Երեկ միջազգային մի շարք շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ Երեւանում մեկնարկեց ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծին նվիրված քննարկում: Համաժողովին ներկա էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԵԱՀԿ, Եվրախորհրդի, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության եւ հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների, նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացուցիչները:
Մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավորներ «Հանրապետական», «Դաշնակցություն» եւ «Ժառանգություն» խմբակցություններից: Կոալիցիոն մյուս երկու` «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից մասնակիցներ չկային:
Հիշեցնենք, որ Ընտրական նոր օրենսգրքի, ավելի շուտ ընտրական բարեփոխումների պահանջ մեր երկրին ներկայացրել է ԵԽ ԽՎ-ն 2008թ. նախագահական ընտրություններից եւ մարտի 1-2-ի իրադարձություններից հետո Հայաստանին վերաբերող վերջին բանաձեւերում: Խորհրդարանում Ընտրական նոր օրենսգրքի մշակման համար ստեղծվեց աշխատանքային խումբ, որի ղեկավարն էր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ նախագիծը գրել է Դ.Հարությունյանը` սահմանադրագետ Հրայր Թովմասյանի հետ միասին: Վերջինս նույնպես երեկ ներկա էր քննարկմանը: Եվ քանի որ ընտրական բարեփոխումները եվրոպական կառույցների պահանջն է, պարզ է, որ այն պետք է ներկայացվեր նաեւ Վենետիկի հանձնաժողովի դատին: Դեռեւս սեպտեմբերին Դ.Հարությունյանը ձեռքի տակ ուներ օրենսգրքի երկու տարբերակ, որոնք էլ ներկայացրել էր այդ հանձնաժողովին: Բացի այդ, հայտարարել էր, թե բոլոր շահագրգիռ անձինք ու կազմակերպությունները կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները: Այս մեկուկես ամսվա ընթացքում մոտ երկու տասնյակ կազմակերպությունների եւ անհատների կողմից առաջարկություններ էին ստացվել: Եվ երեկվա քննարկումը Դ.Հարությունյանի նախագծի հետ միասին նաեւ այդ առաջարկություններին էր վերաբերում: Քննարկման ժամանակ թե տեղական, եւ թե միջազգային կազմակերպությունների կողմից առաջ քաշվեցին մի քանի հիմնական հարցեր: Օրինակ, Տեղամասային ընտրական հանձնաժողովի (ՏԸՀ) նախագահի հետ կանչման մեխանիզմի ներդրումը: Հատկապես խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է Ընտրական նոր օրենսգրքում ներառել այս դրույթը: «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հիշեցրեց 2009թ. Երեւանի ավագանու ընտրությունները, երբ Մալաթիա-Սեբաստիա Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում (ԸԸՀ) իրենց անդամ Սերյոժա Աբրահամյանը համագործակցեց իշխանությունների հետ եւ այդ համայնքի ավելի քան 40 տեղամասերում «Ժառանգության» անդամների փոխարեն մեծամասամբ նշանակեց իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչներին: Այդպիսով կուսակցությունն այդ համայնքի բոլոր տեղամասային հանձնաժողովներում չկարողացավ որեւէ վերահսկողություն իրականացնել: «Դա ճի՞շտ մեխանիզմ է, երբ իշխանությունը կարողանում է ընդդիմությանը հատկացված քվոտաներով նշանակել հանձնաժողովի անդամներ` զրկելով տվյալ հանձնաժողովին որեւէ ընդդիմադիր անդամից»,- հարցնում է Հ.Խուրշուդյանը:
Կուսակցության մեկ այլ անդամ` պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ ավելացրեց, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովում իրենց ներկայացուցչին էլ «տարավ» ընդդիմադիր մեկ այլ ուԺ: Խոսքը Զոյա Թադեւոսյանի մասին է, ով հիմա Հայ Ազգային կոնգրեսի համակիրն է: Եվ այժմ «Ժառանգության» անդամները հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ իրենք չեն կարող ունենալ օրինական լիազորություններ` իրենց իսկ այս անդամներին հանձնաժողովներից ետ կանչելու համար, այն դեպքում, երբ իշխանությունները հանձնաժողովներում ընդդիմության անդամներին ահաբեկում կամ կաշառում են առանց պատասխանատվության ենթարկվելու: Դ.Հարությունյանը չընդունեց ետկանչի մասին առաջարկը: «Այսինքն` եթե դու մեր շահը լավ չպաշտպանես, ապա մենք էլ քեզ ետ կկանչենք եւ կուղարկենք մեկին, ով ավելի ագրեսիվ կպաշտպանի մեզ»,- այսպես է մեկնաբանում Դ.Հարությունյանը:
Հետկանչի մեխանիզմը միանշանակ չընդունեցին նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, նրանց կարծիքով՝ դա կվտանգի հանձնաժողովի անդամների անկախությունը: «Եթե դուք գտնում եք, թե ձեր կողմից նշանակված անձինք պետք է պաշտպանեն ձեր կուսակցության շահերը, ապա դուք սխալվում եք, այդ պատճառով էլ դուք այս երկրում չեք կարողանում այսքան տարի համաձայնության գալ: Դուք պետք է գտնեք մարդիկ, ովքեր ընտրական օրենսդրությունը, քաղաքացիներին կպաշտպանեն: Հանձնաժողովի անդամների անկախությունը կարեւոր պայմաններից մեկն է: Եթե պետք է ետ կանչման մեխանիզմ սահմանվի, ապա այն պետք է հստակ շարադրվի եւ շատ բացառիկ դեպքերում կիրառվի, հակառակ դեպքում հնարավոր է, որ այդ մեխանիզմը չարաշահվի»,- հայտարարեց Վենետիկի հանձնաժողովի ընտրական ծրագրերի ղեկավար Գաել Մարտին-Միկալեֆը:
Եվ ընդհանրապես ոչ միայն հանձնաժողովների անդամների ետկանչի, այլ նաեւ հանձնաժողովների կազմման ու ընտրություններին վերաբերող ցանկացած հարցի հետ կապված թե Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչը, թե միջազգային այլ փորձագետներ շեշտում էին, որ պետք է ընտրել այնպիսի տարբերակ, որն ընդունելի կլինի մեր երկրի ընդդիմության եւ իշխանության կողմից: Նրանք օրինակներ էին բերում տարբեր երկրների փորձից, որտեղ հանձնաժողովներն ունեն տարբեր քանակի անդամներ կամ կազմավորվում են տարբեր մեխանիզմներով: Միջազգային փորձագետների կարծիքով՝ ընտրական մեխանիզմների կատարյալ տարբերակներ չկան, յուրաքանչյուր երկիր պետք է իր ընտրական մեխանիզմները համապատասխանեցնի իր ներքին իրավիճակին: Իսկ հայաստանյան ներկայացուցիչները հավելում էին, որ արդար ընտրությունների համար ընդամենը քաղաքական կամք է պետք: Հիշեցնենք, որ քննարկվող այս օրինագծով ԿՀԸ անդամներին պետք է նշանակի ՀՀ նախագահը` Մարդու իրավունքների պաշտպանի, Փաստաբանների պալատի նախագահի եւ Վճռաբեկ դատարանի նախագահի առաջադրած թեկնածուներից: ԿԸՀ նախագահին անձամբ նշանակելու է նախագահը: Գործող օրենսդրությամբ ԿԸՀ անդամներին առաջադրում են ԱԺ-ում ներկայացված կուսակցությունները: ԸԸՀ-ներն էլ կազմավորվում են ԿԸՀ-ի կողմից` քաղաքացիների դիմումների համաձայն: Եվ միայն Տեղամասային ընտրական հանձնաժողովներում է մասամբ պահպանվելու գործող տարբերակը` դրանք կազմավորվելու են ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների կողմից: Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում էր, որ բոլոր հանձնաժողովները կազմվեն խորհրդարանական կուսակցությունների կողմից 50/50 համամասնությամբ:
Ընդդիմության համար վիճելի հարցերից էր նաեւ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը: Նրանք կարծում են, որ այդ դեպքում ընտրակեղծիքների 50 տոկոսը, լցոնումները տեղի չեն ունենա: Օրինագծում նման դրույթ չկա, փոխարենը կա ընտրողի անձնագրում 24 ժամվա ընթացքում անհետացող կնիք դնելու դրույթը: Դ.Հարությունյանը պատճառաբանում է, որ Վենետիկի հանձնաժողովը դա մերժել է` որպես պատճառ նշելով ընտրության գաղտնիության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: «Վենետիկի հանձնաժողովը դեմ չի, հորդորում է: Բայց եթե գաղտնի է բոլորի համար, այդ դեպքում ընտրությանը իմ գնալու մասին պետք է տեղյակ լինի միայն ՏԸՀ անդամը: Բա վստահված անձի՞նք, դիտորդնե՞րը, այդ պահին ներկա նույն ընտրողնե՞րը, բա այդ միկրոավտոբուսներով որ տանում-բերում են: Երբ հեռուստատեսության բոլոր կանալները առավոտից երեկո ուղիղ եթեր են տալիս ՀՀ բոլոր ղեկավարների, պատգամավորների, կուսակցական լիդերների քվեարկությունները, ինչ է, սա գաղտնիք չէ: Վենետիկի հանձնաժողովը միայն հորդորում է: Շատ լավ, Վենետիկի հանձնաժողովն արդեն 20 տարի հորդորում է, թե՝ արեք թափանցիկ ընտրություն, բա խի՞ չեք անում»,- հարցնում է ԿԸՀ-ում ՀՅԴ անդամ Համլետ Աբրահամյանը:
Ցուցակների հրապարակման խնդիրը այլ հարցերի հետ միասին համաժողովը կքննարկի այսօր: Երեկ քննարկվեց նաեւ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների կամ թեկնածուների ֆինանսական հնարավորությունների, նախընտրական հիմնադրամների, ընտրական գրավների հարցը: Խոսվեց նաեւ թեկնածուների կամ կուսակցությունների բարեգործությունների մասին, որոնք լինում են ոչ միայն նախընտրական շրջանում, այլ որոշ դեպքերում` ընտրություններից մինչեւ հաջորդ ընտրություն ընկած ողջ հատվածում: Ամեն դեպքում սպասվում է, որ համաժողովին հնչած առաջարկությունները պետք է ներառվեն Ընտրական օրենսգրքի այս նախագծում: Տարեսկզբին արդեն նաեւ առաջարկություններով համալրված նախագիծը խորհրդարանը պետք է նորից ներկայացնի Վենետիկի հանձնաժողովի դատին: Միջազգային կառույցների պահանջով Ընտրական նոր օրենսգիրքը պետք է ընդունված լինի հերթական ընտրություններից առնվազն 1 տարի առաջ, այսինքն՝ 2011թ. գարնանը: ՀԱԿ-ը չէր ընդունել համաժողովին մասնակցելու հրավերը: Փոխարենը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նամակ էր հղել Ընտրական համակարգերի միջազգային հաստատության Ծրագրի տնօրեն Մայքլ Գետոյին: «Որեւէ հարցի, այդ թվում նաեւ ԸՕ հետ կապված որեւէ քննարկում, երկխոսություն կամ համագործակցություն իշխանությունների հետ կարող է լինել միայն այն բանից հետո, երբ ազատ արձակված կլինեն բոլոր քաղբանտարկյալները, եւ իրական առաջընթաց կգրանցվի Մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ: ԸՕ նման քննարկումներ նախաձեռնելով, իշխանությունը փորձում է պատրանք ստեղծել, թե, իբր, մինչ այս ընտրություններում կատարված համատարած կեղծիքների ու ապօրինությունների պատճառը օրենսդրության անկատարությունն է, որ խնդիրը հնարավոր է լուծել Ընտրական օրենսգրքի կատարելագործմամբ»,- նշված է նամակում: