«Կոշ» ՔԿՀ-ում բանտարկված քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կոտրվել, այլ շարունակում է իր ակտիվ հրապարակախոսական գործունեությունը, ինչը գրգռում եւ շարունակական լարվածության մեջ է պահում գործող հանցախմբին: Նրան լռեցնելու համար, անօրինական ձերբակալման պահից սկսած, իշխանությունները դիմել եւ դիմում են անթույլատրելի ցանկացած քայլի: Պարբերաբար կիրառվող բռնություններն ու ճնշումները հասել են իրենց գագաթնակետին եւ ամեն վայրկյան կարող են հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների:
Համակարգին ներսից քաջածանոթ նախկին քաղբանտարկյալներս համոզված ենք, որ Նիկոլի նկատմամբ կիրառվող բռնությունները կազմակերպված են եւ քաջալերվում են ադմինիստրացիայի կողմից: Այլապես իշխանությունների կողմից պարզ հանձնարարությամբ ցանկացած քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում կալանավորին սպառնացող վտանգները չեզոքացնելը:
Նկատի ունենալով վերոհիշյալը` մենք` ներքոստորագրյալ նախկին քաղբանտարկյալներս, հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «Կոշ» ՔԿՀ-ում կիրառվող բռնությունների եւ նրա կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգների ողջ պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները:
Միեւնույն ժամանակ պահանջում ենք անհապաղ դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական վենդետան եւ համապատասխան քայլեր ձեռնարկել նրա կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները վերացնելու ուղղությամբ:
Գրիգոր Ոսկերչյան, Սմբատ Այվազյան, Մկրտիչ Աբրահամյան, Ալեքսանդր Արզումանյան, Մկրտիչ Սափեյան, Հուսիկ Բաղդասարյան, Գագիկ Հովհաննիսյան, Վարդան Մալխասյան, Աշոտ Զաքարյան, Ժիրայր Սէֆիլյան, Դավիթ Առաքելյան, Գեւորգ Ղազարյան, Գագիկ Ջհանգիրյան, Ժորա Սափեյան, Միսակ Հովակիմյան, Պետրոս Մաքեյան, Հովհաննես Հարությունյան, Վարդան Ղավալբաբունց, Աշոտ Մանուկյան, Հովհաննես Ղազարյան, Վահագն Հայոցյան, Վարդգես Գասպարի, Գեւորգ Մանուկյան, Կարապետ Ռուբինյան, Երջանիկ Աբգարյան, Գուրգեն Եղիազարյան, Մասիս Այվազյան, Լեւիկ Խաչատրյան, Արշակ Բանուչյան, Տիգրան Առաքելյան, Խաչիկ Սիմոնյան, Դավիթ Մաթեւոսյան