Կարգապահական տույժի են ենթարկել

18/11/2010

«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին, երեկ «Կոշ» ՔԿՀ-ում թույլ չեն տվել տեսակցել նրա հետ` պատճառաբանելով, որ նրան կարգապահական տույժի են ենթարկել, եւ որ նա գտնվում է պատժախցում, տեսակցություններն արգելվում են: Երեկ հնարավոր չի եղել Ն. Փաշինյանի հետ որեւէ կապ հաստատել: Երեկ, սակայն, Ա. Հակոբյանն ասաց, որ ՔԿՀ-ներում մոնիտորինգ իրականացնող դիտորդական խմբի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի գլխավորած խումբն այցելել է քրեակատարողական հիմնարկ: Խմբի անդամներից մեկն Ա. Հակոբյանին ասել է, որ Նիկոլի վիճակը նորմալ է: Այսօր` նոյեմբերի 18-ին, ժամը 13։00-ին «Հայկական Ժամանակ» թերթի խմբագրությունում (հասցե` Իսրայելյան 37), տեղի կունենա ասուլիս Ն. Փաշինյանի անվտանգության խնդրին նվիրված` նրան անհապաղ ազատ արձակելու պահանջով: Ասուլիսին մասնակցելու են «Չորրորդ ինքնիշխանություն», «Առավոտ», «Հրապարակ», «Ժամանակ», «168 Ժամ», «Հետք», «Հայկական Ժամանակ», «Իրատես դե ֆակտո», «Լրագիր»,«Armtoday», «Epress», «Ա1+» թերթերի, էլ.լրատվամիջոցների եւ հեռուստաընկերության ղեկավարները: