Վերջին շրջանի քաղաքական ամենահայտնի ատրակցիոնը կապված է բնակչության խորհրդային տարիների ավանդների հետ։ Քաղաքական ուժերը փորձում են ավանդների վերադարձի հեղինակային իրավունքը սեփականաշնորհել։ Աղմուկն այնքան բարձր է, որ դժվար է կողմնորոշվել. սա տնտեսակա՞ն խնդիր է, թե՞ քաղաքական։ Ամենաակտիվն ու ոգեւորվածը, բնականաբար, «Օրինաց երկիրն» է։ Այս կուսակցությունը փորձում է բնակչությանը, այսինքն` ապագա ընտրողներին հիշեցնել, որ դա իր նախընտրական խոստումն է։ Հանրապետական կուսակցությունը վարչապետի ղեկավարությամբ քաղաքական մի հնարքով իրենով արեց հաղթանակը։ Սրան զուգահեռ` գործադիր իշխանությունը կարողացավ իրեն ազատել ավանդների վերադարձի մասին օրենսդրական պարտավորությունից։ Փոխարենը խոստացավ կարգ մշակել եւ հենց 2006թ. բյուջեում առնվազն մեկ մլրդ դրամ նախատեսել ավանդների վերադարձի համար։ «Օրինաց երկիրը» պնդում է, թե սա իր համակարգված աշխատանքի արդյունքն է։ Դժվար է համաձայնել։ Առաջին հերթին` նույն համակարգված աշխատանքի բացակայության պատճառով։ ԱԺ-ում նրանք շրջանառության մեջ էին դրել մի փաստաթուղթ, որտեղ ներկայացված է ԽՍՀՄ տարիների բնակչության ավանդների վերադարձի խնդիրը ԽՍՀՄ նախկին 10 հանրապետությունում։ Այդ փաստաթուղթն, ի վերջո, հայտնվեց խորհրդարանի պաշտոնական կայքում։ Բերված 10 հանրապետությունների մասին տվյալները համակարգված չեն։ Այն տպավորությունն է, որ առանց վերլուծելու կուտակվել է ցանկացած տեղեկատվություն։ Օրինակ, Թուրքմենստանի մասին նշվում է, որ ավանդները վերադարձվում են 1993-ից, անհեթեթ ցածր տոկոսով։ Բայց նույն անհեթեթ տոկոսով ավանդների վերադարձ ապահովված է նաեւ Հայաստանում` 1000 խորհրդային ռուբլու դիմաց` 5 դրամ։ Ավանդների վերադարձի խնդիրը Հայաստանում իսկապես հասարակական ծավալներ ունի։ Խորհրդային տնտեսական տեղեկատուներում արձանագրված է, որ խնայբանկում ունեցած մեկ շնչին ընկնող գումարի չափով Հայաստանն առաջինն էր 15 հանրապետությունների ցուցակում։ Այսօր պաշտոնական թվեր չեն հրապարակվում, բայց Խորհրդային Հայաստանը մինչեւ 1990թ. խնայբանկում ուներ 8,5 մլրդ դրամ ներգրավված ավանդ։ Այսինքն` վերադարձի խնդիրն ամենացավոտն է հենց մեր երկրի համար։ Գուցե հենց սրանով է բացատրվում, որ վերադարձնելու որոշումը Հայաստանում ամենաուշն ընդունվեց։ Օրինակ, վերադարձի գործընթացը Ռուսաստանում սկսվել է 2003-ից (1000 ռուբլին` 40 դոլարի համարժեքով)։ Վրաստանը սկսել է 1993-ից (1000 ռուբլին` 100 դոլար)։ Բոլոր երկրների փորձը ցույց է տալիս, որ նոր-նոր ձեւավորվող տնտեսությունը չի կարող իր վրա վերցնել խորհրդային տարիների պարտքը։ Դրա համար էլ յուրաքանչյուրը փոխհատուցման սեփական չափանիշ է հաշվարկում։ Մինչեւ հիմա վերադարձի ամենաբարձր կուրսը Լիտվայինն է։ 1000 ռուբլու դիմաց` 250 դոլար։ Եթե թուրքմենական եւ հայկական ցածր ու անտրամաբանական օրինակը չհաշվենք, ամենացածր փոխարժեքը Ղազախստանինն. է 1000 ռուբլու դիմաց` 7 դոլար։ Մյուս երկրներում գումարը տատանվում է 70-100 դոլարի սահմաններում։ Բայց անգամ այս փոխարժեքները որեւէ երկիր ի վիճակի չէ վերադարձնել միանգամից։ Դրա պատճառով համարժեքից զատ մշակվեց նաեւ փոխհատուցման ժամանակացույց։ Ռուսաստանն, օրինակ, սկսեց մարել 80 տարեկանը լրացած ավանդատուների եւ խիստ կարիքավոր հաշմանդամների, պատերազմի վետերանների պարտքերը։ Ուկրաինան ավելի օրիգինալ տարբերակ հորինեց. սոցիալական ցենզ սահմանելու պարագայում նա խոստացավ վերադարձնել հասանելիք գումարի կեսը։ Մնացած 50%-ը բնակչությանը տրվում է անկանխիկ` հիմնականում կոմունալ վարձերի պարտքերի դիմաց փոխանցումներով։ Բացառությամբ Վրաստանի, խորհրդային նախկին բոլոր հանրապետությունները ավանդների վերադարձման կարգն ամրագրել են հատուկ օրենքով։ Այսինքն` ամեն տարի բյուջեն ընդունելուց հենց խորհրդարանն է որոշում` որքան գումար հատկացնել փոխհատուցման համար։ Վրաստանում դա արվում է Նախարարների խորհրդի որոշմամբ։ Գուցե այս պատճառով էլ վերադարձի պարտավորությունների կատարումն ամենացածրն է Վրաստանում։
Նախկին եղբայրական ընտանիքի փորձն առայժմ այսպիսին է։ Հայաստանում գործադիր իշխանությանը հաջողվեց խորհրդարանական օղակը շրջանցելով ներդնել վրացական տարբերակը։ Այսինքն` պետությունն` ի դեմս կառավարության, խոստացավ 1000 ռուբլու դիմաց վերադարձնել համեմատականորեն արժանապատիվ գումար` 200 դոլարին համարժեք դրամ։ Փոխարենն իրեն որեւէ օրենքով չպարտավորեցրեց կատարել այդ խոստումը։ Միակ պարտավորությունն այն է, որ որոշակի գումար կանխատեսվի 2006-ի բյուջեում, եւ որ կորոշի, թե ում է հատկացվելու այդ նախատեսված գումարը։ Դժվար չէ ենթադրել, որ 1 մլրդ դրամ փոխհատուցում տալու համար պետությունը այդ գումարի գոնե 5%-ը կծախսի` որոշելու, թե որ նպատակներին է հատկացնելու այն։ Պետական այս որոշումների անորոշությունը հիմք է տալիս ենթադրելու, որ այն, ըստ էության, ոչ պատահականորեն համընկավ Սահմանադրության հանրաքվեի նախօրյակին։ Խոսքը ոչ թե ավանդների վերադարձի գործընթացի սկզբի մասին է, այլ` այդ գործընթացը սկսելու խոստումի։ Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ ավանդների վերադարձի որոշումը մեր տնտեսական հաջողությունների արդյունքում չծնվեց։ Այն զուտ քաղաքական որոշում է։ Իսկ իրատեսակա՞ն է այն, թե՞ պոպուլիստական` ցույց կտա ժամանակը։