Ո՞ւմ ականջներն են երեւում «ձայնազուրկ» պատգամավորի ետեւից

18/11/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ազգային ժողովում երեկ շարունակվեցին փոխադարձ մեղադրանքները ՀՀԿ-ական պատգամավոր Սպարտակ Մելիքյանի եւ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի միջեւ:

ՎՊ-ն այդ պատգամավորին պատկանող «Անանիա Շիրակացի» ոչ պետական համալսարանում խախտումներ հայտնաբերելու մասին հայտարարություն էր արել, իսկ Ս. Մելիքյանն, իր հերթին, նախօրեին հայտարարել էր, թե ՎՊ աշխատակիցն «անձամբ իրենից» 4000 դոլար կաշառք է պահանջել եւ ասել, որ դա համաձայնեցված է Ի. Զաքարյանի հետ: Մելիքյանը հերքեց, որ իր համալսարանում խախտումներ են եղել, նա նաեւ բոլոր լրագրողներին հրավիրեց ծանոթանալու բուհի պայմանների հետ:

Երեկ Ազգային ժողովում արդեն ՎՊ 2011թ. տարեկան ծրագրի քննարկման ժամանակ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ «Անանիա Շիրակացի» համալսարանի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Ս. Մելիքյանին, եւ որ Սահմանադրության համաձայն՝ պատգամավորը թեեւ ունի սեփականություն ունենալու իրավունք, սակայն պահանջվում է, որ այն հանձնի հավատարմագրային կառավարման, ինչն այդ դեպքում չի արվել: «Մենք շատ լավ հասկանում ենք, որ Պալատի բաց ու հրապարակային գործունեության արդյունքում ծնված յուրաքանչյուր արձանագրություն կարող է բերել այն նույն գնահատականին, ինչ հնչեցվեց երեկ պատգամավորներից մեկի կողմից: Այն, ինչ արձանագրել ենք Անանիա Շիրակացի համալսարանում, միանշանակ ճիշտ է, հիմնավոր եւ անառարկելի»,- երեկ հայտարարեց Ի. Զաքարյանը: ՎՊ նախագահը նաեւ ասաց, որ իրենք դիմել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ վիրավորելու համար պատգամավորից բարոյական փոխհատուցում են պահանջում: Ի. Զաքարյանը նաեւ պատրաստվում է դիմել ԱԺ նախագահին` Ս. Մելիքյանին մանդատից զրկելու պահանջով, քանի որ վերջինս, խախտելով Սահմանադրությունը, իր սեփականությունը կառավարում է անձամբ:

Ս. Մելիքյանը երեկ կրկին պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ կաշառք պահանջելու մասին թեեւ որեւէ ձայնագրություն չունի, սակայն եղած փաստերն ու վկաներին դատարանում կներկայացնի: Նա ասաց, թե չէր ուզում բարձրաձայնել կաշառքի մասին, ուզում էր նախ հանդիպել Ի. Զաքարյանի հետ: «Բայց քանի որ երեկ իրանց ասելով՝ մեր բոլոր համայնքապետերին հարկավոր է նստացնել բերդ, բոլոր նախարարները թալանչի են, մեջներից սուրբն իրենք են, ես էլ ուզեցի ցույց տամ, որ մեջների ամենամեծ կոռումպացված համակարգն ինքն է… Ես շատ կարեւոր միտք ասեցի, որ այդ գործելաոճն աշխատում է արդեն մի քանի տարի: Սա առաջին դեպքը չէ, որ տարբեր հիմնարկություններ ստուգելուց, կա այդպիսի երեւույթ, եւ շատ պաշտոնյաներ վախենում են բարձրաձայնել: Առաջին հերթին կոռուպցիան նկատի ունեմ, նաեւ քաղաքական կոնտեքստում: Ամեն ինչ գալիս է սիստեմից: Եթե իրենց վերահսկող մարմինը թույլ է տալիս այդ ամեն ինչը անել, հետո իրենց հետ հարցերը կարգավորեն, պարզ է, որ բոլորն էլ թալանելու են»,- ասաց Ս. Մելիքյանը, ով միշտ այս կամ այն ուժի հովանու ներքո գտնվել է իշխանության մեջ կամ առնվազն կողքին:

Քաղաքական ենթատեքստը

ՎՊ-ի ու Ս. Մելիքյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը սկանդալային ու ինչ-որ առումով աննախադեպ է, որովհետեւ դժվար է հիշել նմանօրինակ դեպք, երբ իշխանական պատգամավորը մեղադրում է պետական կառույցին` կաշառակերության մեջ: Ամեն դեպքում Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ իշխանական թեւի ներկայացուցիչները իշխանական որեւէ կառույցի մեղադրեն կաշառակերության մեջ: Կաշառակերությունն, իհարկե, ՀՀ ցանկացած պետական կառույցում կա, բայց մեզ մոտ ընդունված է, որ այդ մասին իշխանավորը կարող է բարձրաձայն խոսել միայն ընդհանրացված ձեւով: Երեկ այս դեպքի շուրջ քաղաքական շրջանակներն արդեն քաղաքական դրդապատճառներ էին մատնանշում: ԱԺ պատգամավորներից ոմանք խոսում էին, թե Ս. Մելիքյանի այդ հայտարարությունը պատասխան էր ՎՊ նախագահին` այն տեղեկատվական արտահոսքի համար, ըստ որի` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ծառայողական մեքենայի համար ձմեռային 4 հատ զրահապատ անվադողերի դիմաց պետբյուջեից 20 մլն դրամ է վճարել: Խոսվում էր նաեւ այն մասին, որ արդեն բավական սրվել է իշխանական երկու թեւերի միջեւ եղած հակամարտությունը: Որոշ տեղեկությունների ու նաեւ մամուլի հրապարակումների համաձայն՝ Հ. Աբրահամյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, չնայած արտաքուստ լավ թվացող հարաբերություններին, դեռ տարեսկզբից որոշակի լարված փոխհարաբերություններ ունեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա թիմակիցների հետ: Վերջին շրջանում թվում էր, թե այդ լարվածությունը մեղմացել է, սակայն ՎՊ բացահայտումներից հետո այն նոր թափ ստացավ: Առնվազն նոր խոսակցությունների ու ենթադրությունների առիթ դարձավ: ԱԺ-ում եւ, առհասարակ, իր գործունեությամբ բոլորովին աչքի չընկած պատգամավոր Ս. Մելիքյանի հայտարարությունն իր կոլեգաները կապում են ոչ միայն վերը նշված արտահոսքի, այլ նաեւ Սոդքի ու Մեղրաձորի ոսկու հանքերը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունում խոշոր չարաշահումների մասին Ի. Զաքարյանի վերջին հայտարարությունների հետ: Հիշեցնենք, որ այս հանքերը հիշյալ ընկերությանը հանձնելու պայմանագիրը ստորագրվել է 2008թ. փետրվարին, Ռ. Քոչարյանի նախագահության եւ Ս. Սարգսյանի վարչապետության օրոք: ՎՊ ներկայացմամբ՝ այս ընկերությունը մտնում է «Կառլոու Բիվի» ընկերության մեջ, որն էլ, իր հերթին, «Գեոպրոմայնինգ Գոլդից» բացի, իր մեջ ներառում է եւս մի շարք հանքեր շահագործող ընկերություններ, որոնցից եւս երկուսը Հայաստանում են, երկուսը` Վրաստանում, մի քանիսն էլ՝ Ռուսաստանում: Եվ այդ բոլոր ընկերությունները գրանցված են օֆշորային տարբեր գոտիներում:

Երեկ ԱԺ-ում կրկին ակտիվացել էին խոսակցությունները, թե ԱԺ ընտրություններին ընդառաջ սրվել են նախկին նախագահ Ռ. Քոչարյանի ու գործող նախագահ Ս. Սարգսյանի հարաբերությունները, այդ պատճառով էլ երկու թիմերի փոխադարձ բացահայտումները, մեղադրանքներն ու վարկաբեկումները սրվել են նաեւ նրանց մերձավորների միջեւ: Հ. Աբրահամյանն ու Գ. Ծառուկյանը համարվում են նախկին նախագահի թիմակիցները: Ի. Զաքարյանը նախկինում թեեւ Գ. Ծառուկյանի թիմակիցն էր, սակայն վաղուց գործում է Ս. Սարգսյանի թիմի կազմում: Եվ ՎՊ-ի բացահայտումները որոշ պատգամավորներ դասում են ՀՀ կառավարության կողմից ԲՀԿ-ին բաժին հասած՝ Առողջապահության նախարարությանը կոռուպցիայի մեջ մեղադրելու, փոխնախարարներին պաշտոններից ազատելու դեպքերի շարքին: Իսկ Ս. Մելիքյանը համարվում է Հ. Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող պատգամավոր: ՎՊ-ի հետ կապված հայտարարությունից առաջ Ս. Մելիքյանը հայ հանրությանը հայտնի չէր, նա ԱԺ-ում ընդհանրապես աչքի չի ընկել ոչ օրենսդրական գործունեությամբ, ոչ էլ իր տեսակետը հայտնելու նախադեպերով: Նա թեեւ «Հանրապետական» խմբակցության անդամ է, բայց գրեթե անհայտ «Ժողովրդականություն եւ աշխատանք» կուսակցության նախագահն է: Երեկ շատերը նաեւ չէին բացառում, որ ՎՊ-ին կաշառք պահանջելու մեջ մեղադրելու համար նրան դրդել է ԱԺ ղեկավարությունը: Կանխատեսումներ կան, որ նման փոխադարձ մեղադրանքներ իշխանական երկու թեւերի միջեւ դեռ կշարունակվեն: Երեկ, ի դեպ, քննարկման ժամանակ Ս. Մելիքյանին օգնության հասավ ԱԺ նախագահի ազդեցությունը կրող մեկ այլ պատգամավոր՝ ՀՀԿ անդամ Արտակ Դավթյանը: Նա նախ դիտողություն արեց ՎՊ նախագահին, թե Սահմանադրությունը ամենեւին չի սահմանափակում պատգամավորի սեփականության իրավունքը: Հետո կասկածի ենթարկեց ՎՊ աշխատակիցների մասնագիտական կարողությունները: Նա նաեւ հարց ուղղեց, թե արդյոք ՎՊ որեւէ աշխատակից թերացման համար պատժվե՞լ է:

Երեկ խոսակցություններ կային, թե իշխանական այս երկու թեւերի հարաբերությունները հաջորդ տարի ավելի կսրվեն՝ թեկուզ այն պատճառով, որ 2011թ. ՎՊ-ն լայնածավալ ստուգումներ է անցկացնելու Առողջապահության ու Քաղաքաշինության նախարարությունների ենթակայության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դեղորայքի տրամադրման, բժշկական սարքավորումների եւ շտապօգնության մեքենաների ձեռքբերման, տուբերկուլյոզի դեմ պայքարի, հաշմանդամ երեխաների համար օրթեզներ եւ կորսետներ պատրաստելու, անվճար բուժօգնության, կրթական օբյեկտների շինարարության, նորոգման, նախագծային աշխատանքների կատարման բնագավառները: