Տարեցտարի ավանդական հրդեհների ծավալները Լոռու մարզում առավելապես աճել են:
Այրվում է լանդշաֆտը, հրկիզվում` չոր բույսերը, թփուտները, անտառները: Բազումի, Փամբակի լեռնաշղթաները երաշտի շրջանում (իսկ դա ձգվում է սեպտեմբերից մայիս) տարբեր հատվածներում մշտապես ծխում են հրդեհներից: Քամուց բռնկված կրակը հաշված րոպեների ընթացքում գրավում է տասնյակ հեկտարներով տարածք` ոչնչացնելով իր ճանապարհին ողջ բուսականությունը, ետեւից թողնելով սեւացած, երկար ժամանակ ծխացող ամայություն: Այրվում են նաեւ Հալաբի լեռնաշղթայի լանջերը: «Սիսի բերդ» հատվածում կրակն ամբողջովին ոչնչացրել է մանրանտառը, հսկա ծառերի բներն՝ իսպառ սեւացրել: Բազմաթիվ ծառեր հրդեհների հետեւանքով չորացել-մոխրացել են: Անզուսպ կրակը լափել-ոչնչացրել է կովկասյան մրտավարդի, կեչու, արոսի եւ տեղական այլ տեսակի բուսականության ծաղկաթուփ-ծառախմբերը: Այս ամենից խախտվել է ողջ էկոհամակարգը, եւ այդ բուսատեսակների տեղը զբաղեցրել են փշոտ բույսերը, օրինակ` տատասկը: Քիմգործարանից հարավ, եթե խորանանք կիրճով, կարելի է տեսնել այրված ծառերի մնացորդներ: Վանաձորի Երրորդ մաս թաղամասից հյուսիս այրվել եւ չորացել են սոճիները, զանազան թփուտներ, տերեւաթափ ծառեր. դրանք տնկովի տարածքներ են: Նախկին անտառը Բազումի լեռնաշղթայի լանջերին մարդկանց մեղքով վաղուց անհետացել է, մնացել են միայն փոքրիկ բացատներ` ծվարած խանդակներում, որոնք եւս մեկընդմիշտ դատապարտված են: Ժայռոտ տարածքներում՝ քաղաքային գերեզմանոցից վերեւ, հրկիզում-հրդեհները հասցրել են կաղնու երկու տեսակների լրիվ ոչնչացման եւ հանգեցրել գիհու, սապիրակի, հոնատի, դրախտածառի, ծորենու եւ այլ բուսատեսակների աճի կտրուկ կրճատման: Կենդանական աշխարհից այստեղ նախկինում առկա էին կովկասյան ագաման, մախաոն տեսակի թիթեռը, տարատեսակ թոչուններ: Բույսերի եւ կենդանիների բազում տեսակներ, հավանաբար, անվերադարձ մեկընդմիշտ «հեռացել» են այդ վայրերից: Վերջին տարիներին ՄԱԿ-ի ծրագրով (UNWEP) մեծածավալ միջոցներ են հատկացվել անտառատնկման համար: Նույն ժամանակաշրջանում քաղաքի Թագավորանիստի հատվածում բազմաթիվ հրդեհներ բռնկվեցին, իսկ Դիմաց թաղամասից վեր բլրալանջի անտառատնկիները ոչնչացվեցին: Կարելի է երկար թվարկել դիտավորյալ, պարզապես հաճույքի համար հրդեհված տարածքների դեպքերը, այսպես կոչված, մարդկանց կողմից իրականացված, ովքեր մասուր, սունկ հավաքելուց կամ զբոսանքից հետո բնության հանդեպ երախտագիտության նշան որպես` այրում-հրկիզում են չոր խոտերը` հրճվելով անընդհատ տարածվող բոցերից: Հրկիզողների անպատժելիությունը հանգեցրեց այն բանին, որ նույնը սկսեց կատարվել նաեւ հենց քաղաքի կենտրոնական մասերում, որն էլ հանգեցրեց դեկորատիվ թփուտների ոչնչացմանը: Այսպես` Արցախ պուրակում այրվեցին վարդի թփուտներ ու թփուտ-ծառեր: Նույն բախտին են արժանացել Դիմաց թաղամասի քաղաքի կենտրոնին կապող կամրջի մոտ, ինչպես նաեւ՝ այլ տարածքներում գտնվող թփուտներ եւ այլ բուսատեսակներ: Ապշեցուցիչ է ոչ միայն հրկիզումների անդադրում եռանդը, քաղաքի բնապաշտպանական կազմակերպությունների եւ տեղական գերատեսչությունների քար անտարբերությունը: Միգուցե նրանց պարտականությունների մեջ միայն աշխատավարձ ստանա՞լն է մտնում կամ թե խելացի կեցվածքով հեռուստաէկրաններից հերթական անտառատնկման պլանների մասին խոսե՞լը: Իսկ որքա՞ն գումար պետք է ծախսվի կանաչապատման վրա: Ո՛ւր են հասարակական համապատասխան կազմակերպությունները` «Բնության պաշտպանները», շրջակա միջավայրի պահապանները, «Կանաչները», կենդանիների պաշտպանները: Հայտնի է, որ մեծ աղմուկ բարձրացավ Թեղուտի հանքավայրի շուրջ, մինչդեռ դիմահար հրդեհներն այդպես էլ չեն նկատվում:
Հայաստանի բոլոր հեռուստակայանները լուրերի հաղորդման ժամանակ անդադար ցուցադրում են այլ երկրներում բռնկված ծավալուն անտառային հրդեհները, եւ հետաքրքրական է, որ բոլորովին նոր հրշեջ մեքենաներ պատրաստ-կանգնած հրամանի են սպասում, որ հազարավոր կիլոմետրեր անցնեն` հասնելու հարեւան երկրներ, պայքարելու ամենակուլ հրդեհների դեմ: Ես միանգամայն համաձայն եմ աղետի մեջ հայտնված երկրներին օգնություն ցուցաբերելու հարցում: Իսկ մե՞նք, որ չափազանց փոքր երկիր ունենք, իսկ մեզանում եղած հրդեհների ծավալնե՞րը, որ անչափելի են…
Ռաֆայել ՄՈՎՍԻՍՅԱՆ