Խաչքարերը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

16/11/2010

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում նոյեմբերի 15-19-ը կայանալու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական համաժողովը, որի ընթացքում քննարկվելու է համաշխարհային պահպանության արժանի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում լրացումներ անելու անհրաժեշտության հարցը: Իրենց հերթին են սպասում 47 նոր հավակնորդները, որոնց թվում են նաեւ ավանդույթներն ու ծիսական արարողությունները` իսպանական ֆլամենկո պարը, ադրբեջանական գորգագործության տեխնիկան, մեքսիկական ու ֆրանսիական խոհարարական ավանդույթները, խորվաթական երգարվեստը, փայտի վրա նկարազարդումներ անելու չինական տեխնիկան, Պեկինի օպերան, նաեւ որսի այն տեսակը, որտեղ օգտագործվում են բազեները: Կան նաեւ հատուկ ուշադրության արժանի թեկնածուներ, օրինակ` դիետաները, պերուական պարը, որը կատարվում է մկրատներով, նաեւ խորվաթական ազգային քաղցրավենիք համարվող կոճապղպեղով «պրյանիկների» պատրաստման բաղադրատոմսը: Համաշխարհային մշակութային ժառանգության մաս դառնալու հայտ ներկայացրել է նաեւ Հայաստանը: Առաջադրված են հայկական խաչքարերը` «խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» ձեւակերպմամբ:

2003 թվականին ընդունված հռչակագրի շնորհիվ պահպանության ենթակա ոչ նյութական մշակութային արժեքների շարքում կարող են հայտնվել երաժշտությունը, ավանդական արհեստները, փառատոներն ու տոները: Արդեն իսկ այդ ցանկը համալրված է 166 օբյեկտներով, որոնց թվում են չինական կալիգրաֆիան, յակուտական հերոսական էպոսը, արգենտինական տանգոն, դուդուկի նվագը: