Երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Կոտայքի մարզի բնակիչները` դեմ արտահայտվելով կառավարության այս տարվա փետրվարի 25-ին ընդունված որոշումներից մեկին, որով Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 100 բնակչի պատկանող հողերը համարվել են հանրային գերակա շահ: Այդ անձանց թվում է նաեւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, որի` 1,5 հեկտար հողատարածքը նույնպես հանրային գերակա շահ է ճանաչվել, այնինչ 2006-ի կառավարության որոշմամբ՝ այդ հողատարածքը հատկացվել էր Սասուն Միքայելյանին` փոքր հիդրոէլեկտրակայան կառուցելու նպատակով։ Վարչապետին ուղղված դիմում-բողոքով գյուղացիները պահանջում են չեղյալ համարել կառավարության այս տարվա փետրվարի 25-ի որոշումը եւ գյուղացիներին վերադարձնել իրենց հողերը: Ըստ գյուղացիներին հասած տեղեկությունների, այդ հողատարածքներում Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը` ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Աբրահամյանը, արաբ շեյխերից մեկի հետ համատեղ օգնությամբ մտադիր է ջրերի գործարան կառուցել: ՀՀ կառավարության որոշումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ բնակիչների հայցադիմումը եւ՛ վարչական, եւ՛ վճռաբեկ դատարանները մերժել են: Առաջիկայում նրանք պատրաստվում են դիմել Եվրադատարան, եթե, իհարկե, կառավարությունը չվերանայի իր այդ որոշումը: Ակցիայի կազմակերպիչներն իրենց հետ երեկ բերել էին «Արա Աբրահամյանի եւ նրա եղբայրների հարուստ թաթիկները հասել են քաղբանտարկյալների եւ գյուղացիների ունեցվածքին», «Ո՞ւմ շահն է գերակա` շեյխի՞, թե՞ ժողովրդի», «Սասուն Միքայելյանը մեր երկրի հողերն է ազատագրել, իսկ դուք նրանից իր հողն եք խլում» բովանդակությամբ պաստառներ: Սասուն Միքայելյանի լիազոր-ներկայացուցիչ Հակոբ Ավագումյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կառավարության որոշման ընդունումից հետո գյուղացիների հաշվեհամարներին փոխանցվել է հողի դիմաց վճարվող գումարը` առանց հաշվի առնելու գյուղացիների կարծիքը` ցանկանո՞ւմ են արդյոք իրենց հողերը վաճառել, թե՞ ոչ: Ավելին, նա նշել է, որ հողերը շուկայականից ավելի ցածր գներով են գնել, օրինակ, Սասուն Միքայելյանի 1,5 հեկտար էներգետիկ նշանակության հողատարածքի դիմաց վճարվել է 3 մլն 200 հազար դրամ, ինչը շուրջ 10 անգամ ցածր է իրական շուկայական արժեքից: Ակցիայի մասնակիցները նշել են, որ եթե կառավարությունն այդ որոշումը չվերանայի, իրենք հաջորդ երկուշաբթի կրկին հանդես կգան բողոքի ակցիայով: