Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի միջեւ: Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, գագաթաժողովի ժամանակ, երբ Ռումինիայի նախագահը մոտեցել է Սարկոզիին ինչ-որ հարց քննարկելու նպատակով, Ֆրանսիայի նախագահը հրաժարվել է լսել Բասեսկուին եւ հեռացել է: Դրանից անակնկալի եկած` Բասեսկուն կարծես բողոքելու համար մոտեցել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին եւ սեղմել նրա ձեռքը: Բեռլուսկոնին էլ ցուցամատով արել է այն նշանը, երբ ցանկանում են ասել, որ ինչ-որ մեկը խելապակաս է: Այդ դեպքին անմիջապես արձագանքել են ռումինական, իտալական եւ ֆրանսիական լրատվամիջոցները` փորձելով պարզել, թե արդյո՞ք Բեռլուսկոնին Սարկոզիին «խելապակաս» է անվանել: