Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք պարսկահայ Թորոս Սիմոնյանի եւ Վահիկ Օհանջանյանի միջեւ ծագած դատական վեճին: Խոսքը Կոտայքի մարզի Ծաղկաձորի Մագիստրոսի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող 0,01888 հա հողատարածքի մասին է, որը թեեւ բոլոր օրինական փաստաթղթերով պատկանել է Թ. Սիմոնյանին, այդուհանդերձ, Վ. Օհանջանյանն այն խաբեությամբ յուրացրել է:
Ներկայումս Վ. Օհանջանյանն այդ տարածքում կառուցել է չորս հարկանի բնակելի շենք, իսկ հողատարածքի դիմաց փոխադարձ համաձայնության պայմանագրով պարտավորված 135.000 դոլարից Թ. Սիմոնյանին փոխանցել է ընդամենը 40.000 դոլար: Դատական երեք ատյաններով անցած այս գործը վերջնական լուծում է ստացել Վ. Օհանջանյանի օգտին: «Նա բոլոր տեղերում հայտարարում է, որ միայն 30.000 դոլար կաշառք է բաժանել դատավորներին նման վճիռ կայացնելու համար»,- վստահեցնում է Թ. Սիմոնյանը, ով, տեւական ժամանակ է, ահազանգում է Վ. Օհանջանյանի` ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ` սփյուռքահայերի հանդեպ կատարած խաբեությունների մասին: Թ. Սիմոնյանը ՀՀ իրավապահ եւ նախաքննական մարմիններին կոչ է անում արձագանքել իր հայտարարություններին եւ Վ. Օհանջանյանի կատարած անօրինականությունների մասին նյութեր նախապատրաստել: Նա պատրաստվում է դիմել ՀՀ Դատախազություն եւ հարկ եղած դեպքում նախաքննական մարմնին տրամադրել հանցագործության մասին իր ունեցած փաստերը: Ինչեւէ, թեհրանահայ Թ. Սիմոնյանը վստահեցնում է, որ Վ. Օհանջանյանի կատարած ապօրինությունները հովանավորվում են ՀՅԴ վերնախավի կողմից։ «Որովհետեւ նա դաշնակցական է, մեծ փողեր ունի եւ Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների ժամանակ մեծ փողեր է ծախսում դաշնակների վրա: Այդ կուսակցության ղեկավարները լավ էլ տեղյակ են նրա կատարած խարդախությունների մասին, բայց թույլ չեն տալիս նրան ձեռք տալ, որովհետեւ նրա փողերը դաշնակներին պետք է: Ինձ պես շատ մարդիկ կան, որոնց հետ իբրեւ թե գործընկերային հարաբերություն հաստատելու համար նա ցանկացել է բիզնես սկսել, բայց ունեցվածքին տիրացել եւ թողել է առանց ոչնչի»,- ասում է Թ. Սիմոնյանը` վստահեցնելով, որ ամիսներ առաջ Վ. Օհանջանյանի եղբորը` Ռայմոնդ Օհանջանյանին, իրավապահ մարմինները ձերբակալել են` բեռնափոխադրումներ կատարելու ժամանակ ապրանքը կեղծելու համար: Սակայն 2 ամիս անց նրան ազատ են արձակել` Վ. Օհանջանյանի ֆինանսական ռեսուրսների միջամտության շնորհիվ: Նշենք, որ Վ. Օհանջանյանը Հայաստան է տեղափոխվել 1991թ., եւ եղբոր` Ռայմոնդի հետ աշխատել են որպես մեխանիկի աշակերտներ: Թ. Սիմոնյանի պատմելով` այս երկու եղբայրները Պարսկաստանում ոչինչ չեն ունեցել եւ ապրել են բավականին սուղ պայմաններում. «Հայաստան տեղափոխվելուց հետո` սրան-նրան խաբելով, քցելով, կամաց-կամաց կարողության տեր դարձան: Հիմա նա իրեն էնպես է պահում, կարծես Հայաստանում իր դեմ խաղ չկա: Եթե Հայաստանի իշխանություններն արձագանքեն իմ տրամադրած տվյալներին` կհասկանան, որ սա պոտենցիալ հանցագործ է, բայց երեւի ձեռք չի տալիս, որովհետեւ ընտրությունների ժամանակ Վահիկն իրենց ծառայություններ է մատուցում»:
Թ. Սիմոնյանը մեզ բավականին ուշագրավ տեղեկություններ է տրամադրել Ձորաղբյուր, Արամի փակուղում գտնվող մի տան մասին, որը ճիշտ է` պատկանում է Վ. Օհանջանյանի գործընկեր, պարսկահայ Համո Դավուդին, այդուհանդերձ, տունն այս երկուսի համար ծառայում է որպես հասարակաց տուն: «Այս տանն ապրող չկա: Բայց նրանց մերձավոր շրջապատը լավ գիտի, թե այս տուն երբ եւ ինչի համար են գնում: Վ. Օհանջանյանն ինձ էլ է առաջարկել, բայց երբեք էնտեղ ոտք չեմ դրել: Պարսկաստանից, Թուրքիայից նրանք շատ հյուրեր են ունենում, որոնց բերում են այս տուն, որպեսզի հայ աղջիկներ հյուրասիրեն: Ես, բնականաբար ,չեմ կարող կոնկրետ փաստեր տրամադրել, թե ում է աղջիկ պատիվ տվել, բայց նրա ընկերները, մտերիմները շատ են օգտվել նրա հյուրասիրությունից: Այսինքն` հայ աղջիկ է առնում եւ հյուրասիրում է պարսիկներին ու թուրքերին»,- ասում է Թ. Սիմոնյանն, ով անձամբ է լուսանկարել տպագրված այս լուսանկարները եւ մեզ տրամադրել: Նա վստահեցնում է, որ Արամի փակուղում գոյություն ունի հասարակական նշանակության օբյեկտ, որը գիշերային ժամերին այս տան հաճախորդների համար սննդամթերքի, խմիչքների պատվերներ է կատարում, եւ հարկ եղած դեպքում կարող են հետաքրքիր մանրամասներ տրամադրել: Վերջինս նաեւ նշում է, որ ՀՀ գլխավոր դատախազությանը պատրաստ է տեղեկություններ տրամադրել, սակայն թրաֆիկինգի էլեմենտներ պարունակող այս գործողությունների մանրամասներին տիրապետելը հատուկ ծառայությունների գործառույթն է: «Այսինքն` ես գիտեմ այնքանով, որքան որ ժամանակին որպես գործընկերներ մտերմություն ենք արել: Նա ինձ էլ է առաջարկել օգտվել իր հյուրասիրությունից, բայց ես մերժել եմ: Նրա ընկերներից շատերը եղել են այդ տանը, էլ չեմ ասում թուրքերի ու պարսիկների մասին, որոնց համար այստեղ հայ աղջիկ գնելը զուտ կազմակերպչական աշխատանքի հարց է»: Հիշեցնենք, որ Վ. Օհանջանյանը զբաղվում է նաեւ Պարսկաստանից Հայաստան «Սամանդ» մեքենաների ներկրմամբ: Վերջինս ժամանակին նաեւ գործընկերական հարաբերություններ է ունեցել ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար, ներկայումս` Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ: Թ. Սիմոնյանի հավաստմամբ` Վ. Օհանջանյանը նաեւ Ա. Մանուկյանին է «քցել», ինչի առիթով ՀՀ Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: Ինչ վերաբերում է Ձորաղբյուր, Արամի փակուղում գտնվող տան սեփականատեր Համո Դավուդին, ապա նա նաեւ ձեւակերպված է որպես Ծաղկաձորի Մագիստրոսի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող հողատարածքի սեփականատեր: Թ. Սիմոնյանն ասում է, որ այս երկուսն առանց իր գիտության, գաղտնի կերպով իրեն պատկանող հողատարածքը սեփականաշնորհել են Հ. Դավուդի անունով, որից հետո անարգել կառուցել են չորս հարկանի բնակելի շենքը: Այդ գործողության համար հիմք է հանդիսացել 2007թ. Թ. Սիմոնյանի կողմից գրված այն լիազորագիրը, ըստ որի` «Հենրիկ Յունեսի Հաթամզադե Նիազին եւ Վահե Օհանջանյան Նամագարդին լիազորում եմ ցանկացած գնով եւ պայմաններով վաճառելու, փոխանակելու, գրավ դնելու սեփականության իրավունքով ինձ պատկանող Կոտայքի մարզի Ծաղկաձորի Մագիստրոսի փողոցի N 7-ի տակ եղած հասարակական կառուցապատման հողամասը` 0.0118016հա մակերեսով, կնքել օրենքով թույլատրվող ցանկացած պայմանագիր, լինել իմ ներկայացուցիչը նոտարական գրասենյակներում, անշարժ գույքի կադաստրի պետական մարմիններում, բանկերում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ստորագրել մեր փոխարեն, անել հայտարարություններ, կատարել վճարումներ, ստանալ փաստաթղթեր, ստանալ գումար, կատարել գրանցումներ, տալ դիմումներ եւ կատարել բոլոր գործողությունները կապված տվյալ հանձնարարության հետ»: Թ. Սիմոնյանն ընդունում է, որ իր ստորագրությամբ այդ լիազորագրից օգտվելով՝ նրանք գործողությունները կատարել են հիմնվելով այդ փաստաթղթի անսահմանափակ լիազորությունների վրա, սակայն վստահեցնում է. «Նրանք իմ վստահությունը չարաշահելով են ստացել այդ լիազորագիրը: Ես համարել եմ, որ ամեն բան պետք է օրինական կարգով անել` կասկած չունենալով, որ կարող է հափշտակեն իմ ունեցածը: Ես մի բան չեմ հասկանում. Հայաստանում օրենքներ կան, որով ապացուցվում է նրանց կողմից կատարած խաբեությունները, բայց ինչո՞ւ համապատասխան մարմինները չեն արձագանքում: Այսինքն` պաշտպանում են խարդախություն, անօրինականություն կատարողի՞ն: Չէ՞ որ ինձ նման շատերի հետ է էսպես վարվել: Էդ մարդը հիվանդ է, բոլորին վնասում է, հափշտակում է մարդկանց ունեցվածքը, հետո էլ սպառնում, թե` կսպանեմ, ես մարդասպան եմ»: Թ. Սիմոնյանն ասում է` օտարերկրյա շատ քաղաքացիներ կան, ովքեր նույնպես Վ. Օհանջանյանի հետ բիզնես սկսելու համար ներդրումներ են կատարել եւ կորցրել են իրենց ունեցածը: Շատերը հիասթափված հեռացել են` հույս չունենալով, որ գոնե դատական ատյանների միջամտության շնորհիվ կարող են պաշտպանել իրենց իրավունքը. «Շատերն էլ գործարար մարդիկ են, ովքեր չեն կարող այդքան ժամանակ տրամադրել, մինչեւ Հայաստանի դատարաններում երկարատեւ դատաքննություն կատարվի: Հայաստանում ինձ բոլորն ասում են` դու դմբո ես, ինչո՞ւ ես վստահել: Բոլոր երկրներում բիզնես կազմակերպելու համար պահանջվում են այն թղթերը, որոնք ես գրել եմ Հայաստանում: Դմբո եմ, որովհետեւ վստահե՞լ եմ, էստեղ ոչ ոք իրար չի՞ վստահում: Հավատացեք, եթե ՀՀ գլխավոր դատախազությունը փորձի նրա կատարած գործողությունները ջրի երես հանել` շատ մարդիկ փաստեր կտրամադրեն, ովքեր չեն հավատում, որ կարող են իրենց ունեցածի համար պայքարել»: