Վարդենիսում նախընտրական կրակոցնե՞ր են հնչել

21/10/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում նախընտրական կրքերը գնալով թեժանում են: Հոկտեմբերի 18-ին ոստիկանության Վարդենիսի բաժին է ահազանգել քաղաքապետի թեկնածու Վարդան Բարսեղյանը՝ հայտնելով, որ իր նախընտրական շտաբի մոտ գիշերը ժամը 1.30-ի սահմաններում գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանն ընկերների հետ «Նիվա» մակնիշի 35ԼՕ097 պետհամարանիշի մեքենայից կրակոցներ է արձակել:

Ահազանգով դեպքի վայր եկած իրավապահները «Նիվա» մակնիշի մեքենայով բերման են ենթարկել Վարդենիսի բնակիչներ Արթուր Սարգսյանին, Սասուն Կարապետյանին, Արմեն Գալստյանին եւ Արտակ Անդրեասյանին: Ինչպես մեկնաբանեցին ոստիկանությունից, այդ երիտասարդներին բերման են ենթարկել խուլիգանական արարքներ կատարելու համար: Սակայն հետաքրքիրն այն է, որ զննությամբ ոչ մեքենայից, ոչ էլ բերման ենթարկված անձանց մոտից իրավապահները ոչ զենք են հայտնաբերել, ոչ էլ պարկուճներ: Ինչպես մեզ հետ հեռախոսազրույցում փոխանցեց Գեղարքունիքի մարզի դատախազ Վ. Մարգարյանը, այժմ իրենց մոտ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ հոկտեմբերի 23-ին այստեղ տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում պայքարելու են կոալիցիոն երկու ուժերը: Իրենց թեկնածությունն են առաջադրել գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վոլոդյա Խլոյանը եւ «Արդշինինվեստբանկի» կառավարիչ, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Վարդան Բարսեղյանը, որն, ի դեպ, Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանի եղբայրն է:

Վոլոդյա Խլոյանը մեզ հետ հեռախոսազրույցում կտրականապես հերքեց այդ լուրերն՝ ասելով, որ Վարդենիսում որեւէ կրակոց չի եղել: «Դրանք բանսարկություններ են: Մենք «Նիվա» մակնիշի մեքենա ունենք, մեքենան անսարք է եղել, գազ տալուց կրակոցի ձայն է հանել: Երբ երկու-երեք անգամ մեքենայի գազը սեղմել են, կրակոցի նմանվող ձայն է հանել: Երեւի այդ ձայնը մրցակից թեկնածուի շտաբում կրակոցի հետ են նույնացրել: Նրանք նույն վայրկյանին դիմել են իրավապահ մարմիններին, ոստիկանները բռնել են մեքենայում եղած մարդկանց: Նրանց տարել են ոստիկանություն, ստուգել են բոլորին, ու երբ տեսել են, որ դա անհեթեթություն է, մարդկանց բաց են թողել, մի բան էլ ներողություն են խնդրել»,- հոկտեմբերի 18-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններն այսպես մեկնաբանեց Վոլոդյա Խլոյանը: Սակայն քաղաքապետի թեկնածուն խոստովանեց, որ մեքենայում եղած վարդենիսցիները եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում: Իսկ մրցակից թեկնածուն՝ Վարդան Բարսեղյանը, ոստիկանություն դիմել է իրեն վարկաբեկելու համար, քանի որ Խլոյանի կարծիքով, նա ընտրվելու շանս չունի եւ ձեռքը փրփուրներից է գցել: «Դա ի՞նչ ստորություն է, դա 37 թիվն է: Մարդկանց ուզում են պարսավանքի ենթարկել: Մարզպետը իր համախոհների հետ ուզում է Խլոյենց Վալոդի (Վոլոդյա Խլոյանին Վարդենիսում այդպես են անվանում.-Ա.Գ.) պատվի հետ խաղալ, բայց դա նրանց չի հաջողվի»,- հայտարարեց քաղաքապետի թեկնածուն: Իսկ ահա Գեղարքունիքի մարզպետ, քաղաքապետի թեկնածուի եղբայր Ստեփան Բարսեղյանն էլ պնդում է, որ, այնուամենայնիվ, կրակոցներ հնչել են: «Մարդու վրա չեն կրակել, օդի մեջ են կրակել»,- ասաց Բարսեղյանը:

Ինչեւէ, Վարդենիսում հնչե՞լ են կրակոցներ, թե՞ ոչ` կպարզեն իրավապահները: Չնայած, բացառված չէ, որ մեքենայի անսարքության պատճառով հնչած ձայներն, իրոք, Վարդան Բարսեղյանի նախընտրական շտաբում ընկալել են որպես իրենց դեմ մահափորձ: Մանավանդ, որ Վարդենիսում այս օրերին ծայրահեղ լարված իրավիճակ է: