Հատուցելու խնդիր չունենք

20/11/2010

«ՀՅԴ-ի համար ընդունելի են Մադրիդյան սկզբունքների երեք հիմնական դրույթները՝ ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը: Այս սկզբունքներն ընդունելի են, քանի որ տարածքային ամբողջականությունը չի վերաբերում Ադրբեջանի խորհրդային սահմաններին»,- երեկ ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Մնացածները սկզբունք չեն, մնացածներն այս սկզբունքների հիման վրա միջնորդների պատկերացրած քայլերն են, եւ մեզ համար ընդունելի չեն: Այդ առաջարկվող քայլերով անտեսվում է այն փաստը, որ ԼՂՀ ժողովուրդն առնվազն երկու անգամ իր կամքն արտահայտել է հանրաքվեներով՝ 1991-ին եւ 2006-ին: Այդ կամքն ասում է, որ ինքն ուզում է Ադրբեջանից անկախ ապրել»,- ասել է նա: Կ. Մանոյանի ասելով` այսօր Ադրբեջանին հատուցելու խնդիր չունենք, հատկապես, որ այդ տարածքները նույնքան հայկական են, որքան միջնորդների ասած ԼՂՀ ցանկացած տարածք. «Ամենակարեւորը՝ այդ տարածքներից հրաժարվելը փաստորեն անվտանգության հարց կստեղծի եւ՛ ԼՂ-ի, եւ՛ Հայաստանի համար»: