ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նոյեմբերի 4-ի նիստի ժամանակ թերացման եւ կոռուպցիոն երեւույթների համար խիստ քննադատության ենթարկեց առողջապահության, կրթության, գյուղատնտեսության ոլորտները: Մեր տեղեկություններով, սակայն, վարչապետն այդ քննադատությունները հնչեցնելու համար քաղաքական նկատառումներից բացի՝ ունեցել էր նաեւ մոնիտորինգային որոշակի տվյալներ: Այս տարի Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում ամենակոռումպացված ոլորտներն են ոստիկանությունը, առողջապահությունը, կրթությունը եւ սոցիալական ապահովությունը: Տ. Սարգսյանը տարբեր մասնաբաժիններով այս երեք ոլորտներին անդրադարձել է, որոշ պաշտոնյաների պաշտոնանկություն կամ կառուցվածքային փոփոխություններ իրականացրել է, բայց զարմանալի է, որ Ոստիկանությանը շրջանցել է, որեւէ կերպ չի անդրադարձել այդտեղ գոյություն ունեցող անօրինական երեւույթներին: Ընդ որում, այդ մոնիտորինգի տվյալներով` կոռուպցիոն ռիսկերի ամենաբարձր տոկոսն արձանագրվել է հենց Ոստիկանությունում: Մեր տեղեկություններով՝ հաջորդ ամենակոռումպացված ոլորտը եղել է առողջապահությունը, երրորդ եւ չորրորդ հորիզոնականներում համապատասխանաբար կրթության եւ սոցիալական ապահովության ոլորտներն են: