Ներկայումս Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերը չեն թուլացել, հակառակը` թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ոլորտում մեր դիրքերն ամրապնդված են: Երեկ համալսարանական զինակոչիկների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, այսօր Ադրբեջանի դիրքերը թուլանում են, որովհետեւ վերջինս չի կատարում միջազգային կառույցների առջեւ ստանձնած պարտավորությունները, իսկ ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացը խաղաղ ճանապարհով լուծելու փոխարեն՝ Ադրբեջանը փորձում է խնդիրը տանել ռազմական ճանապարհով լուծման: Ըստ Ս. Օհանյանի` Ալիեւի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են առաջին հերթին ներքին լսարանին: «Ադրբեջանի Զինված ուժերի նկատմամբ հավասարակշռությունը մենք պահպանում ենք ոչ թե քանակական տվյալների, այլ մեր ԶՈՒ-ի որակական չափանիշների բարձրացման հաշվին: Բարձրացնում ենք ԶՈՒ-ի պատրաստականությունը, անձնակազմի մարտական ոգին, դրանով իսկ՝ նաեւ ամրապնդում մեր ԶՈՒ-ի մարտունակությունը եւ ՀՀ-ի պաշտպանունակությունը»,- ասել է նա: Ս. Օհանյանի ասելով` Ադրբեջանի քանակական առավելությունը սպառազինության ոլորտում չեզոքացնելու համար հայկական կողմը գիտի բոլոր մեթոդները: «Դա չի նշանակում, որ սպառազինության մրցավազքից զերծ մնալով` մենք սպառազինության նոր, արդիական տեսակներ ձեռք չենք բերում: Հայաստանի ղեկավարությունը` Գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այսօր այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ է տանում, որոնք ընթացքի մեջ են»,- հավելել է նա: Ս. Օհանյանը նաեւ նկատել է, թե «մեր լարված եւ սպառնալիքներով լի տարածաշրջանում բանակի մասին մտածելը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է»: Անդրադառնալով բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների առկայությանը, Ս. Օհանյանը նշել է, որ նման երեւույթներ կան բոլոր երկրների բանակներում, սակայն հայոց բանակում համապատասխան աշխատանքներ են տարվում` կարգապահության ամրապնդման ուղղությամբ, որի հիմքում ընկած են գաղափարադաստիարակչական աշխատանքները, ուսումնական պրոցեսը, Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները: «ԶՈՒ-ում դաստիարակչական աշխատանքներն առաջին կանխարգելիչ միջոցառումներն են, եւ յուրաքանչյուր սպա այսօր փորձում է տիրապետել դաստիարակության էությանը, նրա սկզբունքներին, մեթոդներին, ձեւերին: Մենք փորձում ենք հրամանատարական կազմի մոտ ձեւավորել համապատասխան մանկավարժական կուլտուրա, որի հիման վրա էլ կարող է իրականացվել դաստիարակչական աշխատանք: Կարծում եմ, որ ոչ կանոնադրական հարաբերություններից բանակն ընդհանուր առմամբ զերծ պահելու մյուս ուղղությունը հասարակության բարձր դաստիարակության ապահովումն է»,- ասել է Պաշտպանության նախարարը` վստահեցնելով, որ Զինված ուժերում կոռուպցիոն դրսեւորումները նվազեցնելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ եւս տարվում են: