Երբ դարից երկար ձգվում է օրը

23/11/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Նոր բան ասել հնարավոր չէ. հասարակությունը հիվանդ է, եւ այդ հիվանդ հասարակությունից երիտասարդները գործուղվում են բանակ: Իսկ այնտեղից մահվան բոթը գալիս է տագնապեցնող պարբերականությամբ: Ազգային բանակում զոհվել է չորս զինվոր, եւ չորսը վիրավոր են: Դրանից երկու օր առաջ զոհվել էր եւս մեկ երիտասարդ: Դրանից մի քանի օր առաջ` եւս մեկը: Դրանից առաջ` վեցը եւ էլի մեկը… Բոլորին հաշվել արդեն հնարավոր չէ: Մահվան հաշվապահներ ՊՆ-ում կլինեն, ովքեր խնամքով, անուն առ անուն, գրառում են բանակում զոհված երիտասարդների անունները: Երկրի նախագահը Ազգային բանակում արտակարգ իրավիճակ հայտարարելու փոխարեն՝ վստահ է, որ լուրջ դիվանագիտություն է, անգամ հայրենասիրություն` չնկատել իրականությունը: Զոհվածների հարազատներին եւ հասարակությանը չի սփոփի ԶՈՒ գլխավոր հրամանատարի միտքը, թե մեր բանակն ի զորու է հակառակորդին տալ վերջնական հարված: Նա, թերեւս, նկատի ունի բանակի այն կենսունակներին, ովքեր կհաջողացնեն չզոհվել, չխեղվել իրենց ծառայության ընթացքում եւ այդ մտքից ուժ ստացած` հակառակորդին վերջնականապես կջախջախեն:

Սպանությունների չդադարող այս շղթան չստիպեց որեւէ պաշտոնյայի` լրջություն ու խոհեմություն դրսեւորել եւ բացահայտ խոսել Ազգային բանակում տիրող իրավիճակի մասին: Այսինքն` նախ հասկանալ` ի՞նչ հասարակությունից են այդ տղաները գնում բանակ, ովքե՞ր են աստիճանավոր զինվորականները` ի՞նչ կրթություն ունեն, ի՞նչ արժեքներ կրող մարդիկ են: Կոռումպացվածության ո՛ր աստիճանում են զինկոմիսարիատները, զինվորական հոսպիտալները, ՊՆ պատասխանատուները, երկրի ղեկավարներն` առհասարակ:

Որդեկորույս ծնողներին կամ հասարակությանը բացառապես ոչինչ չեն տալիս պնդումները, թե աշխարհի բոլոր բանակներում նման դեպքերն անխուսափելի են, որ այդ տարիքի (այսինքն` տաքարյուն) երիտասարդների համատեղ ներկայությունն արդեն պայթյունավտանգ է: Դեպքը հենց նրանով է դեպք, որ խիստ հազվադեպ է պատահում: Իսկ այն, ինչ տեղի է ունենում գրեթե ամեն Աստծո օր, արդեն օրինաչափություն է:

Հարյուրավոր երիտասարդ տղաների համատեղ կյանքը` այն էլ բանակային միջավայրում, կարող է օբյեկտիվորեն դառնալ ոչկանոնադրային հարաբերությունների պատճառ: Սակայն պետությունը, երկրի ղեկավարները նրա համար են, որպեսզի մինիմումի հասցնեն դրանց հավանականությունը: Երիտասարդները բանակ են գնում մի հասարակությունից, ուր բարեկրթությունը, կրթությունն` առհասարակ, լուրջ արատ են համարվում, իսկ բանակում՝ անգամ վտանգավոր են կյանքի համար: Եթե նկատել եք, որպես կանոն, զոհվում են հատկապես այն երիտասարդները, ում մասին արդեն հետմահու հարեւաններն ու բարեկամներն ասում են` բուհը նոր էր ավարտել, շատ խելացի, դաստիարակված, հանգիստ տղա էր, ճանճին չէր նեղացնի…

Բանակում անհրաժեշտ են հեղափոխական, ցավոտ ռեֆորմներ` փրկելու Ազգային բանակի` արդեն ընկած համբավը եւ այն երիտասարդներին, որոնց համար մեր բանակը դառնում է գերեզման: Դաշտային հրամանատարների, անկիրթ, բայց համարձակ տղաների ժամանակներն անցել են: Մարդիկ, ովքեր Ղարաբաղյան պատերազմի ժամանակ աչքի են ընկել եւ գեներալների կոչումներ են ստացել, հերոսներ են, բայց արդեն՝ ոչ մեր ժամանակի: Ժամանակակից մարդու աչքերով նրանք ժամանակավրեպ են, անգամ արխաիկ: Նրանց արտաքինն իսկ 19-րդ դարի սարեցու մոդել է: Այսօր Ազգային բանակին անհրաժեշտ են կրթություն ունեցող, բարձրակարգ մասնագիտական որակներ ունեցող, անգամ Եվրոպայում կրթություն ստացած մասնագետներ, սպաներ, ովքեր անլիարժեքության բարդույթներ չունեն, չեն առաջնորդվում կենդանական բնազդներով եւ դիմացինի կյանքը չեն համարում ոտնձգություն սեփական արժանապատվությանը:

Գուցե անհրաժեշտ է փոխել նաեւ զորակոչի կարգը, բանակը դարձնել պայմանագրային: Երկրի ռազմական բյուջեից (որն, ըստ էության, անվերահսկելի է, այդքանով իսկ` կոռուպցիայի լուրջ աղբյուր) եթե նոր հատկացումներ արվեն բանակին` ավելացնելու պայմանագրային զինծառայողներին տրվելիք աշխատավարձերը, ապա 18 տարեկան երիտասարդներին բանակ քշելու փոխարեն՝ բանակ կգնան իրենց կամքով, որոշակի նպատակով այնտեղ հայտնված արդեն հասուն մարդիկ: Թեեւ սա էլ, հասկանալի է, հարցի ամբողջական լուծում չէ:

Բանակում ճիշտ նույն մարդկային փոխհարաբերություններն են, որոնք մեր հասարակությունում են: Պարզապես բանակում ամեն ինչ ավելի սուր են ընկալում ու զգում, ինչպես անազատության մեջ` բանտում, հայտնված մարդիկ, եւ ավելի սուր, ոչ ադեկվատ են արձագանքում: Հատկապես որ` ընտանիքից, սիրող ու հասկացող մարդկանց միջավայրից կտրված տղաները հայտնվում են իրենց կյանքի ու արժանապատվության համար ամենօրյա պայքարում:

21-րդ դարում երկու տարով երիտասարդին կտրել կյանքից, ուր նա կարող է սովորել, սիրահարվել, ամուսնանալ, շրջագայել, աշխատել, մի խոսքով` ապրել, եւ տանել բանակ, արդեն հոգեբանական լրջագույն սթրես է: Հատկապես որ, բանակում տիրող իրավիճակը, սպանված երիտասարդների մասին լուրերը զորակոչի տարիքի երիտասարդին ստիպում են արդեն մտածել` կվերադառնա՞ բանակից, թե՞ ոչ: Եվ այս միտքն արդեն ինքնապաշտպանական այնպիսի բնազդներ կարող է արթնացնել, որոնք մինչ այդ արտահայտված չէին:

Աշխարհը վաղուց արդեն գնում է այլ ճանապարհով. Ռուսաստանում բանակում ծառայելու ժամկետը 2 տարուց դարձրեցին 1,5 տարի: Շվեյցարիայում ավելի առաջ են գնացել. այնտեղ անգամ հանրաքվեի էին դրել` անհրաժե՞շտ է այդ երկրին բանակ, թե՞ ոչ: Հասկանալի է, մենք ամենեւին Շվեյցարիա չենք: Մենք հաջողացրել ենք մեզ շրջապատել բացառապես ոչ բարեկամական երկրներով: Մինչդեռ դիվանագիտությունն ունի միայն մեկ խնդիր` աշխարհում եւ, հատկապես, տարածաշրջանում ձեռք բերել հնարավորինս շատ բարեկամներ: Չունե՞նք շատ բարեկամներ: Եվ մեր դիվանագիտական ձախողումից բանակին թնդանոթի հումք մատակարարելու անհրաժեշտությունն անընդհատ սրվում է:

Բանակում կատարվող յուրաքանչյուր սպանության համար պատասխանատու է երկրի ղեկավարությունը, որովհետեւ այն բանում, որ ունենք անորակ, ցածր գիտակցություն ունեցող երիտասարդություն (փոքր բացառությամբ), մեղավոր են իշխանությունները: Պետական ողջ մեքենան աշխատում է երիտասարդներին մանկուրտների, բարոյական, հոգեւոր արժեքներից զուրկ գործիքների վերածելու ուղղությամբ: Ընտրակեղծիքների ամբողջ այդ մեքենան աշխատում է բակերում, թաղերում հավաքագրված երիտասարդների ձեռքով: Իշխանությունները երիտասարդների հետ վարվում են այնպես, ինչպես այն ազնվականները, ովքեր ծառաներին այնքան բանի տեղ չէին դնում, որ նրանց ներկայությամբ կարող էին իրենց ամեն բան թույլ տալ: Երիտասարդներն իշխանությունների կողմից ընկալվում են ոչ թե որպես երկրի ապագա, այլ իշխանությունների անընդմեջ վերարտադրությանը նպաստող դեռեւս չժանգոտված գործիքներ: Իսկ մի գործիք` ավել, մի գործիք` պակաս…