Բուժիչ նամակներ

20/11/2010

Դիզենտերիա

Դիզենտերիան աղիքային (հատկապես հաստ աղիի) սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որն այսօր լայն տարածում ունի: Դրա պատճառներն աղիքային շիգելլ տեսակի բացիլներն են, որոնք երկար ժամանակ պահպանվում են սննդամթերքի (բանջարեղենի, կաթի, յուղի, պանրի, եւ այլն) եւ բաց, աղտոտված ջրահորերի մեջ: Այս հիվանդությունն արտահայտվում է օրգանիզմի ընդհանուր թուլացմամբ, մարմնի դողով, ջերմության բարձրացմամբ, փորի շրջանում ցավերով, փորլուծությամբ (դեղնասպիտակ լորձով, երբեմն` արյունալույծ դրսեւորումներով): Մեր ընթերցողների խնդրանքով այսօր ժողովրդական որոշ միջոցներ կներկայացնենք դիզենտերիայի դեմ:

– 1 ճաշի գդալ գերչակը (կաստորկա) խառնեք 1 բաժակ գարեջրի հետ եւ միանգամից խմեք: Իհարկե, անմիջապես թուլություն կզգաք, ցավեր եւ կծկումներ կունենաք, սակայն հաղթահարեք այդ ցավը եւ քնեք: Հաջորդ առավոտյան ձեզ առողջ եւ թարմ կզգաք:

– Մոշի վրա եռջուր լցրեք եւ որպես թեյ խմեք: Արդյունքը նկատելի կլինի առաջին իսկ օրից:

– Կապույտ հապալասը (գալուբիկա) ժողովրդական բժշկության մեջ առհասարակ ճանաչված է որպես հակադիզենտերիկ միջոց: Նաեւ կարող եք հապալասի չոր պտուղների վրա եռջուր լցնել, թրմել եւ խմել:

– Հիվանդության հենց առաջին նախանշանների ժամանակ եւ բուժման ընթացքում նախաճաշելուց 30 րոպե առաջ օրը 1 անգամ 1-2 թեյի գդալ ալոէի թարմ քամած հյութ խմեք:

– 1 ճաշի գդալ թրթնջուկի արմատները (կորնի սչավելյա կոնսկոգո) 15 րոպե եռացնել 1,5 բաժակ ջրի մեջ, 4 ժամ թրմել, օրը 3-4 անգամ 1 ճ/գ խմել ուտելուց առաջ: Շատ լավ միջոց է:

Ի դեպ, թրթնջուկի մասին. Ավիցենան այս տեսակի թրթնջուկի մասին գրել է. «Թրթնջուկի արմատները քացախի մեջ եռացրած` օգնում է (վնասված) եղունգների հեռացմանը, իսկ գինու մեջ եռացրած թրթնջուկը (դրանով պատրաստված բուժիչ թրջոցները) շատ օգտակար է մկնատամ, որքին (լիշայ) հիվանդությունների դեպքում: Թրթնջուկից եւ ջրից պատրաստված թուրմի թրջոցներն օգտակար են քոսի դեպքում, իսկ բուն թրթնջուկը եւ հյութը օգտագործում են բաղնիքներում: Ատամնացավի դեպքում բերանի խոռոչը ողողում են թրթնջուկի թարմ հյութով եւ գինու հետ եռացրած թրթնջուկի թուրմով: Սա նաեւ օգնում է ականջի տակ առաջացած ուռուցքների դեպքում: Թրթնջուկը եւ նրա սերմերն ամրացնող հատկություն ունեն: Թրթնջուկը, հատկապես վայրի տեսակը, օգնում է կարիճի կծոցների դեպքում, իսկ եթե դրա սերմերն ուտեք կարիճների եւ օձերի խայթոցներից առաջ, ապա այդ կծոցները ձեզ չեն վնասի»:

– Մեր պապերը, պարզվում է, դիզենտերիան բուժել են հազարաթերթիկի միջոցով: 1ճ/գ չորացրած բույսի վրա 1 բաժակ եռջուր լցնել եւ փոքր-ինչ եռացնել: Թողնել սառչի եւ ուտելուց առաջ օրը 1 ճաշի գդալով խմել:

– Առաջին նախանշանների եւ բուժման ժամանակ հավասար քանակությամբ հազարաթերթիկի եւ արեւքուրիկի (զվերաբոյ) 1 ճաշի գդալ չոր տերեւների վրա 1 թեյի բաժակ եռջուր լցրեք եւ խմեք օրվա ընթացքում ճաշելուց առաջ:

– Ժողովրդական բժշկության մեջ այս հիվանդության բուժման համար օգտագործվում է նռան կեղեւը: 1 թեյի գդալ չոր կեղեւի վրա 1 բաժակ եռջուր լցրեք, թրմեք: Օրվա ընթացքում 2 բաժին` 2 բաժակ պատրաստեք եւ խմեք այն:

Դիզենտերիայի բուժիչ դեղատոմսերին կանդրադառնանք առաջիկայում: Այժմ նույն ընթերցողի խնդրանքով մի քանի դեղատոմսեր ներկայացնենք նաեւ դիսբակտերիոզի համար:

Դիսբակտերիոզ

Դիսբակտերիոզը օրգանիզմի, մասնավորապես` աղիների միկրոֆլորայի կազմի եւ քանակական հարաբերակցության փոփոխությունն է: Մարդու օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները չեն կարողանում պայքարել դրանց դեմ: Այս հիվանդության պատճառները մի քանիսն են. ստամոքսահյութի թթվայնության իջեցումը, աղիների անանցանելիությունը, անտիբիոտիկների չափից շատ օգտագործումը, որոնք մահացության են հասցնում միկրոֆլորայի մաս կազմող կարեւոր բաղկացուցիչներին, սննդակարգի խախտումները, ալկոհոլը, եւ այլն: Նախանշաններն են` փորլուծությունը, յուղոտ կղանքը, քաշի անկումը եւ անեմիան:

Ժողովրդական այս բուժամիջոցը ամենաարդյունավետն է համարվում դիսբակտերիոզի դեպքում: Ավելին, պատմում են, որ ակնթարթորեն բուժում է այն` մեկ օրում: Դեղատոմսի տարածման հեղինակն ապրել է գյուղում, բուժման առաջին օրերին նա կաթնամթերք է օգտագործել, քանի որ լսել էր, թե թթված կաթը բուժում է դիսբակտերիոզը: Բայց կաթը, կեֆիրը օգտագործելով հանդերձ` բուժման այդպես էլ չէր հասնում: Եվ ահա նրա ձեռքն է ընկնում մի դեղատոմս, որն օգնում է նրան: Կես լիտր կաթը տաքացնում եք, ավելացնում եք մեկական ճաշի գդալ բնական մեղր եւ շաքար: Մոտ 2 գրամ խմորիչ (դրոժի) եք ցանում վրան եւ 1 ժամ թողնում եք տաք տեղում, որպեսզի թրմվի: Հիշեք, որ 1 ժամից ավելի չի կարելի թրմել, այլապես չի ստացվի դեղամիջոցը: 1 ժամից ավելի թրմելու դեպքում կստացվի տնական յուրօրինակ գարեջուր, օղի: Դրանք հենց այն բակտերիաներն են, որոնք ոչնչացվել են: Թրմելուց հետո, ճաշելուց 1 ժամ առաջ այդ ամբողջը խմում եք: Ցանկալի է` առավոտյան: Մի քանի օր, մի քանի բաժակ դրանից խմելուց հետո դուք ամբողջովին կբուժվեք դիսբակտերիոզից:

– Կաթնաշոռի շիճուկը եւ նախկինում, եւ այսօր` ժամանակակից բժշկության մեջ դիսբակտերիոզի հիմնական բուժիչ միջոց է հանդիսանում: Պատրաստման ձեւը շատ հեշտ է: Կեֆիրը տեղադրեք տաք ջրի մեջ: Հետզհետե կեֆիրը կմասնատվի` կաթնաշոռի եւ շիճուկի: Հենց այդ շիճուկն էլ այն հրաշալի միջոցն է, որն անհրաժեշտ է բուժման` աղիների միկրոֆլորայի վերականգնման եւ նորմալ աշխատանքի համար:

– Դիսբակտերիոզը նաեւ կարող եք բուժել հետեւյալ կերպ. եռացրեք 1 լիտր կաթը, թողեք սառչի: Այնուհետեւ չորացրած սեւ հացը կտոր-կտոր տեղադրեք կաթի մեջ, թողեք 24 ժամ: Հետո կրկին չոր հացից կտորներ լցրեք մեջը: Ընդ որում, հացի այս վերջին կտորները պետք է մինչ այդ լավ ներծծված լինեն սխտորահյութով: Թթվեցրած կաթը պատրաստ է: Պետք է պահել սառնարանում, օգտագործել ուտելուց առաջ: Համեղ է եւ շատ օգտակար:

Այս հիվանդության հետ կապված դեղատոմսերին առաջիկայում եւս կանդրադառնանք։

Առողջ եղեք: