Երեքշաբթի օրն, ինչպես գրել էինք, ՀՀ տնտեսական մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովը հակամրցակցային համաձայնության փաստ է հայտնաբերել ավիափոխադրումների շուկայում: Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթը հայկական կողմից իրականացնում է «Արմավիան», թուրքական կողմից՝ «Ֆլայ էյր» ավիաընկերությունը: «Արմավիայի» տոմսերի այս չվերթի վաճառքն իրականացնում է «Բագրատ-տուր» ընկերությունը, որը 2004թ. հուլիսի մեկին թուրքական «Քուլե» ընկերության հետ պայմանագիր է կնքում, վերջինս պարտավորվում է հունվար-մարտ ամիսներին դադարեցնել «Ֆլայ էյրի» ուղեւորափոխադրումների պատվերը: Դրա փոխարեն` «Բագրատ-տուր» ՍՊԸ-ն պարտավորվում է «Արմավիայի» կողմից իրականացվող չվերթի յուրաքանչյուր վաճառված տոմսի արժեքի 50 դոլարը փոխանցել «Քուլեին»: Այսինքն, այս համաձայնության ընթացքում Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթն իրականացնում է տնտեսվարող երկու սուբյեկտներից մեկը՝ «Արմավիան»: Պայմանագրի կնքումից հետո հայկական կողմը չվերթի 170 դոլար արժողությամբ տոմսը վաճառել է 290 դոլարով, իսկ «Քուլեն» շահույթ է ստացել առանց աշխատելու: Արդյունքում տուժել է ուղեւորը:
Հանձնաժողովն այս համագործակցությունը համարեց «բացահայտ հակամրցակցային համաձայնություն, քանի որ առկա է այդ մասին վկայող պայմանագիրը»: «Բագրատ-տուր» եւ «Քուլե» ընկերությունները տուգանվեցին Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթի հասույթի 1 տոկոսի չափով: Հայկական ընկերության տնօրեն Բագրատ Նավոյանը հայտնեց, որ տուգանքը կազմում է մոտ 1,1 մլն դրամ:
«Մեր իրավաբանն այժմ ուսումնասիրում է այդ գործը,- ասաց Բ. Նավոյանը: -Եթե գտնենք, որ հանձնաժողովը ճիշտ է, տուգանքը կվճարենք, հակառակ դեպքում` կբողոքարկենք»:
Ի դեպ, հանձնաժողովին այդ հակամրցակցային համաձայնությունը հավաստող փաստաթուղթը տվել է հենց «Բագրատ-տուր» ընկերությունը: Պահանջված Երեւան-Անթալիա-Երեւան չվերթի փաստաթղթերի մեջ պատահաբար դրել է նաեւ այդ չարաբաստիկ պայմանագիրը:
Երեկ լրանում էր «Բագրատ-տուր» ՍՊԸ-ի երկրորդ տարելիցը, եւ տնօրեն Բ. Նավոյանը մյուս բոլոր ընկերություններին խորհուրդ տվեց իրենց նման չսխալվել:
Երեկ հանձնաժողովը 100.000 դրամով տուգանեց նաեւ «Աերոֆլոտ Ռուսաստանյան ավիաուղիներ» ընկերությանը, որն «Աշուն-2005» ակցիայի ժամանակ չի հայտարարել, թե զեղչ գներով քանի՞ տոմս է վաճառել եւ մոլորեցրել է հասարակությանը:
«Իջեւանի հեռավոր գյուղերից մի բնակչուհի լսել է այդ մասին եւ եկել է Երեւան, որ էժան տոմս գնի ու գնա իր փախած ամուսնուն ետ բերի,- ասաց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: -Էժան տոմս չի կարողացել գնել եւ արդյունքում տուժել է: Եթե նախօրոք հայտարարեիք, թե զեղչված քանի տոմս եք վաճառելու, գնորդները կկարողանային գնահատել իրենց հնարավորությունները եւ այդպիսի աժիոտաժ չէր առաջանա»:
Իսկ «Աերոֆլոտի» ներկայացուցիչ Գամառնիկ Ղահրամանյանն ազնվաբար խոստովանեց, որ այդ ակցիան կազմակերպել են, որովհետեւ ընկերությունը ֆինանսական ճեղքվածք է ունեցել: