(Տե՛ս` Կոնֆուցիոս)
Երկու դիմակավոր անձ գիշերը հարձակվել են մեր գործընկեր, լրագրող Նիկոլ Փաշինյանի վրա, ծեծել են եւ հեռացել: Ինչպե՞ս եւ ո՞ւմ հրահանգով են նրանք կատարել իրենց գործը. սա՛ պիտի լիներ միակ հարցը, որի պատասխանները փնտրելուց առաջ պաշտոնանկ պիտի արվեին Արդարադատության նախարարը, քրեակատարողական հիմնարկի ողջ ղեկավարությունը:
Լրագրողական կազմակերպությունները, հատկապես Ժուռնալիստների միությունը պիտի անմիջապես արձագանքեին կատարվածին` իշխանություններից պահանջելով դադարեցնել ոչ միայն Նիկոլի հանդեպ կատարվող ապօրինությունները, այլեւ վերանայել պատժիչ այդ մեքենայի` քրեակատարողական հիմնարկներում տիրող անմարդկային փոխհարաբերությունները:
Որտե՞ղ են ազգի ակսակալները` Սոս Սարգսյանը, Պերճ Զեյթունցյանը, Զորի Բալայանը, մյուսները, ո՞ւր են Հանրային խորհրդի բազմազան հանձնաժողովների բազմավաստակ անդամները. նրանք համամարդկային արժեքների կրող են, կարծես, պիտի արձագանքեին կատարվածին: Ի վերջո, երեք երեխաների հորն, իր մասնագիտական պարտականությունն անգամ բանտից անթերի կատարող լրագրողին ահաբեկել են բանտում: Նրա կյանքին վտանգ է սպառնում: Իսկ մտավորականի համար մարդու կյանքից բարձր արժեք պիտի որ չլինի` անկախ նրանից` ընդունո՞ւմ են տվյալ մարդու սկզբունքները, թե՞ ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ են Նիկոլի, մյուս քաղբանտարկյալների պաշտպանության, ֆիզիկական անվտանգության համար Դատախազության շենք գնում նույն մարդիկ` ՀԱԿ անդամները: Ինչո՞ւ որեւէ կուսակցություն դատապարտող հայտարարություն չի անում, թե որքան էլ Նիկոլի քաղաքական հայացքները, սկզբունքներն իրենց համար անընդունելի են, սակայն իրենք պահանջում են, որ իշխանությունները ստանձնեն պատասխանատվություն նրա եւ անազատության մեջ հայտնված ՀՀ ցանկացած քաղաքացու ֆիզիկական, բարոյական անվտանգության համար:
Փոխարենն Արդարադատության նախարարը` Նիկոլի հետ կատարվածի մասին լրագրողների մոտ դեռ հեգնում է` իբր, դուք, ի՞նչ է, երազներ չե՞ք տեսնում: Իբր` այն, ինչ կատարվել է, Նիկոլը տեսել է երազում: Խնդիրն այն է, որ իշխանության ղեկին հայտնված այս մարդիկ իրենք էլ չեն գիտակցում, որ մեր բոլորիս աչքի առաջ իրենք են ապրում երազում: Ընդ որում` արթուն ժամանակ:
Սակայն կասկածի սերմն արդեն նետվել է հասարակության մեջ: Այդպիսով` իշխանությունները լուծում են մի քանի խնդիր: Նախ` փորձում են Նիկոլ Փաշինյանին հունից հանել: Եվ, եթե կուզեք, դիմակավոր անձանց հարձակման հիմնական նպատակը ոչ թե նրան ծեծելն էր, այլ այն հոգեբանական ճնշումը, բռնությունը, որը պիտի հաջորդեր կատարվածին: Պատկերացրեք, հարձակվեն ձեզ վրա, ոտքերով հարվածեն, փաստաբանի պնդումները` արձանագրություն կազմել, սապոգների եւ արյան հետքերով սավաններն ուղարկել փորձաքննության, քամահրեն, եւ տարածեն, թե այդ ամենը ձեզ միայն երազում է թվացել: Ի դեպ, խցակիցների «վկայությունների» մասին. նրանք, ովքեր երբեւէ քաղաքական հայացքների համար հայտնվել են բանտում, այսինքն` քրեականներ չեն, կարող են վկայել, որ խցակիցներիդ կարող են պարտադրել տալ ցանկացած տիպի եւ ցանկացած սյուժեով կեղծ վկայություն: Պայմանական ազատության պայմաններում էլ, որում գտնվում ենք բոլորս, կան մեթոդներ` ստիպելու մեզնից յուրաքանչյուրին տալ անհրաժեշտ ցուցմունքներ կամ վկայություններ:
Անազատության մեջ ապօրինաբար հայտնված մարդը իշխանություններից, արդարադատությունից մեծ հույսեր չունի: Նա ամեն օր եւ ամեն րոպե պատրաստ է, որ հիմա կամ հաջորդ պահին իշխանությունը` քրեականների, կոռումպացված չինովնիկների միջոցով, դարանակալ հարձակվելու է: Անազատության մեջ ապօրինաբար հայտնված մարդը իշխանություններից չի նեղանում: Սակայն նա կարիք ունի հասարակական աջակցության, որը ձեւակերպվում է այսպես` բարոյական աջակցություն: Երբ քրեակատարողական հիմնարկի ոտքից գլուխ կոռումպացված ղեկավարները, երբ արդարադատության` ոտքից գլուխ կոռումպացված համակարգի ղեկավարը փորձում են կատարվածը վերագրել տուժողի երեւակայությանը, եւ հասարակությունն այդ խայծը կուլ է տալիս, անազատության մեջ ապօրինաբար հայտնված մարդն արդեն ունենում է հուսահատվելու հիմնավոր պատճառներ:
Ինչո՞ւ է այս արշավը սկսվել Նիկոլ Փաշինյանի դեմ: Որովհետեւ Հայաստանում ԱՆԿԱԽ մարդը` լինի ազատության մեջ կամ բանտախցում, իր գոյությամբ արդեն խուճապ է առաջացնում: Չկոտրվել բանտո՞ւմ, քրեականների մե՞ջ, չկոտրվել, երբ պետական մեքենան քո դե՞մ է աշխատում: Դա չտեսնված իրադարձություն է, որի համար պատիժ է հասնում: Խստագույն, անողոք պատիժ: Առաջանում է անհետաձգելի անհրաժեշտություն` կոտրել նրան: Իսկ եթե չի ստացվում, գործի են դրվում Անկախ մարդուն հունից հանելու, անզորության զգացողություն արթնացնելու ճանապարհները: Եվ ավելի լավ բան չէին մտածի: Պարզապես նման բան 37-ին արդեն եղել է. ինքնուրույն մտածող, ճշմարտությունն ուղղակի, իրենց անունով կոչող մարդկանց լռեցնելու այլ ճանապարհ չէր մնում, քան՝ ա) նրանց ֆիզիկական ոչնչացումը, բ) տարածել, թե այն, ինչ նրանք ասում են, հիվանդագին երեւակայության արդյունք է: Եվ այս դեպքում դատավորը, դատավճիռը ստորագրողը հասարակությունն է:
Հասարակությունը չպետք է թույլ տա, որ նման մարդկանց պետական մեքենան խժռի: Հասարակությունը պետք է բարոյական լինի այնքան, որ հանկարծ չիջնի այդ ստերին հավատալու աստիճան: Հակառակ դեպքում ստացվում է, որ մե՛նք ենք ապրում երազում: Եվ մեզ թվո՛ւմ է, թե մենք ապրում ենք: Իսկ իրականում դադարել ենք գոյություն ունենալ դեռ այն ժամանակ, երբ կորցրել ենք ազատ մտածելու, դժվար կացության մեջ հայտնված մեզ նման մեկին հասկանալու, աջակցելու կարողությունը:
Նկատենք, որ միմիայն իրենց մանրությամբ աչքի ընկնող կուսակցական ֆունկցիոներներին խիստ հարմար եկավ այս գաղափարը` տարածել` իբր Նիկոլի հետ կատարվածը ոչ թե իրականություն է, այլ երազ: Այդպես ավելի հեշտ է ընթերցել իրենց մասին գրված ճշմարտությունները, որոնք արդեն կարող են վերագրել ոչ թե սեփական անձի մանրությանը, այլ գրողի երեւակայությանը:
Սակայն Նիկոլն այդ դեպքը չէ: Անազատությունից նրա գրած տեքստերն այնքան տրամաբանված են, իրականությանն ու ճշմարտությանը մոտ, որ նրա որեւէ ասած չի կարող ստիպել հավատալ, թե նա երազն իրականության տեղ է դնում:
Իսկ թե որքան վտանգավոր է պետությա՛ն համար իրականությունը համարել երազ եւ երազն` իրականություն, ցույց են տալիս օտար պետությունների դեսպանատներ դիմած ՀՀ քաղաքացիների հերթերը. նրանք ունեն մեկ ցանկություն` երազից, ուր ապրում են, փախչել: Իրականություն: