Մասնագիտությամբ տնտեսագետ եւ էներգետիկ Վահան Ջանոյանն ինքն իրեն համարում է ոչ թե սփյուռքահայ, այլ` համաշխարհային մարդ, որը մոլորակի տարբեր հարթություններում դեգերելով՝ վերջապես սեր է գտել: Զարմանալի անձնավորություն է. խոսքերի ջերմությունը, աչքերի փայլն ու անկեղծ ժպիտը մատնում են, որ նա անսահման երջանիկ է: Մեզ մոտ հայրենիքի թեման այնքան է անտեղի «մսխվել», որ շատերս չենք հավատում մարդու ու հայրենիքի հոգեբանական զգացողություններին: Ասում եմ` «Մեր օրերում հայրենիքի մասին լռությունն ավելի արժեքավոր է դարձել»: Այս հարցը Վ. Ջանոյանն այնքան անմիջական ու պարզ է նկարագրում, որ համոզվում ես, թե մարդու արժեհամակարգում որքան մեծ է հայրենիքի դերը: «Գիտես, չէ՞, որ մարդը սիրահարվում է` կյանքն իմաստավորվում ու գեղեցիկ զգացողություններով է լիցքավորվում: Մարդու ամենաերջանիկ պահերը սիրելու ժամանակ է լինում: Հայրենիքը սեր է: Երբ ես առաջին անգամ Հայաստան եկա` սեր գտա, սիրահարվեցի: Հայաստանն իմ սերն է»: Վայոց ձորի մարզի գյուղերից մեկում Վ. Ջանոյանը տուն է կառուցել, որն իսկական դրախտավայր է, բնության հրաշք, եւ ամեն տարի աշխարհի բազմաթիվ երկրներում շրջելուց հետո, նա մշտապես հանգրվանում է այնտեղ, որտեղ սեր կա` իր տանը: Մշտական բնակության վայր չունի, քանի որ ապրում է Շվեյցարիայում, Բեյրութում, Վաշինգտոնում, Բահրեյնում, սակայն, որպես կանոն, ավելի հաճախ լինում է Հայաստանում: Տան գիտակցությունն էստեղ է` Վայոց ձորում: Օրեր առաջ Գրողների միությունում կայացավ նրա «Վերադարձ» խորագիրը կրող գրքի շնորհանդեսը: Վ. Ջանոյանը ղեկավարում է էներգետիկայի միջազգային խորհրդատվական «PFC energy» ընկերության Շվեյցարիայի մասնաճյուղը: Մասնագիտական տարբեր նախագծեր իրականացնելուց բացի, Վ. Ջանոյանը Հայաստանի հետ «հանդիպումից» հետո սկսել է նաեւ գրել։ «Երբ սիրում ես` թղթի հետ զրուցելու քաղց ես զգում»,- ասում է նա:
– Յուրաքանչյուր սփյուռքահայ, որն ինչ-որ չափով ազգային գիտակցություն ունի` կամա թե ակամա, մտքում հայրենիքի մասին պատկերացում է կազմում, այսինքն` հայրենիքը կառուցում է իր հասկացողությամբ: Պետք է ասեմ, որ այդ պատկերացումները իրականության հետ շատ չեն համապատասխանում: Սփյուռքահայի համար հայրենիքի էապես լինելու, բայց ֆիզիկապես չլինելու պարզ իրողությունը ամենահատկանշական երեւույթներից մեկն է, քանի որ մենք մտքով, հոգով մի հայրենիք ենք ստեղծում, բայց իրական հայրենիքը միանգամայն այլ է, մեր կառուցածին նման չէ: Ես այդ զգացողությամբ, իմ պատկերացումներով 1989թ. առաջին անգամ եկա Հայաստան: Կասկած չկա, որ յուրաքանչյուր սփյուռքահայ պիտի ունենա թե՛ հիացմունքի եւ թե՛ հիասթափությունների զգացողություններ: Նորմալ բան է… Այսինքն` քո պատկերացրածը չէ, եւ ոչ ոք դրա համար մեղավոր չէ, որովհետեւ հայրենիքը ինքդ ես քո մեջ կառուցել: Շատերն են այդ ապրումներն ունենում: Փոքրուց հայրդ, մայրդ քեզ պատմություններ են պատմում, դպրոցը քեզ դաստիարակել է իր պատմություններով, գաղութը, եկեղեցին, այսինքն` դու տարբեր ինֆորմացիաներով ես պատկերացում կազմել: Երբ գալիս ես Հայաստան` կորիզը նույնն է, ճանաչելու շատ բան կա, ու շատ բաներ արդեն ծանոթ են թվում, դա հիանալի է, որովհետեւ մտածում ես` այն, ինչ պատմել են` ճիշտ է: Բայց այդ կորիզից դուրս, հավելյալ բաներ կան, որոնց մասին չես մտածել: Մենք ավելի ռոմանտիկ ենք: Այստեղ ապրած մարդը չի կարող այդ հոգեբանությունը հասկանալ, մեր ռոմանտիզմը, երազանքները… Դա հատուկ է հայրենիքում չապրող մարդկանց, որովհետեւ, օրինակ` ես Լիբանանում եմ մեծացել, եւ շատերը կային, որ ծնվելով Լիբանանում, բայց մեկ այլ երկրում ապրելով` նույն կարոտն ու ռոմանտիզմն էին ապրում: Սա հայկական երեւույթ չէ, հայրենիքից հեռու ապրելու կարոտը համամարդկային երեւույթ է, եթե, իհարկե, մարդն ազգային գիտակցության կրող է:
– Ձեր գրքում շատ եք կարեւորում Հայաստանի անկախացումը` նշելով, որ Սովետական Միության փլուզումից հետո օտարության մեջ ապրող հայերի համար մուտքը դեպի Հայաստան դարձավ անարգել:
– Այն ժամանակ արգելքներ կային: Իմ բոլոր հարազատները 1946-1947թթ. ներգաղթել են Հայաստան, եւ ինձ համար վերադարձը նաեւ նրանց փնտրելու, գտնելու դրդապատճառներ ուներ: Նույնիսկ 1970-ականներին շատ դժվար էր Հայաստան գալը: Օրինակ, հորաքույր ունեի, որն ապրում էր Ապարանի հեռավոր գյուղերից մեկում` Սարալանջում: 1960թ.-ին մայրս եկավ մի քանի ամսով, բայց արգելված էր այդ տարածքներ ոտք դնելը: «Ինտուրիստ» կոչվող մի կազմակերպություն կար, որը հսկում էր, եւ այդ կազմակերպության ներկայացուցիչներին պիտի հաշիվ տայիր` ո՞ւր ես գնում: Արգելված էր ընդհանրապես Հայաստանի գյուղեր ոտք դնելը, մարդկանց ապրելակերպով հետաքրքրվելը: Մորս գաղտնի, չգիտեմ ինչ ճանապարհներով` տարել են, որ գյուղում հորաքրոջս տեսնի: Հայաստան մուտք գործելուց հետո դու պիտի ամեն րոպե շարժվեիր «Ինտուրիստի» ներկայացուցչի հետ, այսինքն` Սովետմիության մեջ օտարի հետ շփումը չէր քաջալերվում, իսկ սփյուռքահայի հետ, առավելեւս, ավելի զգուշավոր էին: Գոյություն ուներ թռիչք կազմակերպող մեկ «Աերոֆլոտ» պետական փոխադրող, որով պիտի մեկնումը կազմակերպեին, ուրիշ ոչ մի ավիափոխադրող: Իսկ հիմա ընտրությունը շատ մեծ է, ազատ ես, կարող ես ուզածդ ավիաընկերության միջոցով, ուզածդ երկրից մեկնումդ կազմակերպել: Հայաստանում մեզ հատուկ կացության անձնագիր են տալիս, եւ ունենք բոլոր այն իրավունքները, որն ունեն տեղաբնակները: Բացառությամբ` ընտրելու եւ ընտրվելու իրավունքը, այսինքն` քաղաքականությանը մի խառնվիր, ինչ ուզում ես` արա: Ինձ համար առավել արժեքավոր բան չկա, քան հայրենիքում ազատ ապրելը, տուն ունենալը, գործ կազմակերպելը, իրավունքներից եւ օրենքներից օգտվելը, այսինքն` ազատությունը: Առաջ անկարելի էր, որ դրսից մեկը գար եւ հաստատվեր այստեղ: Դրա համար այսօր Հայաստանի եւ սփյուռքի մասին մտածելու փոխարեն՝ պիտի համաշխարհային իրականություն ստեղծենք, որովհետեւ մի սփյուռք չկա: Պարսկաստանի կամ Լիբանանի սփյուռքը ոչ մի կերպ չի կարելի համեմատել Եվրոպայի կամ Ամերիկայի սփյուռքի հետ: Փոքր-փոքր կղզիացած գաղութները չես կարող համարել մեկ ամբողջական սփյուռք:
– Այսինքն` սփյուռքահայերի համար անկախությունը դեպի Հայաստան ճանապարհներ բացեց: Սփյուռքահայության համար այն նույնքան արժեք է, որքան տեղաբնակների:
– Անկեղծ եմ ասում` մենք անկախության երազով ենք ապրել: Ես փոքր տարիքից Հայաստանի անկախության մասին եմ երազել: Հայաստանը հանկարծ անկախացավ, եւ դա եղավ շատ մարդկանց հերոսությամբ, արյունով ու տառապանքով: Բայց անկախության համար մենք հատուկ պայքար չենք տարել, դա պատահեց. Սովետական Միությունը փլուզվեց, բոլոր հանրապետություններն անկախացան, եւ Հայաստանն էլ՝ ներառյալ: Այսինքն` նվեր էր մեզ համար, որի համար մեր ժողովուրդը թանկ գին վճարեց` մարդկանց կյանքեր զոհաբերվեցին: Բայց պիտի ընդունենք, որ ժողովուրդներ, երկրներ կան, որոնք տասնամյակներ շարունակ անկախության համար պայքարել, պատերազմել, արյուն են թափել: Մեզ մոտ այլ կերպ էր, թերեւս դրա համար էլ անկախության արժեքը շատ չենք գիտակցում: Ես այսօր անտարբերություն եմ շատ տեսնում, ու սփյուռքահայի ամենամեծ հիասթափությունն այդ անտարբերության հետ բախվելն է: Անտարբերություն պետականության, հայրենիքի գիտակցության նկատմամբ: Այսինքն` մեր երկրում սխալները շտկելու, մի բան անելու խանդավառությունը չկա: Դա պիտի լինի թե՛ շարքային քաղաքացու, եւ թե՛ իշխանության մոտ, բայց եթե քաղաքացին հաշիվ չպահանջի` իշխանությունն ավելի կծուլանա: Այսօր աշխարհում էդպես է, օրինակ` Ֆրանսիայում. եթե քաղաքացին թամբալ դառնա, ծուլանա, պահանջներ չդնի` իշխանությունը չի չարչարվի, պահանջները չի կատարի:
– Մենք Ֆրանսիայում չենք, հետեւաբար մեզ մոտ հասարակական անգամ փոքրիկ ընդվզումներն ավարտվում են ճնշումներով ու բռնությամբ: Շարքային քաղաքացին գիտակցում է, որ իշխանության առաջ որոշակի պահանջ ներկայացնելիս ռիսկերի է դիմում: Մեզ մոտ իշխանություն-հասարակություն փոխհարաբերությունները «բռի» ու բիրտ են: Մարտի 1-ը ձեզ օրինակ: Հասարակական պահանջի, այդ խանդավառության «ալիքի» արդյունքում մենք զոհեր ունեցանք:
– Այո՛, գիտեմ, տեղյակ եմ: Գիտե՞ս՝ դրսում ապրած հայերը մի տեսակ կատարյալ հայրենիք գտնելու ակնկալիք ունեն: Ուզում ես նվիրվել, փայփայել, լավ բաներ անել: Բայց սխալները շտկելու համար պիտի ժողովուրդն ու իշխանությունը հավասարաչափ ջանք գործադրեն: Պետության շահն անձնական շահից վեր է:
– Դուք հայրենիքը կորցրածի ու գտածի ռոմանտիկ հայացքով եք վերաբերվում մեր իրականությանը, իսկ մենք այստեղ ապրում ենք այդ իրականության մեջ: Ձեր գրքում շատ է կրկնվում «երկու աշխարհ» արտահայտությունը: Նկատի ունեք Հայաստանն ու սփյո՞ւռքը։
– Դրա մասին բանաստեղծություն ունեմ: Այսինքն` մեկը մտքիդ մեջ կառուցած հայրենիքն է, ուր պահում ես անցյալդ, սնում ես որբացած ինքնությունդ, իսկ երկրորդ աշխարհն իրականությունն է, առօրյան է, որտեղ վաստակում ես անձնագիրդ եւ այս երկու աշխարհների մեջ գնում-գալիս ես: Երբ նետվում ես առօրյայի պահանջների մեջ` քեզ օտարացած ես զգում, դրա համար էլ գալիս ես տուն՝ նորոգվելու: «Վերադարձը» հասկանալու համար պիտի կարողանաս մի քիչ չվերադարձածի, սփյուռքի հոգեբանությունը հասկանալ:
– Հավանաբար գիտեք, որ Հայաստանում գրական կյանքը նահանջել է. գրքերը մեծ տպաքանակներով հրատարակվում են, բայց ընթերցողի խնդիր կա: Ձեր գրքի հրատարակումից ի՞նչ ակնկալիք ունեք: Գրքի շուկա մուտք գործելու նպատակ ունե՞ք:
– Երբ մեկը բանաստեղծություն է գրում` առաջինն իրեն է դա պետք, գրելու կարիք է զգում: Երբեմն բառերի շարքը չես կարող զսպել եւ չես էլ կարող դրանք ձեւավորել, սիրունացնել, որովհետեւ կխաղաս անկեղծության հետ: Դա մարդու միտքն ազատագրելու ձեւ է: Բանաստեղծը չպետք է գնա իր գրածի ետեւից ու հսկի, թե ինչ եղավ, այլ պիտի արձակի, ու վերջ: Գրքի շնորհանդեսը եղավ, ու վերջ. ես հիմա մտածում եմ հաջորդ գործերի մասին, բայց անշուշտ կուզեի, որ Հայաստանում բոլորը կարդային գիրքս: Ասելիքս հասկանան, ի վերջո, առանց լսողի ասելիքն իմաստ չունի: Բնականաբար, ոմանք խիստ կգնահատեն, ոմանք կհավանեն: Իսկապես գիրք կարդալու խնդիր կա Հայաստանում: Ես հիշում եմ, երբ 1989-ին առաջին անգամ եկա` դեռ Սովետմիություն էր եւ գրքի հանդեպ շատ մեծ սեր կար: Հորեղբայրս Հայաստանից ինձ գիրք էր ուղարկում, որովհետեւ էստեղ ամենաարժեքավոր արտադրանքը գիրքն էր: Բոլորի տներում գիրք կար, իսկ հիմա կապիտալիստական Հայաստան է… Արժեքները փոխվել են, բայց պետք է ասեմ, որ չեն էլ գիտակցում կապիտալիզմի գաղափարը: Աշխարհում գրքի շուկան այսօր մեծ թափով զարգանում է, ընթերցանությունը բարձր մշակույթ է, եւ հեղինակներն էլ շատ են խրախուսվում: Միջազգային ասպարեզում չեմ նկատել գրքի հանկարծակի անկում, ինչպես Հայաստանում է: Հակառակը` աշխարհում գիրքն ու գրականությունը բոլոր ոլորտների համար նոր ճանապարհներ են բացում: Կարդալու, մատուցման ձեւերը փոխվում են, տեխնիկայի ձեւաչափն է առաջ գնում, բայց միեւնույն է` գրականությունը զարգանում է: Որեւէ երկրում էսպես չի եղել. 20 տարվա մեջ բարձունքից միանգամից անկում: Սովետական Միության իշխանության օրոք արատավոր երեւույթների, անազատության հետ մեկտեղ՝ շատ դրական բաներ կային` մշակույթը, արվեստը, գրականությունը, կրթական ծրագիրը: Պետական օժանդակությունը մեծ էր: Բայց մյուս կողմից՝ այս ամենն իր բացատրությունն ունի, որովհետեւ մենք դուրս եկանք մի համակարգից` չունենալով մի նոր համակարգ: Հավատացե՛ք, որ ժամանակ է պետք այս ամենը վերաարժեւորելու համար: Չեմ ուզում ինչ-որ բան քարոզել, բայց դժվար է մի երկրում, ուր ուսանողն արդար ձեւով համալսարան չի ընդունվում, ուր ամեն քայլափոխի պիտի գումար տա առաջ գնալու համար… այս համակարգն ամենամեծ դավաճանությունն է ազգի հանդեպ: Այս պուճուր հայրենիքում մենք միայն մարդկային ռեսուրս ունենք, պիտի մեր հույսը դնենք կրթված սերնդի վրա: Այս խարդախ ճանապարհներն ազգասպանության նման բաներ են:
– Երեկ մի պարսկահայ մարդու հետ հարցազրույց էի անցկացնում: Ապշել էր մեր երկրում տիրող կաշառակերության աստիճանից: Իր փորձից նա ասում էր, որ ՀՀ-ում որեւէ բիզնես ծրագիր իրականացնելու համար յուրաքանչյուր փաստաթուղթ ձեւակերպելու համար ստիպված է եղել ամենուր կաշառք բաժանել: Դուք նման երեւույթների հետ առնչվե՞լ եք:
– Այո՛, այստեղ կոռուպցիան շատ է: Այս ձեւով երկիր չես պահի, մարդկանց օտարելու առաջին քայլը դա է: Օրինակ, մեքենա վարելու իրավունք տալու համար քննություն պետք չէ` փողը մուծում ես, եւ վերջ… Չգիտես` լաց լինես, խնդաս…
– Այսինքն` ամեն ինչ կարելի է գնել` օրենքը, իրավունքը, վճիռը…
– Այո՛, Հայաստանին, պետությանը սպառնացող ամենամեծ վտանգը ավելի շատ կոռուպցիան է, քան ադրբեջանական կամ թուրքական բանակը: Ամեն ինչ ծախելու վտանգը մտահոգիչ է: Ամեն ինչ վաճառվում է, եւ ամեն ինչ կարող ես գնել: Թեեւ պիտի ասեմ, որ օրենքով ապրել հնարավոր է: Անկեղծ եմ ասում` մինչեւ հիմա ես ոչ մի օրենք չեմ խախտել եւ ոչ մի անգամ որեւէ հարց լուծելու համար կաշառք չեմ տվել: Շատ մտերիմ կապեր ունեմ բարձրաստիճան պաշտոնյաների, գեներալների, նախարարների, Ոստիկանության համակարգի պաշտոնյաների հետ, բայց հավատա, որեւէ հարցով իրենց չեմ դիմել եւ երբեւէ չեմ խնդրի, որ մի հարցում միջամտեն: Ես օրենք սիրող մարդ եմ եւ եկել եմ Հայաստան՝ օրենքով ապրելու: