Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ-ական պատգամավոր Ռուզան Առաքելյանը հետաքրքրվել է գազի սակագների հնարավոր բարձրացման մասին, ինչին ի պատասխան, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել է, թե այժմ իրենք բանակցում են եւ փորձում են այնպես անել, որ Հայաստանում գազի ներկրման ներկայիս գինը չփոխվի: «Ինչքանո՞վ դա մեզ կհաջողվի՝ բանակցությունների խնդիր է, եւ դեռ ժամանակ ունենք. շուտ է՝ ինչ-որ եզրակացություն անենք: Տեսնենք, թե ի՞նչ կստացվի: Թիվն այս պահին՝ թե ինչքանով կբարձրանա, քանի որ մենք մեր բանակցությունների խնդիրը դա չենք դրել, այս պահին դրա մասին խոսելը շուտ է: Գազի գները ՀՀ-ում պետք է ապրիլի 1-ից փոխվեն, եթե փոխվելու լինեն: Ժամանակ կա, կբանակցենք, կտեսնենք»,- ասել է Մովսիսյանը: «Պարոն Մովսիսյա՛ն, պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ»,- տեղից արձագանքել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: