Նոյեմբերի սկզբին բարեբախտություն ունեցա մի քանի օր անցկացնել Կանարյան կղզիներից մեկում` Գրան Կանարիայում: Չորս կողմից Ատլանտյան օվկիանոսի ամառ-ձմեռ տաք ջրերով ողողված կղզին իսկական դրախտ էր: 30 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճան, տրոպիկական բուսականություն, մաքուր օդ, բարեկիրթ եվրոպացիներ, կակադուների երամներ: Սակայն այդ մասին գրվել է` վաղուց եւ մանրամասն:
Կղզում հայտնվելուց հետո բնավ չեմ փորձել որեւէ հայ փնտրել, քանի որ զբոսաշրջիկներին Կանարյան կղզում հանգստանալու առաջարկ անող տուրօպերատորները` որպես կղզու հիմնական առավելություններից մեկը, նշում են` այնտեղ հայեր գրեթե չկան: Այսինքն` հանգիստը պիտի որ լիարժեք լինի: (Թեեւ արդեն վերադառնալիս` Գրան Կանարիայի օդանավակայանում հանդիպեցի մեր հայրենակից, Գերմանիայում բնակվող ջութակահար Սերգեյ Խաչատրյանին):
Կղզում ամեն ինչ այնպես էր, ինչպես նախապես Համացանցից տեղեկացել էի: Միակ բանը, որ գրեթե անակնկալի բերեց, այն էր, որ հանգստացողների մոտ 90 տոկոսը տարեց մարդիկ էին` 60-ն անց զույգեր` Գերմանիայից, Բելգիայից, Իսպանիայի մյուս վայրերից: Տարեց, բայց հաճելի արտաքինով կանայք` ամուսիններին թեւանցուկ, զբոսնում էին դրախտային այգիներում: Համեղ եւ առողջությանն օգտակար նախաճաշից հետո, կեսօրին, զույգերը հատուկ ավտոբուսներով շարժվում էին օվկիանոսի ափ: Տարեց կանայք ափին դեն էին նետում ողջ հագուստը` փոքրիկ, անչափ փոքրիկ բացառությամբ, տարածում մարմինն ավազի վրա` արեւի լոգանք ընդունելու: Ապա, առանց դույզն-ինչ անհարմարության, որ իրենք այն տարիքում չեն, եւ իրենց մերկ մարմինները գեղագիտական մեծ արժեք, ավաղ, արդեն չեն ներկայացնում, թեւանցուկ էին անում ամուսիններին եւ այդպես ճեմում ափի երկարությամբ: Ձեռք ձեռքի ափերով շրջում էին նաեւ տղամարդկանց ամուսնական զույգերը` առանց ուշադրություն գրավելու եւ այլոց ուշադրություն դարձնելու:
Երեկոյան բոլորին սպասում էր համեղ ճաշը, ապա՝ դասական երաժշտության կամ ջազի երեկոն: Չմոռանամ` հաշվի էին առնված նաեւ տարեց նուդիստների` ամբողջովին մերկ լողալու եւ արեւայրուք ընդունելու ցանկությունները. նրանց հատկացված էր հատուկ ափ:
Այդ կանանց նայելիս` հիշեցի իմ խեղճ Արուսյակ բաբոյին, ով քառասունից հետո միայն մուգ հագուստ էր կրում ու մազերը ծածկում էր մուգ գլխաշորով, քանի որ մյուս գույները կրելն այդ տարիքում համարում էր ոչ այնքան պարկեշտ: Նա վստահ էր, որ ինքը պետք է քնի անկողնու միայն այնքան հատվածում, որքան իր մարմինն է տեղավորվում` կուչ եկած վիճակում: Երբ 80-ականների սկզբին Կողբ գյուղից եկավ մեր տուն` Երեւան, հեռուստացույց դիտելիս կամացուկ, որ որեւէ մեկը հանկարծ չլսի, հարցրեց հորս. «Իրենք էլ մե՞զ են տեսնում»: Նկատի ուներ հեռուստահաղորդավարներին:
Սակայն լողափին մոտեցող տարեց գիրուկ կինը ծուլորեն ցած նետեց լողազգեստի վերին մասը, մարմնին քսեց արեւից պաշտպանող քսուքը, տեղավորվեց ամուսնու հարեւանությամբ ու ձեռքն առավ ամսագիրը: Ու իմ սիրելի Արուսյակ բաբոն մնաց ինչ-որ տեղ, ահավոր հեռվում…
Տարեց այս եվրոպացիները որեւէ կոնֆլիկտ չունեին իրենք իրենց կամ արտաքին աշխարհի հետ: Խաղաղ, բնության հետ ներդաշնակ` վայելում էին օվկիանոսի աղի ջրերը, արեւն ու իրենց ծերությունը` հեռու իրենց զավակներից, թոռներից ու ծոռներից: Այս դեպքում տեղին է ասել` ոչ թե հեռու, այլ իրենց զավակներից, թոռներից ու ծոռներից` անկախ: Խոսքը նյութական անկախության մասին է, որը նրանք վաստակել են իրենց աշխատանքով, ապա եւ` պետության նշանակած թոշակով: Իսկ նյութական անկախություն` նշանակում է՝ սեփական կյանքը, ժամանակը տնօրինելու ազատություն:
Մի առիթով մշակութաբան, հրապարակախոս Ռուբեն Անգալադյանն ասաց, թե հայ կանայք շտապում են րոպե առաջ տատիկ դառնալ, իսկ եվրոպացի կանայք կին են մնում անգամ մինչեւ խոր ծերություն: Դժվար է չհամաձայնել, սակայն իրականությունն այն է, որ Հայաստանում 50-ից հետո մարդկանց կյանքի ռիթմը պարզապես փոխվում է. աշխատանք չկա, զբաղվածությունը քիչ է: Եվ այդ ժամանակ տատիկ կամ պապիկ դառնալը պարզապես փրկություն է թվում: Նախ` ակամայից, առանց պետության հետ հարաբերվելու տհաճության, ձեռք ես բերում սոցիալական ինչ-որ ստատուս, եւ հետո գտնում ես օրերդ անցկացնելու, իմաստավորելու միջոց` թոռնիկներիդ խնամելով:
Սակայն սա լավագույն տարբերակն է: Տարեց մարդիկ` նյութական եւ բարոյական կախման մեջ գտնվելով իրենց մերձավորներից, ընտանիքներում հաճախ ավելորդի կարգավիճակ են ստանում: Տարեցների կացարաններում, ասում են, ամեն մեկին չեն տեղավորում` պետք է լուրջ միջնորդ կամ կաշառք` ավելորդ դարձած ծնողին կամ պապիկին այնտեղ տեղավորելու համար: Լքված այդ մարդկանց տարին մեկ-երկու անգամ ցույց են տալիս հեռուստատեսությամբ, երբ մի օլիգարխ առատ սեղան է բացում Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Հասկանալի է, ճաշելուց առաջ նրանցից պահանջվում է երկար կյանք ու արեւշատություն մաղթել տաք ապուր հյուրասիրած օլիգարխին: Կան ընտանիքներ, ուր, հակառակը, բոլորի եկամտի աղբյուրը տարեց մարդու թոշակն է:
Իդեալական տարբերակ է, երբ ամեն րոպե պետության ներկայությունը քո կյանքում չես զգում: Սակայն պետության բացակայությունը՝ ճիշտ տեղում եւ ճիշտ ժամին, կործանարար է իր քաղաքացիների համար: Արեւմուտքում, Եվրոպայում մարդիկ միմյանցից կախման մեջ չեն, քանի որ բոլորը կախման մեջ են պետությունից, պետությունն էլ` իր քաղաքացիներից: Եվ այդ նյութական անկախությունն է, որ հնարավորություն է տալիս մարդկանց լինել բարի: Ի վերջո, կյանքի բոլոր էտապներն այդ մարդիկ անցնում են տարիքի թելադրած կանոններով: Դժվար է ասել, թե մեր պետությունն իր տարեցների համար ոչի՛նչ չի անում: Ամեն դեպքում, ստեղծված են այնպիսի պայմաններ, որ առաջացած տարիքի մարդկանց համար հանդերձյալ աշխարհն այնքան էլ սարսափելի չթվա:
Հ.Գ. Վիճակագիրներն ահազանգում են. 2009թ.-ին Հայաստանում 65 տարին անց քաղաքացիները կազմում են բնակչության 10,3 տոկոսը: Սա մեծ թիվ է: Բավական է ասել, որ այն ազգերն են համարվում ծերացող, ուր 65 տարին անց քաղաքացիների թիվն ընդհանուր բնակչության 8 տոկոսն է կազմում: Ինչ խոսք, ծերությունը երկար ապրելու միակ միջոցն է: Սակայն մեր պայմաններում երկարակեցությունը բովանդակազրկվում է: Ավելի տրամաբանական է թվում Հայաստանում ծերության սանդղակը 65-ից իջեցնել: Ո՞ր տարիքից կարող են հայերը համարվել տարեց: Դիմենք Հովհաննես Թումանյանին. նա իր հայտնի «Վայրէջքը» գրեց քառասուն տարեկանում: