Բնության օրենքները
Ոչ մի հիվանդություն չի կարող ներթափանցել օրգանիզմ, եթե մեր բոլոր օրգանների եւ բջիջների աշխատանքը ներդաշնակ է: Իսկ ներդաշնակության կարելի է հասնել` պահպանելով բնության օրենքները: Արեւելյան իմաստուններից մեկն ասել է. «Գարնանը եւ աշնանը պետք է տաք հագնվել, իսկ գիշերը` քնել»: Տաք հագնվելու մասին բոլորս գիտենք, բայց որքանո՞վ է կարեւոր գիշերային քունը: Օրգանիզմը քնի ընթացքում հանգստանում է, օրվա ընթացքում ծախսած ռեսուրսները վերականգնվում են, կուտակված սթրեսները հեռացվում են, վերականգնվում է օրգանիզմի ներդաշնակ աշխատանքը: Անքուն գիշերները, առհասարակ` քնի խախտումը սոմատիկ խանգարումներ է առաջացնում օրգանիզմում, նվազում է աշխատունակությունը, հիվանդություններ են ի հայտ գալիս: Ցանկալի է քնել ժամը 23:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում: Մինչեւ 24:00 ժամանակահատվածն ընկած 1 ժամ քունը փոխարինում է առավոտյան 2 ժամ քնին: Քնելու ամենաօգտակար ժամանակն է համարվում գիշերը 23:00-ից առավոտյան 5:00-ն ընկած ժամանակահատվածը: Հիշեք, որ ամենախոր քունը գիշերը ժամը 2-4-ն ընկած ժամանակահատվածում է: Հաճախ կարող եք նկատել, որ անկողնում պառկած` չեք կարողանում քնել, չեք կարողանում «անջատվել» օրվա հոգսերից, մտքերից: Ազատվեք դրանցից: Սկզբում դժվար կլինի, սակայն հետզհետե կկարողանաք ձեզ եւ ձեր մտքերին տիրապետել, ուղղորդել: Հեռուստացույցն անջատեք, համակարգչից հեռու մնացեք. դրանք ձեզ միայն խանգարում են: Ինչպես հայտնի է` հիմնական նյարդերը կենտրոնացած են ոտնաթաթերի վրա: Պատահական չէ, որ արեւելյան բժշկությունը օրգանիզմի բուժման բազմաթիվ մեթոդներ է մշակել ոտնաթաթերի միջոցով: Քնելուց առաջ կարող եք պարզապես ոտքերի (մինչեւ կոճերը) տաք լոգանք ընդունել: Ջրին կարող եք նաեւ ծովային աղեր կամ պարզապես փոքր-ինչ սննդային աղ ավելացնել: Այս պրոցեդուրան անելիս` որեւէ այլ բանի մասին մի մտածեք: Անմիջապես կնկատեք` ինչպես է ձեր քունը վրա հասնում: Իսկ ամռանը կարող եք երբեմն-երբեմն ոտաբոբիկ քայլել խոտածածկի, ավազի վրա:
Մազերի մասին
Եթե ձեր մազերն աշնանը սկսում են թափվել, եւ վիտամինները չեն օգնում դրա կանխարգելմանը, ապա լավ միջոց է սոխի հյութը: Քերիչով անցկացնել գլուխ սոխը, հյութը քամել, քսել մազարմատներին, պահել 30-60 րոպե: Անհրաժեշտ է այս դիմակը կրկնել 3 ամիս շարունակ: Ճիշտ է, սոխի բույրը հաճելի չէ, սակայն որոշ ժամանակ անց կնկատեք որակային տարբերությունը, արդյունքն ակնհայտ կլինի: Սոխը կարող եք նաեւ փոխարինել դեղատներում վաճառվող երիժնակի յուղով (ՐպտպռվՏպ ՎՈրսՏ) կամ այլ յուղերով` արեւածաղկի, եգիպտացորենի, եւ այլն:
Ատամների մասին
Առհասարակ բուսական յուղերը արժեքավոր մթերք են ոչ միայն խոհանոցում, այլեւ բժշկության մեջ: Ատամների եւ լնդերի խնամքի համար խորհուրդ է տրվում բուսական յուղով մաքրել լեզուն, բերանի խոռոչը: Առավոտյան եւ երեկոյան, օրինակ, ձիթապտղի յուղով շփեք բերանի խոռոչը: Հրաշալի մաքրում եւ պաշտպանում է կոկորդը, լնդերը եւ ատամները:
Տեսողության համար
Աչքերի համար պարտադիր չէ մարզանքներ անելը. նույնիսկ կարող եք պարզապես ժամանակ առ ժամանակ աչքերը հառել, օրինակ, կապույտ երկնքին, կանաչ խոտին, մայր մտնող արեւինգ Համակարգչով աշխատելիս ժամանակ առ ժամանակ աչքերը հեռացրեք էկրանից եւ այլ կետի` հեռուն հառեք հայացքը:
Դեմքի մաշկի համար
Դեմքը կարող եք լվանալ կաթի մեջ թրջած հացով. մաքրում եւ սնուցում է մաշկը: Բացի այդ, հրաշալի միջոց է գլիցերինը: Բամբակը թրջեք տաք ջրի մեջ, վրան գլիցերինի կաթիլներ ավելացրեք եւ դրանով մերսեք մաքուր մաշկը: Սնուցում է, փափկեցնում:
– 1 թեյի գդալ գլիցերինը խառնեք 1թ/գ բնական մեղրի հետ, ավելացրեք 3 ճաշի գդալ գոլ ջուր եւ լավ խառնեք, որպեսզի միատարր զանգված դառնա: Ավելացրեք 1թ/գ վարսակաձավարի ալյուր (օվսյանկա): Կրկին խառնեք: Եթե զանգվածը շատ թանձր ստացվի, ապա կարող եք ջուր ավելացնել: Դիմակը քսեք դեմքին եւ պարանոցին, պահեք 10-15 րոպե, այնուհետեւ լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով: Սնուցող եւ թարմացնող, խոնավացնող դիմակ է:
– Մաշկը խոնավացնող հրաշալի միջոց է հետեւյալ դիմակը. 1 թեյի գդալ գլիցերինը լուծեք 2 ճաշի գդալ գոլ ջրի մեջ, ավելացրեք 1 ձվի դեղնուց: Լավ խառնեք, քսեք մաշկին, 15 րոպե անց լվացվեք ոչ շատ տաք ջրով:
– Խոնավացնող, թարմացնող դիմակ չոր եւ նորմալ, կոմբինացված մաշկի համար. կիտրոնի միջին չափի մի բարակ շերտը կեղեւով հանդերձ մանրացնել: 1 թ/գ գլիցերինը լուծել 2 ճ/գ ջրի մեջ եւ ավելացնել կիտրոնի վրա: Վրան ավելացնել 1 ձվի դեղնուց, 1 թ/գ թթվասեր: Լավ խառնել եւ 15 րոպե թողնել մաշկի վրա:
– Չոր մաշկի համար անփոխարինելի սնուցող դեղատոմս. կարտոֆիլը կաթի հետ եփեք, խյուս պատրաստեք: Սկզբում կարտոֆիլը լվացեք, կեղեւով եփեք, ապա մաքրեք կեղեւը եւ կաթի մեջ լուծեք այն: Ստացված խյուսից 1 ճաշի գդալով վերցրեք եւ խառնեք 1 ձվի դեղնուցի, 1 թ/գ մեղրի եւ 1 ճ/գ բուսական յուղի մեջ, լավ տրորեք: Այնուհետեւ, ինչպես նախորդ դեղատոմսերում, 1 թ/գ գլիցերինը լուծեք 2 ճ/գ գոլ ջրի մեջ, եւ դա լցրեք վերոնշյալ` կարտոֆիլով եւ այլ սննդամթերքով պատրաստված զանգվածի վրա: Կրկին ամբողջը լավ խառնեք եւ քսեք դեմքին, պարանոցին: Պահեք 15 րոպե, ապա լվացեք ոչ շատ տաք ջրով:
– Ճարպոտ մաշկը մաքրելու, կամ կոմբինացված մաշկի ճարպոտ հատվածները սնուցելու-մաքրելու համար կավից պատրաստված դիմակների մեջ գլիցերին ավելացրեք: Կես թեյի գդալ գլիցերինը լցրեք 2 ճ/գ գոլ ջրի մեջ, ավելացրեք նույնքան կապույտ, կանաչ, սպիտակ (եւ այլն) կավեր, լավ խառնեք, որպեսզի միատարր զանգված դառնա: Քսեք դեմքին, պահեք 10-15 րոպե, լվացեք գոլ ջրով:
– Մաքրող եւ սնուցող, խոնավացնող լոսյոն` բոլոր տիպի մաշկերի համար: Հավասար քանակությամբ միմյանց խառնեք երիցուկի, դաղձի տերեւները, կիտրոնի չորացրած կամ թարմ կեղեւի քերուկը, արջածառի պտուղը (յագոդի ռյաբինի): 2 ճաշի գդալ այդ զանգվածի վրա 1 բաժակ եռջուր լցրեք եւ թույլ կրակի վրա եռացրեք 25-30 րոպե: Կրակից վերցրեք, կափարիչով ծածկեք այն, թողեք սառչի: Քամեք, վրան 1 ճ/գ օղի ավելացրեք եւ 1 ճ/գ գլիցերին:
Աշնանը մեր օրգանիզմը հատուկ խնամքի կարիք է զգում։ Այդ թվում` մազերը: Մանանեխը (գորչիցա) կամ մանանեխի փոշին ոչ միայն սնուցում է մազերը, այլեւ ակտիվացնում է գլխամաշկի արյան շրջանառությունը` խթանելով մազերի աճը: Մանանեխը լուծեք տաք ջրի մեջ, բուսական որեւէ յուղ ավելացրեք, ձվի դեղնուց, փոքր-ինչ շաքարի փոշի, լավ խառնեք եւ քսեք մազարմատներին: Եթե մազերը չոր են, ապա այս դիմակը խորհուրդ չի տրվում քսել մազերի ծայրերին: Հատկապես օգտակար է յուղոտ մազերի խնամքի համար: Միայն թե հիշեք, որ մանանեխը շատ չլցնեք, որպեսզի գլխամաշկը չայրվի: Որքան էլ տարօրինակ թվա, մազերի խնամքի համար նաեւ խորհուրդ է տրվում դոնդողով (ժելատին) պատրաստված դիմակը: 1ճ/գ դոնդողը լուծեք ջրի մեջ, թողեք ուռչեն հատիկները, վրան սովորական շամպուն ավելացրեք եւ քսեք մազարմատներին: Պահեք կես ժամ: Դոնդողի շնորհիվ մազերը կխտանան, մազերի աճը կակտիվանա, իսկ դոնդողի մեջ եղած պրոտեինները կսնուցեն մազարմատները:
Առողջ եղեք: