Կարեւորը չկեղծելն է

21/10/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ ոգեւորված բացատրում էր, թե իրենց կուսակցությունն ինչու է որոշել անպայման «այո» ասել հանրաքվեի դրվող սահմանադրության նախագծին:

Ըստ նրա՝ հանրաքվեի դրվելիք նախագծում, ի տարբերություն գործող Սահմանադրության, մի շարք դրույթներ բարեփոխվել են: Մասնավորապես, Խոսրով Հարությունյանին ամենաշատը ոգեւորել է այն փաստը, որ նախագծում ընդլայնվել են մարդու իրավունքները: Որպես օրինակ էլ մատնանշեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն այդուհետ կարող են դիմել Սահմանադրական դատարան: Մի կետ, որը գործող Սահմանադրության մեջ չկա: Բայց անկախ այս դրական փոփոխություններից, Խոսրով Հարությունյանը գտնում է, որ Սահմանադրությունը բալասան չէ եւ մեկ օրում երկիրը դրախտավայրի չի վերածի: Իսկ որ հանրաքվեի դրվող Սահմանադրության նախագիծը շատ առումներով իր մեջ դրական կետեր է պարունակում, ըստ ՀՔԴՄ նախագահի, միայն կոալիցիայի մենաշնորհը չէ: «Ինձ համար անհասկանալի են այն հայտարարությունները, թե այս Սահմանադրությունն իշխանությունների նախաձեռնությունն է: Եկեք անկեղծ լինենք ու ասենք, որ այս Սահմանադրության այս որակի ձեւավորման մեջ պակաս ներդրում չունի նաեւ հենց ինքը՝ ընդդիմությունը»,- ընդդիմությանը «երեսով տվեց» նա: Ու այսքանից հետո պարոն Հարությունյանը գտնում է, որ ընդդիմությունը Սահմանադրության նախագիծը մերժում է անհիմն կերպով: ՀՔԴՄ նախագահը հատկապես շատ է կարեւորում հանրաքվեի արդյունքները չկեղծելը: Անգամ «ոչ»-ի պարագայում պետք է իրական պատկերն արտացոլվի: Այլապես եւ հայ հասարակությունը, եւ միջազգային հանրությունը խոր հիասթափություն կապրի: «Գոնե այս անգամ ժողովրդի կամքը կեղծված, ներեցեք արտահայտությանս, բռնաբարված չպետք է լինի»,- ավելի պատկերավոր ներկայացրեց նա: Մանավանդ, որ ըստ Խ. Հարությունյանի, ՀՀ-ում կայանալիք հանրաքվեին զուգահեռ` հարեւան Ադրբեջանում էլ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու: Եվ հիմա պետք է մենք ամեն ինչ անենք՝ ժողովրդավարական երկրի համբավ վաստակելու համար: Իսկ հնարավո՞ր է, արդյոք, հանրաքվեի արդյունքների կեղծումը վերածվի հեղափոխական շարժման ու այս անգամ արդեն հասնի իր տրամաբանական ավարտին: «Ես մի քիչ սկեպտիկորեն եմ տրամադրված, ենթադրում եմ, որ այդ խնդիրը, ինչպես եւ` վստահության հանրաքվեն, կեղծ-քաղաքական է: Քաղաքական լուրջ զարգացումների տեսանկյունից բավարար հիմնավորում չունի, արհեստածին է: Այլ բան է 2007թ. ընտրությունները: Երբ այդ ընտրությունները կեղծեն, ինչպես 2003 թվականին արեցին, այդ ժամանակ նոր կարող են դառնալ հանրային կյանքում հեղափոխական զարգացումների լուրջ ազդակ այնպես, ինչպես եղավ Ուկրաինայում, Վրաստանում, Ղրղըզստանում, եւ այնպես, ինչպես կարող է լինել նաեւ Հայաստանում»,- Հայաստանում հեղափոխության հավանականությունը բացառեց պարոն Հարությունյանը:

Չնայած այսօրվա իշխանությունների պարագայում փոքր-ինչ անհավատալի է հանրաքվեի արդյունքները չկեղծելը: