Երկու Պրեսկոտը մի Համարբերգ է

18/11/2010

ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը նախօրեին Փարիզում կայացած ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում անդրադարձել է 2008թ. նախագահական ընտրություններից հետո անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու խնդրին: Նա հայտարարել է, որ այդ հարցը լինելու է իր ուշադրության կենտրոնում առաջիկայում Հայաստան կատարելիք մոնիտորինգային այցելության ժամանակ: Այդ մասին երեկ «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` նշելով, որ Պրեսկոտը Հայաստան կժամանի 2011թ. հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին՝ իրականացնելու հերթական մոնիտորինգային այցելությունը: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ հաստատվում են այն կարծիքներն ու տեղեկությունները, որ նախորդ ամիս Երեւանում կայացած մարդու իրավունքների թեմայով համաժողովից հետո, ԵԽ ԽՎ-ն խստացրել է ճնշումը ՀՀ իշխանությունների նկատմամբ, եւ իշխանությունները քաղբանտարկյալներին ազատ արձակելու իրավական լուծումներ են փնտրում: Ընդ որում, նույնիսկ եվրոպացի պաշտոնյաների ձեւակերպումներն են փոխվել` Պրեսկոտն ասել է, որ «2008թ. նախագահական ընտրություններից հետո անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու հարցը լինելու է իր ուշադրության կենտրոնում»: Ավելին` այդ մասին ասում է Հայաստանի իշխանության այն ներկայացուցիչը, ում ֆունկցիան ավելի քան երկու տարի եվրոպական կառույցներում քաղբանտարկյալների ազատ արձակման թեման «արգելափակելն» է եղել: Նույն Դավիթ Հարությունյանը, սակայն, վերջին շրջանում ավելի հաճախ է խոսում քաղբանտարկյալներին ազատ արձակելու «իրավական ուղիների» մասին: Մի խոսքով, քաղբանտարկյալների առկայությունը հանդուրժելու «միջազգային ռեսուրսը» կարծես սպառվում է, եւ իշխանությունները` անկախ իրենց կամքից, ստիպված են լինելու ազատ արձակել նրանց: Այսինքն` բացառված չէ, որ «Պրեսկոտի վախից» դա տեղի ունենա մինչեւ հաջորդ տարվա փետրվար ամիսը: Զուտ մարդկային տեսանկյունից նշանակություն չունի, թե հանուն ում կամ ինչի ՀՀ իշխանությունները կդիմեն այդ քայլին, քանի որ կարեւորը անմեղ մարդկանց օր առաջ ազատության մեջ տեսնել է: Պարզապես այդ դեպքում հերթական անգամ ստիպված կլինենք արձանագրել, որ իշխանությունների համար պատժամիջոցները, կասկածելի եվրոպացիների այցերը շատ ավելի ազդեցիկ կարող են լինել, քան մարդկանց մեծամասնության, սեփական երկրի քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրատվամիջոցների` արդարացի պահանջը: