Ակտիվ ու պասիվ «խաղալիքներ»

23/11/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Նորարար-փորձառական արվեստի կենտրոնում՝ ՆՓԱԿ-ում բացված վերջին ցուցահանդեսը շատ տարօրինակ տպավորություն է թողնում։

«Պարապ վախտի խաղալիք» խորագիրը կրող ցուցահանդեսը միավորված էր քաղաքացիական ակտիվիզմի ու «պարապության վախտի» (Խաչատուր Աբովյանի ձեւակերպումն է) հետազոտման գաղափարի շուրջ։ Այդպիսին էր ցուցահանդեսի համադրող Սեդա Շեկոյանի ցանկությունը, ով տեքստային այնպիսի շրջանակ էր առաջ քաշել, որին ներկայացված արվեստագետները հազիվ էին կարողացել հարմարվել։ Կամ չեն հարմարվել: Ամեն դեպքում՝ մեկ հարկի տակ են միավորվել։ Ցուցահանդեսի «թիրախում» են հայտնվել քաղաքացիական նախաձեռնությունները, որոնց իրական արժեքը շատ դեպքերում կամ վիճարկվում է, կամ էլ` բացեիբաց ծաղրվում է։

«Ակտիվիզմը տարիներ շարունակ քնեցվել է պետության կողմից, բայց դա անմեղ քուն չէ, որից հետո քաղաքացին արթնանում է նույնպես անմեղ, սիրուն ու առողջ տեսքով։ Այդ քնի ընթացքում, որ կարելի է անվանել ցանկալի աշխատանքի անհնարինություն, քաղաքացու կերպարը խեղաթյուրվում է»,- ասվում է ցուցահանդեսի կոնցեպտում։ Եվ քնի հուշը որպես ժառանգություն ընդունած արվեստագետները (մասնակիցներից շատերն այնքան երիտասարդ են, որ դժվար թե իրենց առօրյայում զգացել են Սովետի խեղաթյուրումները) հայտնվում են մի դաշտում, որտեղ ակտիվն ու պարապը նույնանում են։ «Ակտիվությունն ու պարապությունը նույնն են այն առումով, որ երկուսն էլ կապված են ոչ թե քեզ հետ տեղի ունեցածին, այլ քո արածին կամ չարածին։ Իսկ անել-չանելու միջեւ հավասարության նշան կա։ Պարապ վախտի խաղալիքը նույնն է, ինչ ակտիվ վախտի տաք հրացանը. երկուսն էլ կարող են վիճարկվել հավասարապես»,- ասվում է ցուցահանդեսի մանիֆեստում։

Ս.Շեկոյանը նշում է, որ այս ցուցահանդեսը փորձ է էսթետիկական դաշտ բերել այն հասարակական եւ քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունները, որոնք կան մեր օրերում։ Օրինակ, հայկական բանակում տեղի ունեցող իրադարձությունների մասին իրական տեղեկատվության պահանջը, «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճի քանդման հետ կապված շարժումը, ինչպես նաեւ՝ այն տեղայնացված խմբավորումների ընդվզումներն ու «պարապ» ժամանակը լրացնող վիրտուալ շփումները, որոնք վավերացվում են ինտերնետային սոցիալական ցանցերում:

Ցուցահանդեսի այցելուներին դիմավորում է ոսկեզօծ զուգարանակոնքը, որին հարմարեցված են «ջոյստիկները»՝ խաղին հրավիրելու մղումով։ Նստում ես պետքարանում ու խաղում ես մտքերիդ հետ։ Վարուժան Սահակյանի այս գործը հուշում է այն մասին, որ բոլոր խաղերը միեւնույն տեղում են հայտնվում. կոյուղու խողովակի մեջ, նույնիսկ այն դեպքում, երբ սկիզբ են առնում ոսկե սանտեխնիկայից: Այս միտքը իր հիմնավորումն է ստանում ցուցահանդեսի այս գրավոր հատվածում. «Հնարավոր չէ լուրջ ընդունել այն իրադրությունը, երբ մարդ խնդրի լուծումը կամ արդարությունը փնտրում է այնպես, ինչպես փնտրում են զուգարան, կամ մեկը փնտրում է ընդամենը զուգարան, իսկ նրան թվում է, թե փնտրում է քաղաքացիական արդարություն կամ արդարության պահանջ ունի»:

Օվսաննա Շեկոյանը ներկայացնում է «պարապ» ցանցային անհատին, որը պատուհանից դեպի դուրս է նայում, բայց այդ «դուրսը» ոչ մի տեղ էլ չի, քանի որ դա «Windows» պատուհանն է, որն իրական կյանքից փախուստ է խորհրդանշում: Օվսաննան պատուհանի մոտ մանեկեն է տեղադրել, որի կողքին ճամպրուկ է դրված: Եվ այդ փախուստը առավել ռեալ է դառնում, չէ՞ որ կարելի է ոչ միայն փախչել, այլեւ` հեռանալ: Ցուցահանդեսի ամենավառ աշխատանքները ներկայացրել է Հովհաննես Իշխանյանը, որի համար գլխավոր թեմա է դարձել բանակը: Զինվորները լուսանկարներից երջանիկ, գոհ ու կուշտ նայում են այցելուներին եւ ստեղծում բավական երկիմաստ պլակատային մի վիճակ: Զինվորների թեման շարունակում են Էդգար Ամրոյանն ու Գարին Ենգիբարյանը, որոնք գրաֆիտիի սկզբունքով (շենքի պատի վրա) պատկերում են ինքնասպան եղած զինվորին: Ցուցահանդեսը նաեւ ձայնային ձեւավորում ունի, անընդհատ բանակային խրոխտ երգեր, երեխայի լաց ու տարբեր երաժշտական դրվագներ են հնչում: Ստեղծվում է մի մեծ քաոս, որտեղ պարապ գործն ու ակտիվ կեցվածքը իրար են խառնվում, ընդ որում` այդ խառնուրդը նկատվում է եւ աշխատանքներում (շատերը պարզապես «խաղալիքներ» են` տարիներ շարունակ շահարկվող թեմաներով), եւ կոնցեպտուալ հատվածում (որը փորձում է միաժամանակ այնքան բան ընդգրկել, որ արդյունքում տապալվում է):

Այս ցուցահանդեսը ուշագրավ է նրանով, որ հանդիսատեսի մոտ հետեւյալ հարցն է առաջանում. ցուցահանդեսին մասնակցող արվեստագետները համաձա՞յն են այն մտքի հետ, որ «այլասերված ակտիվիզմն ավելի վտանգավոր է, քան ակտիվիզմի բացակայությունը»։ Այդ միտքն ինքնին բավական վիճահարույց է, եւ ակտիվության լինել-չլինելուն հումորով նայելը փոքր-ինչ վաղ է, հաշվի առնելով այն, որ մեր կյանքում ավելի շատ է ապատիան, քան ակտիվությունը:

Ցուցահանդեսի կոնցեպտում նշվում է. «Քաղաքացիական արդարությունը մեր պահանջների ու բողոքի մեջ չէ, այլ մի տեղ, որտեղ ստացվում կամ կապկվում է արդարությունը: Այդ առումով քաղաքացիական հասարակությունը ոչ թե բողոքելու եւ պահանջելու, այլ լսված լինելու հնարավորություն է»: Թե որքանո՞վ է այդ համադրումը համահունչ մեր իրականությանը. դժվար է ասել, մանավանդ, երբ մեր օրերում լսված լինելու համար միայն խոսելը բավարար չէ:

Որպես ինքնուրույն համադրող՝ Սեդա Շեկոյանն արդեն իր 2-րդ ցուցահանդեսն է կազմակերպում: Առաջինը` «Լրտեսվող Հայաստանն» էր, որը հետաքրքիր մտորումների դրդեց։ Այդ ուրախ ու գունեղ ցուցահանդեսի արժանիքը երկակիությունն էր եւ այն անկեղծությունը, որը նկատվում էր երիտասարդ կուրատորի աշխատաոճում, ինչն էլ իր հերթին նպաստեց ՆՓԱԿ-ի վերակենդանացմանը: ՆՓԱԿ-ը, որն այսօր կարող է ցուցահանդեսային եզակի մայրաքաղաքային հարթակ համարվել, որտեղ արդի արվեստ է ցուցադրվում, արդեն որոշ ժամանակ է, ինչ փակման վտանգի առջեւ է կանգնած: Եվ նման ցուցահանդեսները միտում ունեն պահպանել այդ արվեստի կենտրոնի նորարարական ձեւաչափը: Անշուշտ, կենտրոնը պետք է «շնչի» ու փորձի լրացնել երիտասարդների ցուցադրվելու պահանջը, սակայն այս տարի ցուցադրված 2-րդ համադրումը շատ կարեւոր մի խնդիր ուրվագծեց. մենք ցուցահանդեսների կուրատորների կրթությամբ զբաղվող դպրոցի պահանջ ունենք: Այն կարծիքը, որ արվեստը անմեղ, ժամանցային ու անվտանգ «խաղալիք» է, իրականում միամտություն է: Արվեստը զենք է, որը պետք է ճիշտ կիրառել: Կամ էլ` եթե կիրառում ես, կոնկրետ նշանակետ ընտրիր, այլապես «կրակոցներդ» պարապ կլինեն:

Մենք այսօր բավական տարօրինակ իրավիճակում ենք հայտնվել. մեզ մոտ հակադրվելը (կամ էլ դեմոնստրատիվ ոչինչ չանելը) արժեք է դարձել: Եվ «Պարապ վախտի խաղալիք» ցուցահանդեսն իր որոշ հատվածներում հենց այդ մասին էր հրավիրում մտորելու (բանակային կոնտեքստով, հայրենիքի ջրաղացին ու հողմաղացին ջուր ու օդ լցնելու դրդող կոմպոզիցիայով): Իր մեջ պրովոկացիոն որոշակի ելակետ ունեցող այս ցուցահանդեսն աշխույժ քննարկումների ալիք ծավալեց, ինչն իր հերթին՝ ՆՓԱԿ-ի գործունեության առանցքն է:

Ի դեպ, եթե իրապես հետազոտվում է քաղաքացիական շարժումների իրարամերժ դիրքորոշումները, ապա այդ նախագիծն անհրաժեշտ է շարունակել: Եվ ոչ միայն կոնցեպտուալ, այլեւ ցուցադրման հատվածում հիրավի խիզախ գործեր ցուցադրել: Երբ արվեստն ինքնաբերաբար չի հասցնում արձագանքել կյանքին, ապա արհեստականորեն նրան խիզախություն հաղորդելը նույնպես պարապ գործ է դառնում: