Պայքար, պայքար մինչեւ վերջ

16/11/2010

Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը երեկ ռուսական «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում մի քանի «ուղերձներ» է հղել, որոնք առաջիկայում ամենայն հավանականությամբ մեծ արձագանք կստանան Հայաստանի ներքաղաքական կյանքում: Դա պայմանավորված է ոչ թե Կարախանյանի անձով կամ նրա ունեցած կարգավիճակով (ինչը հայաստանյան որոշ շրջանակներում, մեղմ ասած, չափազանցվում է), այլ այն հանգամանքով, որ Հայ Ազգային կոնգրեսը վերջերս ավելի է կարեւորում նրա արտահայտած ցանկացած միտք, եւ «Միաբանություն» ակումբի նախագահը, կարծես, ստանձնել է ՀԱԿ-ի «մոսկովյան կուրատորի» դերը: Կամ այդպես փորձ է արվում ներկայացնել ՀՀ-ում: Եվ այսպես, անդրադառնալով ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությանը եւ այն կարծիքներին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս կարող է չհավակնել նախագահի պաշտոնին, Ս. Կարախանյանն ասել է. «Այո, այսօր խոսքը հերթական ընտրություններին չի վերաբերում: Տեսականորեն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնածները բոլորն էլ կարող են փոխարինել նրան ընտրություններում: Սակայն մենք` «Միաբանությունը», ելնում ենք տեսանկյունից, որ նա պետք է ձեւավորի երիտասարդական գիծ, ՀԱԿ-ի կազմում միավորի մարդկանց, ովքեր կապ չունեն գոյություն ունեցող համակարգի հետ: ՀԱԿ-ը իշխանության գալու մեծ հնարավորություններ ունիգ Վերջերս առաջ է մղվել Լեւոն Զուրաբյանի թեկնածությունը: Նրան ընդունում են, նա հստակ պատկերացնում է ներկա եւ հեռանկարային իրավիճակը»: Ըստ էության, առաջին անգամ հրապարակավ հնչում է Լ. Տեր-Պետրոսյանի հնարավոր «իրավահաջորդի» անունը, եւ դա հնչում է մի մարդու շուրթերից, ում վերջին շրջանում ապավինում է ՀԱԿ-ը: Այսինքն` բացառված չէ, գուցե ավելի հավանական է, որ սա նախապես համաձայնեցված «բացահայտում» է (իհարկե, երեկ ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանը հանդես է եկել համապատասխան մեկնաբանությամբ` նշելով, որ ինչպես ինքն արդեն հայտարարել է՝ առաջիկա նախագահական ընտրություններում ՀԱԿ թեկնածուն լինելու է Տեր-Պետրոսյանը, սակայն դա մեծ հաշվով չի փոխում իրերի դրությունը: Բացի այդ, ակնհայտ է, որ սա պարզագույն քաղաքական տեխնոլոգիա է, եւ «հերքումներն» ընդամենն ապացուցում են դա): Եվ եթե սա կարծես ռուսական որոշակի շրջանակների կողմից ՀՀ-ի քաղաքական շրջանակներին ուղղված «ուղերձ» է, ապա Կարախանյանի հաջորդ «մեսիջն», ըստ էության, հակառակ ուղղությամբ է` ՀԱԿ-ի հերթական խոստովանությունը Կրեմլին: «Դատելով Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներից, Լ.Զուրաբյանի մոսկովյան այցերից, ռուսական մամուլի հրապարակումներից, կարելի է պնդել, որ ՀԱԿ-ը միանգամայն պրոռուսական կազմակերպություն է»,- հայտարարել է Կարախանյանը` որպես իր ասածի հիմնավորում ներկայացնելով ոչ միայն Տեր-Պետրոսյանի ելույթների պրոռուսական դրույթները (ԼՂ-ի հարցի կարգավորման բանալին գտնվում է ՌԴ-ի ձեռքում, ՀՀ-ի անվտանգության համակարգը պետք է ինտեգրվի ՌԴ-ի հետ, եւ այլն), այլեւ վերջերս ՀԱԿ-ում, ավելի ճիշտ՝ ՀՀՇ-ում տեղի ունեցած իրադարձությունները` դրանք որակելով որպես «արեւմտյան ընկերների վարած աշխատանք»: Այսինքն` Կարախանյանը հերթական անգամ ՌԴ իշխանությունների համար արձանագրում է` ՀԱԿ-ն ամբողջությամբ ռուսական կառույց է` «զերծ արեւմտյան ազդեցությունից»: Եթե իմիջիայլոց հիշենք, որ «Ռեգնումը» ավանդաբար համարվել եւ համարվում է ռուսական խիստ որոշակի շրջանակների ու ծառայությունների դիրքորոշումը ոչ պաշտոնապես արտահայտող խոսափող, ապա սա բավական հետաքրքիր «հստակեցում» է առաջիկա ընտրություններից առաջ: Արդեն կապ չունի` հերթական, թե արտահերթ: Եվ եթե իրադարձությունները զարգանան Կարախանյանի նախանշած սցենարով, ապա ՀԱԿ-ից, ամենայն հավանականությամբ, կմնա միայն կարգախոսը` «Լեւոն, նախագահ»: