Տունը վաճառել, «քցել» են ծերանոց

18/11/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նկարում պատկերված 78-ամյա հիվանդ ծերունուն՝ կինը` Աշխեն Մարգարյանն այս տարվա ապրիլ ամսին առաջարկել է հիվանդանոց գնալ եւ բուժօգնություն ստանալ, քանի որ նա միկրոինֆարկտ ստանալուց հետո բժշկական զննության չի ենթարկվել: «Ասեց` գնում ենք Հանրապետական հիվանդանոց, որ քեզ պառկացնեմ, բուժում ստանաս: Հասանք Բանգլադեշ, հետո՝ 4-րդ գյուղ: Մտածեցի ուրիշ ճանապարհով է տանում: Մտանք հիվանդանոցի պես շենք, գլխի չընկա: Շուրջս՝ հիվանդներ, ծերեր…»,- պատմում է Ռաֆիկ Ռոստոմյանը, ով հաստատության տնօրենի հարցին, թե` «Հայրիկ, գիտե՞ս ուր ես եկել», պատասխանել է` «Հա՛, տղա ջան, եկել եմ հիվանդանոցում բուժվեմ, շատ վատ եմ»: Կինը հեռացել է… Ռաֆիկ պապը հետագայում հասկացել է, որ ինքը ոչ թե՝ հիվանդանոցում, այլ` 4-րդ գյուղի ծերանոցում է: Ապրիլ ամսից ծերանոցում գտնվող, ոտքերի վրա հազիվ հավասարակշռությունը պահպանող ծերունին հիմա է գիտակցում, որ կինը նորից խաբել է: Կինն անընդհատ խաբել է, բայց միեւնույն է` Ռաֆիկ պապը նորից նրան հավատում է: «Ի՞նչ ասեմ, այ բալիկ ջան, ի՞նչ իմանամ, որ մարդիկ էսքան վատն ու խաբեբա են դարձել: Ի՞նչ իմանամ, որ մարդիկ հիմա փողի համար ամեն ինչի ընդունակ են ու կարող են քեզ մահվան դուռը տանել, մենակ թե ունեցածիդ տեր կանգնեն»,- լացակումած պատմում է Ռաֆիկ պապը, ով Աշխեն (անձնագրով՝ Կարինե) Մարգարյանի հետ ծանոթությունից հետո ընկել է նրա ծուղակն ու կորցրել է ամեն ինչ: Հինգ երեխաների հայրն այսօր ծերանոցում է ապրում եւ եղբոր հետ եկել էր խմբագրություն` խնդրելու միջամտել իր դեմ կատարված անօրինական գործողությունները բացահայտելու հարցում: Հինգ երեխաների մոր, այսինքն` առաջին կնոջ մահից հետո, նա միայնակ է եղել: Տղաներն ապրել են Ռուսաստանում, իսկ երկու աղջիկներն ամուսնացած են եղել: Արարատի մարզի Խարբերդի 2-րդ փողոցի 34 տան բնակիչ Ռաֆիկ Ռոստոմյանը 2005թ. ազգականներից մեկի տանը ծանոթացել է Աշխեն Մարգարյանի հետ. «Իմ հարազատներից մեկն անկողնային հիվանդ էր, գնացել էի իրեն այցելության: Նրան տեսության էր եկել նաեւ Աշխենը, որովհետեւ հիվանդի բարեկամն էր: Ծանոթությունից հետո նրանց տանը շատ էինք հանդիպում: Հետո մտերմացանք, Աշխենը գալիս էր իմ տուն, ու որոշ ժամանակ անց մենք որոշեցինք միասին ապրել, այսինքն` ամուսնանալ, քանի որ ես կին չունեի, մենակ էի, ինքն էլ` ամուսին չուներ»: Ռաֆիկ պապի եղբայրը` Թելմանը, պատմում է, որ` տեսնելով, որ նա ցանկանում է Աշխենին տուն բերել, եղբորը խորհուրդ է տվել հեռու մնալ նրանից: Այդ միությանը դեմ են եղել նաեւ Ռաֆիկի մյուս հարազատներն ու երեխաները: Թելմանն ասում է, որ եղբոր մտադրությունների մասին տեղեկանալուց հետո ապշել են, որովհետեւ այն ժամանակ Աշխենը կալանավայրից նոր էր դուրս եկել: «Մենք իմացել էինք, որ ինքը մի քանի անգամ դատապարտվել էր ինչ-որ խաբեության, խարդախության, պետական գույքի հափշտակության հոդվածներով, ու 7-8 տարվա կալանք էր կրել, իսկ բանտից դուրս գալուց հետո նրա տղաները, բոլոր հարազատները հրաժարվել էին ընդունել: Հասկանում էինք, որ սա մնալու տեղ է փնտրում ու միամիտ եղբորս անպայման մի փորձանքի բերելու է»,- պատմում է Թելման Ռոստոմյանը: Սակայն Ռ. Ռոստոմյանը հարազատներից գաղտնի, այնուամենայնիվ, ամուսնացել է Աշխենի հետ: 56-ամյա կինը տեղափոխվել է Ռաֆիկի տուն, սակայն չեն զագսավորվել, եւ որպես այդպիսին՝ օրինական ամուսնություն չի գրանցվել: Թելմանն ասում է, որ Ռաֆիկի հետ միանալու Աշխենի նախաձեռնությունը եղել է ծրագրված, քանի որ նա ցանկացել է ծերունու ունեցվածքին տիրանալ. «Բանտից դուրս եկած, անմարդ, անտուն կին, որը թակարդ է լարել միամիտ ծերունուն թալանելու համար: Եղբայրս մեզ չլսեց, հավատաց նրան ու թաքուն ամուսնացավ, տուն բերեց»: Ինչեւէ, համատեղ կյանքի ընթացքում Ռաֆիկ պապի տուն է եկել նաեւ Աշխենի աղջիկը` Անահիտը, որն էլ թեեւ ամուսին ու երեխա է ունեցել, բայց նա էլ իր հերթին տուն է բերել ընկերոջը: Ռաֆիկ պապը պատմում է, որ այդ ամենը սկսել է իրեն վախեցնել, որովհետեւ Անահիտի ընկերը զենք է ունեցել, իսկ թեւերակները՝ վնասվածքներով լի: Որոշ ժամանակ անց Աշխենը Ռաֆիկին խնդրել է իրեն 2 ամսով գրանցել Խարբերդի 2-րդ փողոցի, 32 տան հասցեում, այսինքն` Ռաֆիկի բնակտարածքում: Ծերունին կատարել է խնդրանքը, այնուհետեւ ժամկետը լրանալուց հետո Աշխենը խնդրել է այս անգամ իրեն ու աղջկան մշտական գրանցվելու թույլտվություն տալ: Հետաքրքիրն այն է, որ Խարբերդի ոստիկանապետը նույնպես ծերունուն հորդորել է նրանց գրանցել: Ռաֆիկն ու Թելմանը վստահեցնում են, որ մայր ու աղջիկ Ոստիկանության աշխատակիցների հետ «ջերմ հարաբերությունների մեջ են», հետեւաբար այս ողջ գործընթացում դերակատարում ունեն նաեւ իրավապահ մարմնի ներկայացուցիչները: Մի խոսքով` մայր ու աղջիկ հաստատվել են` ծերունուն համոզելով, որ իր ընտանիքն են, իրեն ինչպես հարկն է խնամելու են, եւ այլն: Որոշ ժամանակ անց ծերունու առողջական վիճակը կտրուկ վատացել է. նա կաթված է ստացել, սակայն Աշխենն ու Անահիտը նրան չեն փորձել որեւէ հիվանդանոց տեղափոխել: «Զգում էի, որ շատ վատ եմ, գիտակցությունս կորում ա, անջատվում եմ ու բան չեմ հասկանում: Ոնց որ չլսեի, չտեսնեի: Հիմա եմ հիշում, որ ինչ-որ թղթեր էին բերում, ասում էին` ստորագրի: Ինձ խաբում էին, թե տան դիմաց ինչ-որ բան են սարքելու, պիտի թույլտվության համար ստորագրեմ, իբր՝ բան պիտի քանդեմ, սարքեմ: Ես էլ ստորագրում էի»,- պատմում է Ռաֆիկ պապը: Թելմանն ասում է, որ այդ ընթացքում եղբորն այցելության ժամանակ նկատել է, որ նա շատ վատ ինքնազգացողություն ունի, ավելին` նույնիսկ իրեն չի ճանաչել, բայց քանի որ Աշխենի պատճառով երկու եղբայրների հարաբերությունները լարված են եղել` չի փորձել հարցուփորձ անել, հասկանալու համար` ինչ է կատարվում. «Տեսա՝ դիակի նման է, ոչինչ չի զգում: Խոսելու ընթացքում հազիվ էր պատասխանում, իսկ ես կարծում էի` նեղացած լինելու պատճառով չի ցանկանում երկար շփվել: Հիմա եմ հասկանում, որ նրան դեղերով շշմացրել, անգիտակից վիճակի են հասցրել»: Թելմանը հնարավոր վտանգի մասին տեղեկացնում է Ռաֆիկի Ռուսաստանում գտնվող երեք տղաներին եւ փոքր որդուն խորհուրդ է տալիս անձնագիրն ուղարկել` հոր տունը որպես նվիրատվություն ձեւակերպելու համար: «Աշխենը անձնագիրը ստանալուց հետո գաղտնի կերպով նորից հետ է ուղարկում Ռաֆիկի տղային: Դու մի ասա՝ սրանք արդեն տունը ծախել են ուրիշին, բայց ոչ ես եմ տեղյակ, ոչ էլ Ռաֆիկը, որն ընդհանրապես կորցրել էր ռեալ մտածելու ունակությունը»,- պատմում է Թելմանը` ավելացնելով, թե Աշխենը հասկանալով, որ շուտով բացահայտվելու է իր կատարած հանցանքը, տոմս է գնել եւ առանց որեւէ մեկին տեղեկացնելու՝ Ռաֆիկին այդ վիճակում ճանապարհել է Ռուսաստան` որդու մոտ: Ռաֆիկն ասում է, որ չի էլ հիշում, թե ինչպես է այդ վիճակով հասել Ռուսաստան ու ողջ մնացել, սակայն չի էլ պատկերացրել, որ իր տունն արդեն վաճառված է, իսկ մեկնումը` ծրագրված: Նա կարծել է, թե կինը ճամփորդությունը կազմակերպել է որդիներին տեսակցելու համար: Մի խոսքով` երկու շաբաթից վերադառնալուց հետո նա իր տունը հայտնաբերել է ավերված վիճակում, քանի որ նոր գնորդը շինարարական աշխատանքներ էր սկսել այնտեղ. «Աշխենն ինձ տարավ ինչ-որ անմարդաբնակ վայրում մի նկուղային հարկ: Էնտեղ էինք մնում, հետո տեղափոխեց ուրիշ տեղ, հետո` ուրիշ պադվալներ: Երկու տարվա մեջ ինձ ստիպել ա ապրել 26 տուն ու պադվալում, որից հետո…»: Որից հետո խաբելով տարել է ծերանոց: Թելմանն ասում է, որ երկու տարի եղբորից տեղեկություն չի ունեցել եւ նորից կարծել է, թե հարազատներից նեղացած լինելով՝ Ռաֆիկը չի ցանկացել որեւէ մեկի հետ շփվել: Միայն վերջերս են նրան հարազատները ծերանոցում գտել: Այս ողջ պատմությունն իմանալուց հետո՝ դիմել են Խարբերդի ոստիկանություն: Երկարատեւ քննությունից հետո Ոստիկանությունը որոշում է կայացրել քրեական գործ հարուցելու մասին: Թելմանն ասում է, որ քննիչի տվյալներով` գործի նյութերում առկա է Աշխեն Մարգարյանի կողմից գրված մի պարտավորագիր, ըստ որի` վերջինս պարտավորվել է Ռաֆիկի համար տուն գնել: Ռաֆիկ պապը հարցաքննվել է, իրավապահ մարմնին ներկայացրել է խարդախության ճանապարհով իր ունեցվածքին տիրանալու այս ողջ պատմությունը: Սակայն, որքան էլ զարմանալի է, բայց Ոստիկանությունը Ա. Մարգարյանի արարքներում հանցադեպ չի տեսել եւ քրեական գործ չի հարուցել: Նաեւ զարմանալի է, որ կրկնահանցագործ այդ կնոջ գործողությունները մնացել են անպատիժ, ինչը ճանապարհ է բացում նոր հանցագործությունների համար: Թելմանն ասում է, որ Ոստիկանության աշխատակիցները մայր ու աղջկա հետ մտերիմ փոխհարաբերություններ ունեն: Աշխենը Ռաֆիկ պապի բնակարանը վաճառել է 37.000 դոլարով եւ ինչ-որ շինության նկուղային հարկում հացի եւ խմորեղենի արտադրություն ստեղծելով` ներկայումս փող է աշխատում: Չի բացառվում` օրենքով արգելված վայրում: Աշխենը Ոստիկանությունում Ռաֆիկ պապի համար տուն գնելու պարտավորագիր է գրել, սակայն նրան խաբելով՝ «քցել» է ծերանոց: Ռաֆիկ պապը 78 տարեկան է, հազիվ է ոտքի վրա կանգնում, իսկ Աշխենը ժամանակ է շահում: