Հայտնաբերել է 370 դեպք

18/11/2010

Այս տարվա 10 ամիսներին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչությունը հայտնաբերել է ապօրինի ձեռնարկատիրության 370 դեպք, ինչը 30 տոկոսով գերազանցում է 2009թ. ցուցանիշը: Այս մասին «Օպերատիվ հետախուզության աշխատակիցների որակավորման բարձրացում» թեմայով դասընթացի ժամանակ երեկ հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանը` ասելով. «Կարծում եմ՝ նման դասընթացները կբարձրացնեն օպերատիվ աշխատակիցների գործունեության արդյունավետությունը, ինչն, իհարկե, կնպաստի հայտնաբերումների աճին»: Ի դեպ, նոյեմբերի 15-19-ը Երեւանում անցկացվող այս դասընթացը կազմակերպել են ՀՀ ՊԵԿ-ը եւ ՌԴ Ներքին գործերի նախարարության Տնտեսական անվտանգության վարչությունը: ՌԴ ՆԳՆ Տնտեսական անվտանգության ակադեմիայի ամբիոնի վարիչ Նիկոլայ Կուպրիշենկոյի համոզմամբ` սա առաջին հերթին փորձի փոխանակում է: «Կարծում եմ, հետագայում վերապատրաստման այս դասընթացները պարբերական բնույթ կկրեն ԱՊՀ այլ երկրների միջեւ եւս: Հուսով եմ, հետագայում մեր համագործակցությունն այս ոլորտում էլ ավելի կխորանա»,- ընդգծել է նա: Նշենք, որ այսպիսի ձեւաչափով դասընթաց առաջին անգամ է անցկացվում: Մինչ այդ համակարգի օպերատիվ աշխատակիցները մասնագիտական վերապատրաստում էին անցնում Մոսկվայում եւ Աստանայում: Ռ. Գալոյանի հավաստմամբ` այսօր էլ կանխվում են բազմաթիվ կեղծ ձեռնարկատիրության դեպքեր, ինչը շարունակական է: Նա տեղեկացրել է, որ օրերս էլ Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները դարձյալ հայտնաբերել են հարկային դաշտից դուրս գործունեություն ծավալած մի շարք ապօրինի տնտեսվարող սուբյեկտների: Կարամել, պահածոյացված վարունգ, կակաո. այս ապրանքատեսակների արտադրությունը հարկային դաշտից դուրս կազմակերպել էին անհատ ձեռնարկատերեր Էդուարդ եւ Տարոն Նահապետյանները: Ձեռնարկատիրությունն իրականացվել էր նաեւ չձեւակերպված աշխատակիցների միջոցով: Ի դեպ, Հարկայինի հսկողությունից դուրս ծավալված արտադրությունը կազմակերպվել է ծայրահեղ հակահիգիենիկ պայմաններում, սանիտարահիգիենիկ կանոնների կոպիտ խախտմամբ: Արտադրամասի գործունեությունը դադարեցվել է: Հարուցվել է վարչական վարույթ: