Հայաստանի բանակում զինծառայողի մահվան նոր դեպք է արձանագրվել: ՊՆ Քննչական վարչությունից «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել են, որ նոյեմբերի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորումից մահացել է Արմավիրի զինկոմիսարիատից զորակոչված ժամկետային զինծառայող, 23-ամյա Ռոբերտ Ավետիսյանը: Նա զորակոչվել է 2009թ. աշնանը` բուհն ավարտելուց հետո. Երեւանի ագրարային համալսարանի շրջանավարտ էր: Դեպքի առիթով հարուցվել է քրգործ` դիտավորյալ սպանության հատկանիշներով: Քննչական ծառայության հաղորդմամբ, ձերբակալվածներ դեռ չկան, կատարվում է նախաքննություն: Ռ. Ավետիսյանի դին տեղափոխվել է Երեւան` դիահերձման ու փորձաքննության նպատակով: Ըստ «Ազատության»` Արմավիրում տարածված լուրերի համաձայն, դեպքին նախորդել է վիճաբանություն զորամասում: