Հադրութի զորամասի պայմանագրային զինծառայող, ԼՂՀ քաղաքացի Դավիթ Ֆրունզեի Մելքոնյանը չի մահացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը: Ըստ նրա` Մելքոնյանը գիտակցության է եկել եւ ներկա պահին Երեւանի կայազորի հոսպիտալում է: Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Դ.Մելքոնյանի կյանքը չէր հաջողվել փրկել, քանի որ «նրա գլխուղեղի բջիջները դադարել են գործել»: Ի դեպ, ըստ մամուլի տեղեկությունների, զինծառայողը ոչ թե ինքնասպանություն էր գործել, այլ նրան «հոգեբանական ճնշման են ենթարկել, ապա` կախել: Ճնշողներից մեկը, ով ՀՀ քաղաքացի է, ձերբակալված է եւ այժմ գտնվում է Երեւանում»: Մերի Սարգսյանը, սակայն, երեկ հերքել է նաեւ այդ տեղեկությունը` ասելով, որ այն եւս չի համապատասխանում իրականությանը: Քրեական գործ հարուցված չէ, եւ ձերբակալված մարդիկ չկան, նյութեր են նախապատրաստվում: «Նախաքննությամբ պարզվել է, որ նա վատ փոխհարաբերությունների մեջ է եղել մոր հետ: Կենցաղային հողի վրա վեճից հետո նա ինքնասպանության փորձ է կատարել իրենց տնից մոտ 100 մետր հեռավորության վրա՝ ծառից կախվելու միջոցով, որը կանխվել է նրա քրոջ կողմից: Նա ինքնասպանության փորձ կատարելու պահին եղել է արձակուրդում»: Մերի Սարգսյանի ասելով` Մելքոնյանը նախկինում եւս երկու անգամ ինքնասպանության փորձ է կատարել, սակայն հարեւաններին հաջողվել է կանխել փորձերը: Քննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայող Դավիթ Մելքոնյանը ինքնասպանության վերջին փորձն արել էր նոյեմբերի 7-ին: