ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո հանդիպել է նաեւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք քննարկել են հայ-ռուսական երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարները: Նշելով, որ Ռուսաստանը եղել եւ մնում է Հայաստանի հիմնական առեւտրատնտեսական գործընկերը, Ս. Սարգսյանն ասել է, որ այս տարի Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 12 տոկոսով: Նա խոսել է նաեւ անցյալ տարի Հայաստանի տնտեսության մեջ ՌԴ-ի կողմից արված ավելի քան կես միլիարդ դոլարի ներդրումների մասին, որոնք այս տարի եւս շարունակվում են: «Մեր երկարաժամկետ տնտեսական կապերի ապացույցն են այն նախագծերը, որոնք մենք այժմ համատեղ իրականացնում ենք: Դա վերաբերում է Մեծամորի ԱԷԿ-ի նոր բլոկի շինարարությանը, մեր երկաթուղային տրանսպորտի արդիականացմանն ու ընդլայնմանը: Կան մեծ եւ երկարաժամկետ ներդրումներ կապի ոլորտում: Իրականում, մենք շատ լավ զարգանում ենք»,- ասել է Ս. Սարգսյանը` մեկ անգամ եւս ՌԴ կառավարության նախագահին շնորհակալություն հայտնելով ՀՀ-ին տրամադրված վարկի համար: Ս. Սարգսյանի խոսքով` եթե չլինեին այդ գումարները, տնտեսության վերականգնման գործում Հայաստանը զգալի դժվարություններ կունենար: Ըստ Սերժ Սարգսյանի, ցավոք, այդ ամենի հետ մեկտեղ, գյուղատնտեսության ոլորտում այս տարի անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, ինչպես եւ Ռուսաստանում, արձանագրվել է անկում. «Եթե մեր արդյունաբերությունն աճում է մոտ մինչեւ 10 տոկոս, ապա գյուղատնտեսությունում ունենք 17-18 տոկոս անկում: Սակայն լիահույս ենք, որ Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում՝ մենք դուրս կգանք ճգնաժամից, քանի որ մեր հիմնական ձեռնարկությունները կա՛մ համատեղ են, կա՛մ ռուսական կապիտալով»: Իսկ Վլ.Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանն իմանալով Հայաստանի կարիքները, պատրաստ է այսուհետ եւս համագործակցելու եւ աշխատանքային մակարդակով բոլոր հարցերը համաձայնեցնելու: «Չնայած մեզ մոտ եւս այս տարի լուրջ դժվարություններ կան գյուղատնտեսությունում, եւ դրանք կապված են եղանակային պայմանների հետ, այնուամենայնիվ, մենք արձագանքեցինք մեր հայ բարեկամների խնդրանքին ու այս տարի սեպտեմբերին ցորենի սերմացու ուղարկեցինք, որպեսզի ցանքը ժամանակին կատարվի, եւ մյուս տարի լավ արդյունք ապահովվի»,- ի պատասխան՝ ասել է ՌԴ վարչապետը:
Նա եւս նշել է, որ Ռուսաստանն ավանդաբար համարվում է Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերը, եւ ավելորդ է համարել այդ պարագայում ապրանքաշրջանառության մասին խոսելը` ընդգծելով, որ այն վատ մակարդակի վրա չէ: «Ճիշտ է, 2009թ. ճգնաժամային տարում ապրանքաշրջանառությունը մի փոքր նվազեց, բայց այժմ արագ վերականգնվում է: Նույնիսկ 2009թ. Հայաստանի տնտեսության մեջ աճել են ռուսական ուղղակի ներդրումների ծավալները. ընդհանուր առմամբ՝ դա մոտ 3 մլրդ դոլար է, իսկ ավելի ստույգ` 2,8 մլրդ դոլար: Նույնիսկ 2009թ. ռուսական ուղղակի ներդրումների ծավալն աճել է կես միլիարդով»,- ասել է Պուտինը` վկայակոչելով անցյալ տարվա ամռանը` հունիսին, Հայաստանին տրված 500 մլն դոլար պետական պարտքը: Նա հույս է հայտնել, որ այն օգտակար է եղել եւ տրվել է ժամանակին` սոցիալական ու տնտեսական ոլորտներում կայուն իրավիճակի ստեղծման համար: «Մեր խոշորագույն ընկերություններն ակտիվ աշխատում են հայկական շուկայում, եւ մենք երախտապարտ ենք Ձեզ, որ Դուք եւ Հայաստանի կառավարությունն այդ աշխատանքի, համագործակցության համար ստեղծում եք անհրաժեշտ պայմաններ»,- Ս. Սարգսյանին ասել է Վլադիմիր Պուտինը: