Նաեւ «անազատության» մեջ գտնվողների մասին

18/11/2010

ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը երեքշաբթի օրը Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում անդրադարձել է 2008թ. նախագահական ընտրություններից հետո «անազատության» մեջ գտնվող ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու խնդրին: ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին Փարիզից հաղորդել է, թե Պրեսկոտը հայտարարել է, որ այդ հարցը լինելու է իր ուշադրության կենտրոնում առաջիկայում Հայաստան կատարելիք մոնիտորինգային այցելության ժամանակ:

Նրա փոխանցմամբ, Պրեսկոտը Հայաստան կժամանի հաջորդ տարի` հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, իրականացնելու հերթական մոնիտորինգային այցելությունը: Պրեսկոտն ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու վերաբերյալ կոնկրետ ժամկետներ չի նշել: Միջազգային տարբեր կառույցները եւ եվրոպացի պաշտոնյաները Հայաստան կատարած այցերի ժամանակ հաճախ են անդրադառնում անազատության մեջ հայտնված ընդդիմադիրների խնդրին: Հարցին, թե` Հայաստանի իշխանությունները կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկում նրանց ազատ արձակելու ուղղությամբ, Դ.Հարությունյանը պատասխանել է, որ այս խնդիրը իրավական հարթության մեջ է: «Պարզ է մի բան, որ այս փուլում գոյություն ունեն մի քանի եղանակներ, եւ դրանցից մեկը հավանաբար պետք է գործադրվի` մեկը պայմանական վաղաժամկետ ազատումն է, մյուսը՝ ներումն է կամ համաներումը, եւ մյուսը` պատժի կրումը: Այս չորս եղանակներն են, որ նախատեսված են մեր օրենսդրությամբ: Համաներումը ՀՀ նախագահի իրավասության ներքո է, ներումը` նույնպես, բայց այս դեպքում անձը պետք է դիմի դրա համար: Ինչ վերաբերում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակմանը, ապա դա սովորական գործընթաց է, որն իրականացվում է, եւ կային անձինք, որոնք վերջերս ազատվել են»,- նշել է Դ. Հարությունյանը` ավելացնելով, թե հնարավոր է՝ շարունակվի ընդդիմադիր գործիչների վաղաժամկետ ազատ արձակման գործընթացը:

Հիշեցնենք, որ վերջերս պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ՀԱԿ Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանը:

Ի դեպ, Մոնիտորինգի հանձնաժողովում Պրեսկոտն անդրադարձել է նաեւ «Ա1+» հեռուստաընկերության խնդրին եւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին: