցվել է Ռ. Քոչարյանի կողմից: Ես նման ընդդիմությանն ամենեւին համաձայն չեմ: Նույնն ուզում եմ ասել սահմանադրական բարեփոխումների մասին: Այն ավելի է մոտեցված ժողովրդավարության նորմերին»,- հայտարարեց պատգամավորը՝ կոչ անելով հանրաքվեի «այո»-ին գործուն աջակցություն ցուցաբերելուց ու հաղթանակն ապահովելուց հետո կազմակերպել համազգային մեծ տոնախմբություն:

Նիստին ներկա էր նաեւ Սյունիքի մարզպետ, «Սյունիք» հայրենակցական միության նախագահ Սուրիկ Խաչատրյանը: Մեր հարցին, թե ինչո՞ւ է իր ղեկավարած միությունը կողմ «այո»-ին, նա պատասխանեց. «Սյունիքը ո՞նց կարող է «չէ» ասել: Սյունեցիներն առաջնահերթ ուզում են նաեւ ազգային ավանդույթները պահպանել, բայց էսօր չենք կարող մտածել, որ մենակ ազգային ավանդույթներ պահելով կարող ենք շատ երկար գնալ: Ամեն դեպքում պետք է եվրոպական ընտանիքին անդամակցենք»: Իսկ հետո նկատեց, թե «Շատ անհասկանալի երկիր ենք. 2003թ. հանրաքվեի դրած տարբերակին ովքեր դեմ էին՝ հիմա կողմ են, իսկ նրանք, ովքեր դեմ էին, հիմա կողմ են»: Փաստորեն, 2003-ին հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագծին, որը տապալվեց, իշխանությունները դեմ էին՝ հայտարարելով, թե կողմ են:

Ի դեպ, «Նիգ-Ապարանի» «այո» հայտարարության տեքստը շատ գեղարվեստական էր. «Մասնակցելու ենք եւ ասելու ենք՝ «այո», /քանզի «այո»-ն առավոտն է հայրենիքի/, «այո»-ն մեր հույսերն են վերանձնական/, «այո»-ն միավորող ուժն է ամենքիս/, «այո»-ն մեր հոգին է հավաքական»: Լ. Խաչատրյանը վստահեցնում էր, որ, ինչպես շուրջպարը, այնպես էլ հանրաքվեն իր հիմնն է ունենալու, որի առաջին քառատողը լինելու է հենց սա:

Հ.Գ. Հայրենակցական միությունները վերջում որոշեցին ստեղծել միասնական շտաբ, որը կհամակարգի այդ աշխատանքները: