Երեկ Երեւանի քաղաքապետարանը կրկին մերժել է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու` Հայ Ազգային կոնգրեսի հերթական հայտը: Դա փաստորեն խոչընդոտել է ՀԱԿ-ի «Ազատության հրապարակը վերանվաճելու» ծրագիրը, որը վերջին ամիսներին ընդդիմադիր ՀԱԿ-ի համար գերխնդիր է դարձել:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի լիազոր ներկայացուցիչը հերթական իրազեկման դիմում էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարան` նոյեմբերի 26-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին, սակայն նրանց կրկին առաջարկվել է հանրահավաքը անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում: Որպես պատճառ, Երեւանի քաղաքապետարանը նշել է, թե այս անգամ էլ Ազատության հրապարակում մինչեւ դեկտեմբերի 5-ը ցուցահանդես-վաճառք է լինելու: Կարելի է չկասկածել, որ ՀԱԿ-ի հաջորդ դիմումներն էլ քաղաքապետարանը կմերժի, ասենք` գրելով, որ Ամանորյա միջոցառումների փորձերը ծաղրածուները պետք է անեն հենց Ազատության հրապարակում: Բայց ՀԱԿ-ը Երեւանի քաղաքապետարանին ազատում է այդ պարտասխանատու գործից, քանի որ որոշել է փոխել հանրահավաքներ անցկացնելու նպատակով Երեւանի քաղաքապետարան դիմելու մարտավարությունը. նրանք պատրաստվում են դիմում ներկայացնել քաղաքապետարան` առաջարկելով տեղեկացնել, թե առաջիկայում ո՞ր օրերին Ազատության հրապարակում զանգվածային միջոցառում անցկացնելու հետ կապված խնդիրներ չեն հարուցի: Այն, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի Ազատության հրապարակում ՀԱԿ-ը հանրահավաքներ չանցկացնի` սովորական է դարձել: Սակայն մյուս կողմից՝ ՀԱԿ-ի շարքերը կամաց-կամաց հիասթափվում են։
Օրինակ, նոյեմբերի 9-ին կայացած ՀԱԿ հանրահավաքից հետո «facebook» սոցիալական ցանցում որոշ գրառումներ հայտնվեցին, որտեղ թերահավատորեն էին խոսում հանրահավաքում հնչեցված ելույթների մասին: Դրանք, թերեւս, ուշադրության չարժանացնեինք, եթե այդ գրառումների հեղինակները ՀԱԿ-ի ներկա կամ երբեմնի հրապարակային գործիչներ չլինեին: «Ընդդիմության երեկվա հանրահավաքը հիշարժան որեւէ բանով աչքի չընկավ եւ, թերեւս, օրեր հետո արդեն մոռացության մատնվեր, եթե դրան նախորդած ժամերին տեղի չունենար Ոստիկանության եւ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների միջեւ քաշքշուկը ու վերջիններիս Ոստիկանություն բերման ենթարկելու եւ ժամերով այնտեղ պահելու փաստը: գ Հետաքրքիր է նաեւ ՀԱԿ-ի ջահելների պարագան. նրանց ծեծելը կամ քաղմաս տանելը որեւէ ձեւով բանական որեւէ մարդ արդարացնել չի կարող, սակայն ուսումից ու աշխատանքից իրենց կտրած ու հեղափոխությանը նվիրած էս երիտասարդների համար` հակադրությունը դառել է բրենդ, Կոնգրեսի մեծերի մոտ հերոսանալու միջոց: ՀԱԿ-ում վաղուց այդպես է. գնահատման ու արժեւորման հիմնական չափանիշը դարձել են Ռոբին ու Սերժին բարձրաձայն հայհոյելը»,- հանրահավաքից հետո գրել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը: Հետո անդրադառնալով բուն հանրահավաքին, նա նշել է. «Մատենադարանի մերձակայքում հավաքված ոչ այնքան հոծ զանգվածը սպասում էր, թե երբ են ազատ արձակվելու քաղմաս տարված ջահելները` միաժամանակ լսելով հարթակից հնչող ելույթները: Բովանդակային առումով` նոր ոչինչ չասվեց. գնահատականների շեշտադրումները նույնն էին, հետագա ընթացքի անորոշությունը մնաց, մանավանդ որ` նոր միտինգի ամսաթիվ էլ չասվեց, ու ժողովուրդը տուն գնաց ինչ-որ բանի անավարտության զգացումով: Բոլոր հանրահավաքների առանցքն, անշուշտ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներն են: Այս անգամ ընդդիմության առաջնորդը հանդես չեկավ իրավիճակի խորքային անալիզով եւ ոչ էլ քաղաքական օրակարգ ու պահանջներ ձեւակերպեց իշխանության համար: Որ Դավիթ Հարությունյանն ու Արմեն Հարությունյանը ծառայում են իշխանությանը` ակնհայտ է նույնիսկ հեռավոր իրենց գյուղից քաղաքական անցուդարձին հետեւող ռամիկին, ու նույնիսկ նրա համար Լեւոնն էրեկ նոր ոչինչ չասեց: Եվրոպական կառույցների կիրառած երկակի չափանիշների մասին նույնպես խոսվել է հազար անգամ՝ առիթ-անառիթ: Մարդիկ էլ ասում են, որ եթե դրանք էդքան վատն են, ինչո՞ւ ենք մեր հույսը, տղերքի ազատ արձակման հույսը դրել դրանց վրա: Ու մարդիկ ճիշտ են. չի կարելի Կոնգրեսի նույնիսկ հանրահավաքային օրացույցը հարմարեցնել եվրոչինովնիկների հայաստանյան զբաղվածությանը ու շարունակ նրանց քլնգել` սեփական անզորությունը քողարկելով ոմանց անպատասխանատու վարքագծով: Ժողովուրդն էլ կամաց-կամաց տուն է գնացել` հանրահավաքները վերածելով Սարյանի արձանի մոտ ամեն օր անցկացվող զբոսանքների նման մի բանի՝ մի քիչ ներկայացուցչական եւ ընդլայնված կազմով: Հայաստանի իշխանությունը լուծել է իր գոյատեւման խնդիրը՝ չիմանալով ինչ անի երկրի հետ, աթոռը դարձնելով զոռբայության խորհրդանիշ: Ընդդիմությունը շարունակ արտահերթ ընտրություն եւ իշխանության անհապաղ հեռացում է պահանջում՝ չհավատալով, որ էդ հեռացումը հնարավոր է անգամ հերթականի միջոցով: Ժողովուրդն էլ գնացել է տուն՝ չհավատալով իշխանությանն էլ, ընդդիմությանն էլգ»:
Համաձայնելով Ս. Սուրենյանցի դիտարկումների հետ, ՀԱԿ ակտիվիստ Դավիթ Հովհաննիսյանն ավելացրել է. «Հարությունյաններին ու եվրոպաներին վերաբերող մասը շատ հանգիստ կարող էր ուրիշը ասել»: Սրան ի պատասխան՝ Ս. Սուրենյանցը գրել է. «Հասկանո՞ւմ ես, խնդիրն ուրիշի ասելիքը չէ, խնդիրն այն է, որ հանրահավաքն օրակարգ չուներ»: Դ. Հովհաննիսյանը պատասխանել է. «Էդքան էլ համաձայն չեմ, էնպես չի, որ շատ անհետաքրքիր ժամանակներ են եւ ասելու բան չկա, հենց միայն քաղբանտարկյալների հարցը արժանի ա կազմելու ամեն հանրահավաքի օրակարգ, եթե նույնիսկ դրանք ամեն օր լինեն: Բացի դրանից, հենց մենակ ցեղակրոնությանը տված արժանի գնահատականի համար ելույթը կարելի ա բարձր գնահատել»: «Դավիթ ջան, ես քո հետ համաձայն եմ, ուղղակի ասում եմ, որ հանրահավաքի օրակարգը լավ ձեւակերպված չէր»,- գրել է Սուրենյանցը:
Այնուհետեւ այս երկխոսությանը միանում է ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը. «Սուրեն ջան, եթե պայքարի օրակարգ չկա, հանրահավաքի օրակարգ որտեղի՞ց լինի: գ Շատ դիպուկ ես համեմատել ներկայիս միտինգները Սարյանի արձանի մոտի ամենօրյա ակումբային հավաքների հետ: Չգիտեմ` ինչ մթնոլորտ է վերեւում` հարթակին մոտ, բայց ներքեւում, ուր ես եմ լինում, ելույթները լսող համարյա չկա: Մարդիկ, կարծես թե, գալիս են միայն իրար հանդիպելու ու զրուցելու համար: Նախկինում գոնե Լեւոնի ելույթի ժամանակ էին սսկվում` այս անգամ այդ էլ չեղավ: Եվ, իսկապես, ո՞վ զահլա ունի լսելու, թե ինչպես են թնդանոթից կրակում ճնճղուկների վրա: Իսկ հանրահավաքի այն պահը, երբ Արամ Մանուկյանը բարձրախոսով դիմում էր իշխանություններին` ջահելներին ազատելու խնդրանք-պահանջով, ամբողջովին բացահայտեց ստեղծված ընդհանուր կացությունը: Բառացի չեմ հիշում, բայց ասվեց. «Մենք չենք ուզում սրել իրավիճակը, չենք ուզում երթով գալ այդտեղ, եթե ձեզ պետք լինի վաղը, մյուս օրը կկանչեք նրանց, բայց հիմա բաց թողեք տղաներին»: Այնինչ, եթե պայքարի ոգի լիներ, պետք է ասվեր` «Եթե չեք ուզում սրել իրավիճակը, եթե չեք ուզում, որ հենց հիմա երթով գանք ու ազատենք` անհապաղ ազատ արձակեք նրանց»: Թե չէ` հարց է ծագում, եթե չենք ուզում սրել իրավիճակը, պիկետ խի՞ ենք անում, միտինգ խի՞ ենք անում: Ազատության հրապարակը խի՞ ենք ուզում վերանվաճել: Առանց իրավիճակը սրելու մեր Գանդիստական պայքարը ո՞վ է նկատելու, ո՞վ է բանի տեղ դնելու»:
Ս. Սուրենյանց. «Ամբողջովին համաձայն եմ Ձեր գնահատականների հետ: ՀԱԿ ղեկավարությունը չունի հստակ պատկերացումներ պայքարի շարունակության վերաբերյալ եւ հույսը դրել է արտաքին գործոնների վրա, մասնավորապես՝ զարգացումների, որոնք կարող են տեղի ունենալ ԼՂ կարգավորման գործընթացում: Իսկ ավելի վատն այն է, որ ՀԱԿ ներսում ստեղծվել է փակ համակարգ, եւ չկան մեխանիզմներ այլընտրանքային առաջարկները քննարկելու համար»: