Ֆրոչի հերթական հաթաթան

14/11/2010

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգի Super Six մրցաշարը կշարունակվի նոյեմբերի 27-ին կայանալիք Արթուր Աբրահամ-Կարլ Ֆրոչ մարտով: Արդեն իսկ «բարի» ավանդույթ է դարձել, որ Արթուրի մրցակիցները մարտից առաջ ամպագոռգոռ հայտարարություններ են անում իրենց մոտալուտ հաղթանակի մասին: Ահա, Կարլ Ֆրոչն էլ որոշեց ետ չմնալ մյուսներից ու հայտարարեց, թե Աբրահամը վախենում է իրենից: Աբրահամի համար այս պրակտիկան արդեն սովորական է դարձել, սակայն մեր հայրենակիցը, որպես կանոն, այս կարգի հարձակումներին չի արձագանքում՝ նախընտրելով վախը չափել անմիջականորեն ռինգում, այլ ոչ` տարբեր հեռուստատեսությունների եթերում կամ թերթերում: Այս մարտում հաղթելու դեպքում Արթուրը կամրապնդի մրցաշարի առաջատարի իր դիրքերը, իսկ նոկաուտով հաղթելու դեպքում մրցակիցների համար անհասանելի կդառնա: Զուտ մարզական հետաքրքրության համար նշենք, որ Super Six մրցաշարում Աբրահամի հետ մենամարտած երկու բռնցքամարտիկներն էլ հրաժարվեցին հետագա պայքարը շարունակելուց: Նրանք իրենց հրաժարականները ներկայացրել էին հիվանդանոցից, ուր տեղափոխվել էին Աբրահամի հետ մարտերից անմիջապես հետո:

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ