Ամիսներ առաջ Գյումրիի կենտրոնական շուկայի մոտ ուշադրություն գրավեց մի վարորդ-առեւտրական, ով հաց էր վաճառում ավտոմեքենայի բեռնախցիկում: Նկատելով բեռնախցիկ-խանութի մոտ գոյացած հերթը՝ մոտեցա վաճառողին: Վերջինս նախ՝ շտապ-շտապ հետաքրքրվեց, թե քանի հաց է անհրաժեշտ, ապա քիչ անց, իմանալով լրագրող լինելուս մասին, խնդրեց չլուսանկարել: Տղամարդը մեքենայի դռները փակելով՝ սկսեց պատմել իր վաճառած հացի մասին: Ըստ նրա՝ ի տարբերություն հացի վաճառման մյուս կետերի՝ ինքը վաճառում էր 10 դրամ էժան գնով: Շարժական խանութի վաճառողը գնորդների պակաս չէր զգում: Նա ցուցադրաբար վերցրեց բեռնախցիկի թարմ ու ախորժաբեր հոտով հացն ու հպարտությամբ ասաց. «Դե հիմիգ նայի: Բա էս կարա՞ վատ հաց էղնի»: Քիչ անց մեր զրույցին միացան նաեւ շուկայի աշխատակիցները, որոնց կարծիքով՝ այդ բեռնախցիկի հացն, իսկապես, համեղ է եւ շատ մաքուր: Իհարկե, այս օրինակն այն հազարավոր դեպքերից մեկն է միայն, որ տեղի են ունենում մեր երկրում: Ու մենք այնքան ենք հարմարվել թարմ հոտով ու գեղեցիկ տեսքով «հացային» իրականությանը, որ այլեւս չենք մտածում ոչ հացի բաղադրության, ոչ էլ արտադրող ընկերության մասին: Ավելին՝ հացի ընկալման մեր չափորոշիչներն այնքան են փոխվել, որ սկսել ենք հացը գնահատել դրա բարձրության, աննշան կարմրության ու գնորդի վրա, ինչպես ասում են՝ «ծիծաղող», այսինքն՝ գրավիչ տեսքի չափորոշիչներով: Մինչդեռ Հայաստանի Սպառողների ազգային ասոցիացիայի մարքեթինգի մոնիտորինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանի փոխանցմամբ՝ Հայաստանի անկախացումից մինչ օրս հացը շարունակում է մնալ վատորակ: Ասոցիացիայի վերջին 5 տարիների մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ Հայաստանում իրացվող հացի շուրջ 40%-ն ունի անհայտ ծագում: «Ցավոք, թե՛ այս, թե՛ նախորդ իշխանությունների օրոք հացի խնդիրը չլուծվեց: Այսօր հացը շարունակում են վաճառել փողոցներում: Կարծում եմ՝ այստեղ նաեւ հարկային դաշտ չմտնելու խնդիր է, եւ, իհարկե, ոչ հարիր մեր քաղաքի համար»,- նշում է Ֆ. Հայթյանը: Զրուցակցիս հավաստիացմամբ՝ սպառողները շատ հաճախ տեղեկացված չեն լինում հացի արտադրության տարրական նորմերին: «Մարդիկ հացը խանութներ են տանում ստվարաթղթե տուփերով, մեքենայի բեռնախցիկի մեջ: Երբեմն վաճառողներն էլ չեն իմանում, թե որ ընկերության հացն են վաճառում,- ասաց նա՝ նկատելով,- Մեր երկրում հացը չունի կարգավիճակ»: Իսկ հացի կարգավիճակը պայմանավորված է այն պիտակներով, որտեղ հստակ մատնանշվում են հացի քաշը, գինը, բաղադրությունը, արտադրող ընկերության անվանումը եւ այլն: Իսկ հայաստանյան խանութներում լավագույն դեպքում կարող ենք տեսնել միայն հացի գինը, որը փակցված է լինում հացի «փռերի» պատուհաններին կամ ծխախոտի ստվարաթղթով ամրացված է լինում խանութի հազիվ նկատելի տեղում: Բացի այս հանգամանքից, հացի արտադրամասերում սկսել են, այսպես ասած՝ չարաշահել բարելավիչները, որոնք, ըստ էության, օգտագործում են հացի որակը բարձրացնելու համար: «Ցավն այն է, որ շատ դեպքերում այդ բարելավիչները նորմայից անհամեմատ շատ են լցնում: Իսկ արտադրողը, որը պրոֆեսիոնալ չէ, չգիտի հացի որակն ինչ է, թունավոր նյութերն ինչ են եւ այլն, մի պարկ ալյուրի մեջ այնքան բարելավիչ, խմորիչ է լցնում, որ 10 րոպեի ընթացքում խմորն անմիջապես հասունանում է, իսկ թխված հացն էլ, ինչպես ժողովուրդն է ասում՝ շատ «պիշնի» է»,- ասում է Ֆ. Հայթյանը: «Ի տարբերություն եվրոպացիների՝ մենք՝ հայերս, հաց շատ ենք օգտագործում: Եվրոպացիներն օրվա ընթացքում օգտագործում են 100գրամ հաց, իսկ մենք՝ համարյա 500գրամ հաց: Հետեւաբար, այդ նյութերը մենք մի քանի անգամ ավելի շատ ենք օգտագործում,- նշում է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ ընդգծելով,- Մարդը տարբեր մթերքների միջոցով տարեկան 50-60կգ ներկ է օգտագործում: Սա խայտառակություն է: Դա է պատճառը, որ երեխաների եւ երիտասարդների շրջանում շատացել են հիվանդությունները, չբերության ցուցանիշները բարձրացել են, եւ այլն»: Իսկ ակադեմիկոս, Տեխնիկական գիտությունների թեկնածու, տեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանը մոտ մեկ ամիս առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանգամանորեն անդրադարձել էր հացի որակի խնդրին: Ակադեմիկոսի տվյալներով՝ այսօր Հայաստանի հացարտադրության ոլորտում լայնորեն օգտագործվում է «փափուկ» տեսակի ցորեն, որով տարիներ առաջ կերակրում էին կենդանիներին: Ա. Սելիմյանի վստահեցմամբ՝ Հայաստանը տարեկան ներկրում է շուրջ 700-800կգ քիմիական բարելավիչներ, որոնք որեւէ վերահսկողության չեն ենթարկվում առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից: Իսկ ի՞նչ բաղադրություն ունեն այդ բարելավիչները. գիտնականը նշել էր, որ դրանց բաղադրության մեջ առկա են օրգանական թթուներ, պերօքսիդներ (մազերի շիկացման համար նախատեսված պերեկիսն է), էմուլգատոր (օճառ) եւ մի շարք այլ տարրեր: Ընդ որում՝ առավելապես վտանգավոր է սեւ հացը, որը սովորաբար խորհուրդ է տրվում շաքարային դիաբետով հիվանդներին: «Բանն այն է, որ սեւ ալյուրը թույլ է, եւ խմորին ծավալ հաղորդելու համար հացթուխներն օգտագործում են գենետիկորեն ձեւափոխված սոյա, պերօքսիդներ, կոնսերվանտներ եւ այլ նյութեր, սակայն ասում են, թե դրանք ընդամենը վիտամիններ են: Բացի այդ՝ սեւ ալյուրին խառնում են սպիտակը, որը լավ ուռչում է, եւ ի տարբերություն սեւի՝ հարուստ է օսլայով, սակայն դրանում ավելի քիչ են վիտամինները: Ավելին՝ գորշ հացին մուգ գույն տալու համար դրան ավելացնում են վառած շաքար կամ հատուկ ներկեր»,- նշել էր Ա. Սելիմյանը: Ի դեպ, նշենք, որ այսօր հացի վերահսկողությունն իրականացնում է Գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության տեսչությունը: