ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, երեկ մասնակցել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացված տոնական միջոցառմանը: Իսկ նոյեմբերի 16-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցում տեղի է ունեցել բարեգործական ճաշկերույթ, որին մասնակցել է ռուսաստանաբնակ շուրջ 150 հայազգի գործարար:
Ճաշկերույթի ավարտին Ռուսաստանի հայ գործարարները «Հայաստան» համահայկական հիմնադրամին խոստացել են փոխանցել 8 մլն ԱՄՆ դոլար: Առավելագույն գումարը խոստացել է գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ 2 մլն դոլար: «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանն իր հերթին խոստացել է հատկացնել 1,6 մլն դոլար: Նշենք, որ այդ գումարը դեռ վերջնական չէ եւ կարող է ավելանալ նոյեմբերի 25-ին կայանալիք հեռուստամարաթոնի ընթացքում: Այս տարի մարաթոնն անցկացվում է «Ջուրը կյանք է» կարգախոսով: Հանգանակված գումարներն ուղղվելու են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի ջրի խնդրի լուծմանը: Հիշեցնենք, որ 2009թ. կայացած մարաթոնի ժամանակ Ռուսաստանից հանգանակվել էր շատ ավելի փոքր գումար` 5 մլն դոլար: Գործարարների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում Ս. Սարգսյանը խոսել է «հարգանք վաստակելու եւ այն վայելելու մասին»` ասելով. «Խոսքս, անշուշտ, չի վերաբերում առանձին անհատների: Խոսքս մի ամբողջ ազգի եւ պետության նկատմամբ հարգանքի մասին է: Մենք պետք է հետեւողականորեն շարունակենք ազգովի վաստակել ու վայելել առավել մեծ հարգանք ողջ աշխարհում, ունենալ առավել բարձր հեղինակություն եւ վարկ: …Այսօր նոր իրականություն ունենք. աշխարհին այսօր մենք առաջին հերթին ներկայանում ենք որպես պետություն եւ որպես աշխարհասփյուռ հայություն: Ուրեմն մեր կարեւորագույն նպատակներից մեկն էլ պիտի լինի այն, որ ուրիշները հարգեն տարբեր մայրցամաքներում գտնվելու, բայց միասին լինելու, ընդհանուր գործ անելու մեր կարողությունը, հինավուրց ազգի համամոլորակային համերաշխության դրսեւորումը: Հավատացե՛ք, սա քչերին է տրված եւ հաստատ արժանի է հարգանքի: …Հայտնի է, որ կան պետություններ, որոնք փորձում են օտարներին հարգանք պարտադրել իրենց զենքով ու զորքով, բայց նաեւ հայտնի է, որ դրանք ավելի հաճախ հարուցում են ատելություն, քան հարգանք: Դա մեր ճանապարհը չէ: Պոռոտախոսությունը նույնպես մեր ճանապարհը չէ: Մեր ճանապարհը արարելու, ստեղծագործելու եւ խաղաղություն պարտադրելու ճանապարհն է: Այսպիսով. մենք պետք է հիմնավորապես կառուցենք ու վերակառուցենք մեր տունը: Նրա բնակիչները պետք է պաշտպանված լինեն ռազմական, իրավական եւ սոցիալական առումներով: Մենք պետք է շարունակաբար ամրանանք` դրսեւորելով տասը միլիոն հայերի համերաշխությունը: Ազգային արժանապատվությունն այլ կերպ չի լինում: Սա մեր հարգանքն է մեր նկատմամբ, որից սկսում եւ մեծանում է մյուսների հարգանքը մեր հանդեպ: Ես չեմ կասկածում, որ այս ճանապարհով հավաքական հայությունը կվայելի ավելի բարձր հեղինակություն, եւ նրա առջեւ կբացվեն ավելի լայն դռներ: Աշխարհում Հայաստանից հետո ամենաշատ հայեր ապրում են Ռուսաստանում: Այստեղ ձեզ ճանաչում են, ընդունում ու հարգում: Այս իրողությունը ձեզ համար եւ՛ պատիվ է, եւ՛ պարտավորություն: Դուք լավ գիտեք վաստակած հարգանքի գինը եւ զգում եք դրա խթանիչ ուժը ձեր գործունեության համար: Ես հենց այդ զգացումը նկատի ունեմ, եւ դրա բազմապատկման կարեւորությունն եմ մատնացույց անում»:
Իսկ երեկ «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացված տոնական միջոցառմանը Ս. Սարգսյանն իր ելույթում ասել է. «Այո՛, ճակատագրի բերումով մեր ժողովրդի մեծ մասն ապրում է իր պատմական հայրենիքի սահմաններից դուրս. հայրենիք, որին միշտ փորձել են բզկտել ու փոքրացնել: Եվ այդ զարգացումների շարունակական կրկնությունից խուսափելու միակ հնարավոր ուղին մեր անկախ պետականության վերականգնումն էր: Այսօր հայ ժողովրդի գոյության, պահպանման ու զարգացման հիմնական գրավականը Հայաստանի Հանրապետությունն է` մեր ազգային օջախը, որի անվտանգությունն ու բարեկեցությունը կախված է հենց մեզնից: Անկախ պետականության վերստեղծումը հեշտ գործ չէր, սակայն դա այն մեծագույն պատիվն էր, որ մեր ժողովուրդը ստանձնեց կամավոր եւ գիտակցաբար` կրելով եւ՛ հաջողությունների, եւ՛ դժվարությունների ողջ պատասխանատվությունը: Ստանձնեց, քանի որ դա է մեր տեսակը պահպանելու միակ հարատեւ ու կայուն ձեւը: Եվ այդ առաջին դժվարին օրերից մինչեւ այս պահը սփյուռքի մեր եղբայրներն ու քույրերը եղել են մեզ հետ, մեր կողքին: Հայոց վերականգնված պետականության շուրջ է համախմբվել մեր ողջ աշխարհասփյուռ ժողովուրդը: Հենց այդ համախմբման շնորհիվ էր, որ մեզ հաջողվեց կանխել Արցախի դեմ ծրագրված ցեղասպանությունը, սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար դատին եւ նպաստել հակառակորդի գերազանցող ուժերը հետ մղելուն: Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բայց նաեւ թույլ չենք տալու, որ որեւէ մեկը փորձի մեզ ստորադասել: Դարեր շարունակ աշխարհի բոլոր ծայրերում յուրաքանչյուր հայ եղել է մեր ժողովրդի դեսպանը նաեւ այն ժամանակ, երբ մենք զուրկ էինք պետականությունից: Այսօր, առավել քան երբեւէ, մենք պարտավոր ենք ամենուր ամրապնդել հայի բարի համբավը` մեր ազնիվ ու ստեղծագործ աշխատանքով: Ասածիս լավագույն ապացույցներից է Ռուսաստանի հայ համայնքը` իր հարուստ պատմությամբ եւ հզոր մարդկային ներուժով: Անուրանալի է մեր հայրենակիցների ներդրումը հայ-ռուսական համագործակցության ընդլայնման եւ հատկապես դրա տնտեսական բաղադրիչի զարգացման մեջ: Պատահական չէ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ հուսալի գործընկերը: Պատահական չէ նաեւ, որ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ասպարեզում հենց Ռուսաստանն է զբաղեցնում առաջին տեղը: Սա օրինակելի միջպետական հարաբերությունների դրսեւորում է, որի զարգացմանը նաեւ նպաստում է այս երկրում ապրող հայ համայնքը»: Նաեւ հավելել է. «Իմ պաշտոնավարության առաջին քայլերից էր կառավարության կազմում Սփյուռքի նախարարության ստեղծումը: Այն արդեն կարելի է համարել կայացած կառույց, որի միջոցով լավ հիմքեր են դրվել մեր համատեղ աշխատանքի համար: Այժմ մեր խնդիրը Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ընդլայնումը եւ աշխարհասփյուռ հայության ներուժի համադրումն է»: