ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատճառաբանելով ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման ընդհանրական ձեւակերպումը, հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 20-ին գագաթաժողովի շրջանակներում անցկացվող` «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»: Երեկ այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը: «Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձեւակերպումների անընդունելիությունը: Նախկին ընդհանրացված ձեւակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ եւ լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես` վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա»,- ասված է հաղորդագրությունում: «Հաշվի առնելով այս մտահոգությունը` նախագահ Սարգսյանը որոշում է կայացրել չմեկնել Լիսաբոն»,- ասել է նա: Հանդիպմանը կմասնակցեն ՀՀ ԱԳ եւ պաշտպանության նախարարները: