Հայաստանյան որոշ կուսակցությունների ֆինանսական միջոցները գոյանում են հակաօրինական ճանապարհով: Համենայն դեպս, այսպիսի տեսակետ են հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետները՝ «Հայաստանի քաղաքական կուսակցությունների մասին» վերնագիրը կրող զեկույցի մեջ: Ըստ այդ զեկույցի՝ հայաստանյան որոշ քաղաքական կուսակցություններ ֆինանսավորման հարցում խախտում են ՀՀ օրենսդրությունը:
«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քաղաքական այդ կազմակերպությունների ֆինանսական միջոցները կարող են ձեւավորվել անդամավճարներից, նվիրատվություններից, պետբյուջեի հատկացումներից ու քաղաքացիական-իրավական փոխանցումներից: Սակայն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նշում է, որ ընդամենը մի քանի կուսակցություն է իր ծախսերը հոգում անդամավճարներից գոյացած գումարների միջոցով: Դրանք են «Օրինաց երկիր» եւ «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցությունները: «Մյուս կուսակցությունների պարագայում, անդամների սահմանափակ քանակը եւ Հայաստանի տնտեսության վիճակը սահմանափակում են այն վճարների չափը, որ կուսակցությունը կարող է հավաքել իր անդամներից»,- նշված է ԱՄՆ ՄԶԳ զեկույցում: Ամերիկացի փորձագետները նշում են, որ «Նոր ժամանակները» եւ «Միավորված աշխատանքային կուսակցությունը» ֆինանսավորվում են իրենց գործարար նախագահների՝ Արամ Կարապետյանի եւ Գուրգեն Արսենյանի միջոցներով: ՀՀ-ում կան որոշ կուսակցություններ, որոնք, ըստ զեկույցում հրապարակված տվյալների, ֆինանսավորվում են արտերկրից, ինչը ՀՀ օրենսդրությամբ արգելված է: «Որոշ կուսակցություններ հասարակության հետ կապերի պահպանմանն ուղղված միջոցառումների համար, ինչպիսին են, օրինակ, մասնավոր հեռուստաալիքներով ելույթները, ըստ երեւույթին, օժանդակություն են ստանում Սփյուռքից, չնայած այն հանգամանքին, որ օտարերկրյա քաղաքացիներից նվիրատվություններն արգելվում են օրենքով: Փորձագետները նաեւ լսեցին այնպիսի կարծիքներ, թե որոշ կուսակցությունների միջոցները գոյանում են քրեածին աղբյուրներից, իսկ Ռուսաստանի շահերին հարող կուսակցությունների դեպքում` նաեւ ռուսական աղբյուրներից»,- գրում են ամերիկացիները: Սակայն ԱՄՆ ՄԶԳ զեկույցում նշված չէ, թե կոնկրետ որ կուսակցություններն են ֆինանսավորվում՝ խախտելով ՀՀ օրենսդրությունը: Նրանց աչքից չի վրիպել այն փաստը, որ իշխանամետ կուսակցությունները ֆինանսական օժանդակություն են ստանում ոչ միայն խոշոր գործարարներից, այլեւ շատ հաճախ նրանց ընդգրկում են իրենց ընտրացուցակներում: «Իշխանությունների եւ խոշոր գործարարների միջեւ առկա այս մեկմեկու օժանդակող հարաբերությունները լրջորեն խոչընդոտում են փոքր եւ ոչ իշխանական կուսակցությունների՝ ֆինանսների աղբյուրներ գտնելու հնարավորությունները»,- նշված է զեկույցում: Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ իշխանություններն իրենց ռեսուրսներն օգտագործում են ընդդիմադիր կուսակցությունների դեմ: Որպես օրինակ ԱՄՆ ՄԶԳ զեկույցում բերված է հետեւյալ փաստը: «Հանդիպումների ընթացքում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները ներկայացրեցին դիպվածներ ֆինանսական միջոցներ հայթայթելու դժվարությունների վերաբերյալ, երբ, օրինակ, պետական պաշտոնյաները հետ էին պահում փոքր բիզնեսների ներկայացուցիչներին` ընդդիմադիր դաշտի կուսակցություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելուց` սպառնալով, թե վերջիններիս կզրկեն արտոնագրերից կամ կավելացնեն հարկերը: Արդ-յունքում կուսակցությունների նվիրատուների մեծ մասը գերադասում է անանուն մնալ, եւ կուսակցությունները կամ չեն հայտնում այս նվիրատվությունների մասին, կամ ստիպված են մասնատել խոշոր նվիրատվությունները` դրանց աղբյուրը թաքցնելու նպատակով: Գոյություն ունի նաեւ ստվերային տնտեսության խնդիրը եւ դրա կապը քաղաքականության ֆինանսավորման հետ: Ինչպես անկախ պատգամավորներից մեկը հայտնեց փորձագետներին, նախընտրական քարոզչության միջոցների 99,9%-ի աղբյուրը անօրինական բիզնեսն է»,- նշված է զեկույցում: Ի դեպ, այստեղ անդրադարձ կա նաեւ 2003թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում նախընտրական քարոզչության նպատակով կուսակցությունների ծախսած գումարներին: Ընդ որում, ամերիկացի փորձագետները նկատել են, որ ծախսված գումարը գերազանցել է «Ընտրական օրենսգրքով» սահմանված մաքսիմալ չափը: Սակայն այս առնչությամբ եւս կոնկրետ փաստեր ու անուններ չեն հրապարակվում: Երբ ամերիկացի փորձագետներն ու դիտորդները փորձել են տվյալներ ստանալ նախընտրական քարոզչության ժամանակ ծախսած գումարների վերաբերյալ, եւ հեռուստատեսություններում, եւ կուսակցություններում հանդիպել են մեծ դժվարությունների: «Առաջնային խնդիր է հանդիսանում թույլատրելի ծախսերի անիրական ցածր սահմանները, որ մոտավորապես կազմում են 100.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ կուսակցությունների հավաստմամբ` նախընտրական քարոզչության միջին ծախսը կազմում է շուրջ 300.000 ԱՄՆ դոլար, իսկ որոշ դեպքերում` նաեւ «միլիոններ»: Transparency International կազմակերպությունը փորձ արեց իրականացնել 2003-ի խորհրդարանական ընտրությունների քարոզչության ֆինանսավորման մոնիթորինգ: Կազմակերպությունը բազմաթիվ դժվարություններ ունեցավ ոչ միայն կուսակցություններից, այլ նաեւ` լրատվամիջոցներից տեղեկություններ ստանալիս: Լրատվամիջոցները նույնիսկ հրաժարվում էին իրենց եթերաժամի արժեքի մասին տեղեկություններ տրամադրել: Մոնիթորինգի ընթացքում պարզվեց, որ երեք կուսակցություն ծախսել են թույլատրելի սահմաններից ավելին եւ ոչ մի կուսակցություն չի ունեցել վճարովի աշխատողներ (իրենց հավաստմամբ` բոլոր աշխատողները եղել են կամավորներ): Այնուամենայնիվ, այս առումով ԿԸՀ-ի կողմից ոչ մի խախտում չի արձանագրվել»,- հայրենի կուսակցությունների կողմից օրենքը ոտնահարելու հերթական դրսեւորումներն են արձանագրված ԱՄՆ ՄԶԳ զեկույցում:
Այսքանից հետո զեկույցում խորհուրդ են տալիս վերանայել օրենսդրական պահանջները: Մասնավորապես, խորհուրդ են տալիս օրենսգրքով հաստատել թույլատրելի ծախսերի առավել իրական սահման, որպեսզի կուսակցությունները հակված լինեն օգտագործել իրենց քարոզչության պաշտոնական հաշվեհամարները եւ առավել ճշգրիտ հաշվետվություններ ներկայացնեն իրենց ծախսերի վերաբերյալ: Բացի այդ, առաջարկվում է առավել հստակ սահմանել օրենսդրական դրույթները, որպեսզի դրանք կամայական մեկնաբանությունների տեղիք չտան: Թեեւ, այս խորհուրդներին հետեւելու դեպքում էլ, այնուամենայնիվ, իշխանություններն ամեն գնով կգնան օրենքի խախտման: