Ռուբեն Հախվերդյանը, ով դեկտեմբերի 3-ին տոնելու է իր 60-ամյա հոբելյանը, պատրաստվում է հանդես գալ մի քանի համերգային ծրագրերով: Երեւանյան ակումբներն ու Մարզահամերգային համալիրը կդառնան այն հարթակները, որոնցից կհնչեն Ռուբիկի հին ու նոր երգերը: «Ամեն մարդ իր երջանկությունն ունի: Եթե ես երգ եմ գրում, ու մարդիկ ծափահարում են, ես կայֆ եմ ստանում: Թեեւ, իհարկե, մինչ հիմա էլ զարմանում եմ, թե ինչպես են իմ երգերը ծափահարվում»,- ասում է Ռ.Հախվերդյանն ու նկատում, որ տարիքի հետ սկսել է ավելի հանգիստ ու սթափ վերաբերվել այն երեւույթներին, որոնք նախկինում իրեն նյարդայնացնում էին: Սակայն կա մի բան, որի հետ նա հաշտվել չի կարող. «Էլի զզվում եմ գավառամտությունից, հետամնացությունից, անպատժելիությունից»: Նրա կարծիքով` այսօրվա մեր կյանքի հիմնական խնդիրը բարոյալքված վիճակն է ու այն փաստը, որ ժողովուրդն իրեն անտեր է զգում: Նշելով, որ ժողովրդի ու իշխանության միջեւ եղած անդունդն օրեցօր ավելի է խորանում, նա նկատում է, որ հիմա շատ տարօրինակ պատերազմ է ընթանում: Եվ այդ պատերազմը գոյությունը պաշտպանելուն է նման: Հիշեցնելով, որ վերջին 10 ամիսների ընթացքում Հայաստանը 70.000 մարդ է լքել, նա նկատում է, որ նորօրյա արտագաղթը հենց պատերազմական իրավիճակի ու իշխանությունների «պրոֆեսիոնալիզմի» արդյունք է: Նա ցանկանում է, որ այսօրվա իշխանավորները ավելի գրագետ ու զարգացած լինեն: «Դրանցից ամենահղփացածները քամուն են տալիս իրենց փողերը: Ես տեսել եմ, թե նրանք ինչքան էին կրվում կազինոյում ու սենց շպրտում էին դոլարները: Մեկի հետ կազինո էի գնացել, եւ այդ մեկը մոտավորապես քսան հազար դոլար տանուլ տվեց: Ես ասեցի` տայիր ինձ, ես մի հատ CD կձայնագրեի: Ասեց` չտեսա՞ր, պրծավ»: Ռուբեն Հախվերդյանի ցանկացած կարծիք էպատաժային է թվում, սակայն միշտ էլ կոնկրետ դիտարկումների խտացում է: Նա կարող է ասել այն, ինչ մտածում է, իսկ այսօր դա քչերն են անում: Նրան զայրացնում է, օրինակ, այն փաստը, որ չինովնիկները գռփում ու լափում են պետբյուջեի այն միջոցները, որոնք արտասահմանից են գալիս եւ ինչ-որ նպատակի պիտի ծառայեն: «Էդ ջիպազգիները (իսկ պարտադիր չէ ջիպ ունենալ, որ ջիպազգի լինես) ուզում են էն, ինչը նրանց մեջ պակասում է, լրացնել մետաղով, փողով եւ, ինչո՞ւ չէ` կանանցով: Բայց դե մարդուն օրական մի փոր հաց է հասնում, մի հատ կին, որեւէ մեկն էդ ռեկորդները չի խփել, որ Գինեսի գրքի մեջ մտնի: Եվ նորմալ ապրուստ, նորմալ կյանք, էդքան բան»,- ասում է նա:
Խոսելով երգի մասին, նա ասում է. «Ես մշակույթի նեղ մասն եմ ներկայացնում, երգարվեստը, մասնավորապես հեղինակային երգը, որն արդեն «Կարմիր գրքում» է»: Երիտասարդ երգիչներին էլ, որոնք միանման երգեր են կատարում, խորհուրդ է տալիս ավելի շատ պոեզիա կարդալ, հատկապես` «Մի կաթիլ մեղրը» եւ «Պույ-պույ մկնիկը»: «Խոսքն այսօր դադարել է իմաստ փոխանցել: Երգից կորել է անհատականությունը: Եվ երբ երիտասարդ երգիչներն իմ երգերն են կատարում, նրանք չեն հասկանում դրանց իմաստը, այլ միայն սեփական ձայնն են ցուցադրում: Երգարվեստում, հատկապես հեղինակային երգում շատ կարեւոր է սեփական միտքը մարդկանց հաղորդելը: Երգը երաժշտությամբ ընթերցված պոեզիա է: Խոսքն իր մեջ եռանդուն ուժ ունի, եւ եթե ճիշտ ուղղես այն, ապա հանդիսատեսը հաղորդակից կդառնա դրան, եւ դուք մեկ ամբողջություն կդառնաք»,- ասում է նա: Ինքն իրեն արհեստավոր համարող Ռ.Հախվերդյանը վստահ է, որ միայն երգերում է արտահայտում այն բոլոր մտքերը, որոնք հուզում են իրեն: «Այլ բան անել չեմ կարող»,- ասում է նա: Եվ միգուցե նրա երգերը արդեն մի քանի սերնդի համար անհրաժեշտություն են դառնում նրա շնորհիվ, որ Ռ.Հախվերդյանի համար խոսքը կարեւոր է այն պահին, երբ լսող կա: Իսկ նրան լսել ցանկացողներ (եւ երգերը, եւ կյանքին վերաբերող կտրուկ ձեւակերպումները) միշտ էլ կլինեն: