Մի քանի օր առաջ ես պատահաբար գտա տարիներ շարունակ ինձ տանջող «Ո՞րն է ազգայինը» հարցի պատասխանը։ Գիտե՞ք՝ ինչպես։ Դե, փորձեք գուշակել։ Մատենադարանո՞ւմ՝ ոչ։ Պատմության թանգարանո՞ւմ՝ դարձյալ ոչ։ Չարենցի գործերո՞ւմ՝ ոչ եւ ոչ։ Երեք օր առաջ պատահաբար ընկերս ինձ հրավիրեց «Էրգիր» ռեստորան, եւ այդ նկուղում ես գտա «ազգայինը»։
Ուրեմն դա մի երկար կամարակապ նկուղ է, որի աջ կողմի պատերը ներկայացնում են հայոց գավառները. մամռոտած ժայռեր՝ անմարդաբնակության ակնհայտ նշաններով, մենավոր եկեղեցիներ, մի գառ ու մի այծ, որոնք հավանաբար արածեցվում են հեռակառավարման վահանակով։ Սա աջակողմյան բնապատկերն է։ Աջակողմյան, եթե դեմքով նստած ես դեպի կամարակապ դահլիճի խորքում կախված մեծ կտավը, որում Գեւորգ Չաուշը ոտքը քարին դրած նայում է… (հավանաբար դեպի Եվրոպա)։
Եվ մինչ ես ուսումնասիրում էի շրջապատը, թիկունքումս հանկարծ թնդաց նվագախումբն, ու երգիչը զիլ ձայնով սկսեց. «Ել-իր դաշ-նակ Դը-րո»։ Երգն ավարտվեց, դադար եղավ… Հինգ րոպե անց նվագախումբը կրկին սկսեց. «Ել-իր դաշ-նակ Դը-րո»։ Երկրորդ կատարմանը միքսով միացավ խրոխտ տոնայնությամբ մի սգերգ, ըստ որի` պատմական ու աշխարհաքաղաքական ինչ-որ պատահարի զոհ դարձած մի հրամանատար իջնում էր գերեզման։ «Իջավ գերեզման» բառերի հաճախադեպ կրկնությունը վիդեոինստալացիայի տպավորություն էր թողնում, եւ եթե հաշվի ես առնում, որ դու այդ պահին նստած ես, այնուամենայնիվ, անդրաշխարհում, գերեզման իջնողի հետ հանդիպումը գրեթե անխուսափելի է դառնում։ Ամերիկյան հանրահայտ ատրակցիոնների հեղինակները կերազեին նման էֆեկտ ստանալ։
Դաշնակ Դրոյին բարձրացնելու եւս երկու թե երեք անհաջող փորձ անելուց հետո նվագախումբը կատարեց «Պարտեզում վարդ էր բացվել» հանրահայտ գուսանական երգը։ Քնարական այս զեղումն ամեն ինչ դրեց իր տեղը։ «Այո՛, այո՛ մեր նոր սահմանադրությանը»,- մտածեցի ես։ «Բայց ինչ կապ ունի նոր սահմանադրությունն այս երգի հետ»,- կհարցնի շփոթված ընթերցողն ու կընկնի ծուղակը։ Ներեցեք, իսկ ի՞նչ կապ ունի նոր սահմանադրությունը մեր իրականության հետ։ Խելքին շատ զոռ տալու դեպքում երգի եւ սահմանադրության մեջ կապ կարելի է գտնել, բայց սահմանադրության եւ իրականության կապն անգո է։ Օրինակ՝ կարելի է ասել, որ պարտեզում բացված վարդը, որը, եթե հիշում եք, սպասում էր սոխակին, Եվրամիությունն է, իսկ սոխակը հայ ժողովրդի դրական քվեն է նոր սահմադրությանը։ Անիմացիոն միջոցներով կարելի է ավելի տպավորիչ պատկեր ստանալ։ Օրինակ՝ Վենետիկի ջրանցքներից մեկի մոտ Ջանի Բուքիքյոյի տեսքով բացված վարդը հանկարծ նկատում է, որ իր վրա են գալիս սոխակների պարսեր (գիտեմ, որ թռչունները երամով են գալիս)։ Ուշադրությունը մի քիչ լարելով նկատում է, որ դրանց մեջ են Տիգրան Թորոսյանը՝ Լեռնահայաստանի արծվի թեւաբախումով, Շավարշ Քոչարյանը՝ դեղձանիկի շփոթվածությամբ, «Էրգիր» ռեստորանի աջակողմյան բնապատկերներից պոկված բազեներ ու անգղներ։
Իսկ սահմանադրությունն իրականության հետ կապելու բոլոր փորձերն իսկապես ձախորդ են, որովհետեւ մեր հոգեկերտվածքն ինքնին հակասահմանադրական է։ Նոր Հաճընում կատարված ընտրությունը դրա վառ ապացույցն է։ Ընտրել մարդասպանին՝ ասելով, թե նա որպես քաղաքապետ լավ էր նայում քաղաքին, եռակի հակասություն ունի եվրոպամետ մեր սահմանադրության հետ։
Ակնհայտ մարդասպանին ընտրելով, ընտրազանգվածն արհամարհական վերաբերմունք է արտահայտում օրենքի, օրինականության եւ դատական համակարգի նկատմամբ։ Սա՝ մեկ։ Երկրորդն՝ այդ ընտրազանգվածը չի գիտակցում մարդկային արժեքներից ամենակարեւորն՝ ապրելու իրավունքը, հետեւաբար` ինքնապաշտպանությամբ մարդասպանություն արդարացնողներն աֆրոինտեգրացման են ենթակա եւ իրավունք չունեն եվրոպական արժեքներն անգամ մտովի շոշափելու։ Եվ երրորդ՝ նրանք, ովքեր կարծում են, թե քաղաքապետը քաղաքին նայելով մեծ լավություն է արել իրենց, առնվազն չգիտեն, որ քաղաքապետի պարտքն ու պարտականությունն է քաղաքին լավ նայելը, իսկ իրենց իրավունքն ու պարտականությունը լավ ղեկավար ընտրելն է։ Երկրի վարչապետն էլ, ով կրակած զենքի նվիրատուն է, ընտրազանգվածի վարքով բավարարված, ակնարկում է, թե ժողովուրդ են, մի բան գիտեն։
Հիմա նոյեմբերի 27-ին այս ընտրազանգվածը սահմանադրությանը քվե է տալու։ Եթե կարդացել են սահմանադրության տեքստը եւ անկեղծ են, ուրեմն պետք է ասեն՝ ոչ, քանզի իրենց իմացած բաներն այս սահմանադրության մեջ գրված չեն։
Բայց այս հարցում շատ խորանալ պետք չէ, որովհետեւ ՀՌԱՀ նախագահ Ալեքսան Հարությունյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 12-ի համարում ասում է, թե «…այդ «այո»-ն անհրաժեշտ է Հայաստանին, ու եթե մենք մտել ենք եվրոպական ընտանիք՝ պետք է այդ Սահմանադրությունն ընդունել` անգամ շատ չքննարկելով, թե ինչո՞ւ»։
Գնահատելով Ալեքսան Հարությունյանի անկեղծությունն, ուզում եմ ասել, որ մինչեւ հանրաքվեն մնացած մեկ ամիս ու մի քանի օրն իսկապես շատ կարճ ժամանակ է նման ծավալուն հարց քննարկելու համար, հատկապես` որ Հ1-ի եւ իշխանահաճո մյուս ալիքների հանրաքվեին նախորդած ամբողջ ժամանակը տրամադրվել է «երեկոյան կոկտեյլներին», «բեռնարդշոուներին», հայկո-մկոներին ու նմանատիպ զվարճություններին։
Երկու օր առաջ «Արթբրիջ» սրճարանում հանդիպեցի իմ լավ բարեկամ, արձակագիր ու թարգմանիչ Սամվել Մկրտչյանին։ «Ի՞նչ կա-չկա» հարցիս ի պատասխան` մեկնեց «Արտասահմանյան գրականություն» հանդեսի այս տարվա երրորդ համարը։ Սկսեցի թերթել։ «Մարդիկ, ովքեր մինչեւ վիզը քաքի մեջ են, քայլում են գլուխները բարձր»։ Սա 1997-ի գրական Նոբելյանի դափնեկիր Դարիո Ֆոյի միտքն է, որ մեջ է բերել մեր հայրենակից, կանադահայ գրող Արա Բալիոզյանը։
Շարունակելով թերթել Արա Բալիոզյանի օրագրային գրառումները` հասկացա, որ դրանք ուղղակի հենց մեր մասին են։ Օրինակ՝ «Պրոպագանդայի նպատակն այն է, որ ապացուցի, թե Մեծ սուտն է ճշմարտությունը եւ ոչինչ բացի ճշմարտությունից» կամ` «Ուզո՞ւմ ես հայ մնալով հանդերձ` ողջ մնալ։ Սովորիր ասել «այո՛, տեր»։
Կարդում էի ու մտածում, որ Նոբելյան մրցանակակիր Դարիո Ֆոյին եւ առավելեւս Արա Բալիոզյանին մեր հեռուստաալիքները երբեք չէին հրավիրի քննարկումների՝ ոչ առաջ, ոչ հիմա, ոչ էլ, առավել եւս, վաղը, որովհետեւ վաղն արդեն կարիք էլ չի լինի. մենք արդեն ունեցած կլինենք եվրոպական չափանիշներով սահմանադրություն։