Ի՞նչն է խոչընդոտում ընդհանուր ապագային

21/10/2005 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Հայաստանում Ամերիկյան Առեւտրի պալատի («AmCham») կազմակերպած «Ընդհանուր ապագա» խորագիրը կրող տարածաշրջանային համաժողովում զեկույցներով հանդես եկան Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները եւ տնտեսական ոլորտի մասնագետներ: Ներկայացվեցին տարածաշրջանի ներդրումային միջավայրը եւ ներդրումներ գրավելու հնարավոր ուղիները:

Արտասահմանցի գործարարները ողջունում են այն փաստը, որ Հայաստանն օտարերկրացիներին հնարավորություն է տալիս աշխատել այստեղ:

Օրենսդրության պարզեցում եւ անկախ դատարաններ

Սակայն ներդրումային բարենպաստ դաշտ ստեղծելու համար Հայաստանում առկա են մի շարք հիմնախնդիրներ: Թ. Սամուելյանը վստահ է, որ մեր օրենսդրությունը կարիք ունի պարզեցման եւ թարգմանության: Ներդրողը շատ հաճախ «գլուխ չի դնում» հայերենից անգլերեն օրենքները թարգմանելու հետ կամ, պարզապես, կարող է չվստահել թարգմանված տարբերակին, քանի որ «օրենքի տառն էլ օրենք է»: Իհարկե, թվում է, թե չնչին հանգամանք է, բայց իրականում այս դեպքում նույնպես գործում է «Հաճախորդը միշտ ճիշտ է» շուկայական սկզբունքը: Թ. Սամուելյանը, ինչպես նաեւ` համաժողովի այլ մասնակիցներ, առաջնահերթ են համարում անկախ դատարանների ստեղծումը, քանի որ միայն այդ պարագայում կարող են օտարերկրյա ներդրողներն իրենց ապահով ու պաշտպանված զգալ: Օրինակ, Վրաստանի ներկայացուցիչը նշեց, որ իրենց երկրում ոչ մի դեպք չի գրանցվել, որ տնտեսության մասնավոր հատվածի որեւէ սուբյեկտ շահի կառավարության դեմ դատը: Հայաստանի դատաիրավական համակարգում առկա լուրջ հիմնախնդիրների մասին նշեց նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Վերջինս ավելացրեց, որ ԱՄՆ-ում այս փաստը համարում են մեծ խոչընդոտ մեր երկրի ներդրումային գրավչության համար:

Թղթարարական պրոցես

Բիզնես հիմնելու խոչընդոտներից է նաեւ թղթարարությունը: Այս հիմնախնդիրն առկա է Ռուսաստանում: Սրա հիմնական պատճառը յուրաքանչյուր պետության գլխավոր չարիքներից մեկն է՝ կոռուպցիան, որի բարձր մակարդակը շարունակում է պահպանվել հատկապես Ռուսաստանում: Համաժողովում վերջինիս ներկայացուցիչը նշեց, որ մեր երկրներում «նույնիսկ անվճար ծառայությունների համար պետք է վճարել կաշառքի տեսքով»: Սակայն Վրաստանում «AmCham» նախագահ Ֆադի Աշլիի հավաստմամբ, իրենց երկրում կոռուպցիոն համակարգը զգալիորեն թուլացել է, մասնավորապես՝ իշխանության ցածր օղակներում: Աշլին դա բացատրում է պետական համակարգում աշխատավարձերի կտրուկ աճով եւ օրինակ է բերում հենց նույն թղթարարությունը. Վրաստանում կազմակերպության գրանցումը տեւում է ընդամենը 2-3 օր:

Ներկայացնելով Վրաստանի ներդրումային դաշտը՝ Ֆ. Աշլին նշեց, որ իրենց երկրում օտարերկրյա ներդրողներին ամենաշատը «վախեցնում է» ֆինանսական ոստիկանության առկայությունը: Այս կառույցը շատ հաճախ չարաշահում է իր դիրքերը եւ այն տպավորությունն է թողնում, որ երկրում ամեն ինչ լուծվում է զենքի ուժով: Ուսումնասիրելով «անբարեխիղճ» հարկատուների ֆինանսական վիճակը եւ հավաստիանալով նրանց վճարունակության մեջ՝ ֆինանսական ոստիկանությունը զինված մեծ խմբերով ներխուժում է ընկերություններ, իսկ ողջ այս գործընթացը պարտադիր լուսաբանվում է մամուլում եւ հեռուստատեսությամբ՝ մյուս սուբյեկտների մոտ սարսափ առաջացնելու նպատակով: Աշլիի կարծիքով, պետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի բիզնեսի զարգացման համար, հետո միայն՝ պահանջի: «Կովին չի կարելի 24 ժամ կթել, անհրաժեշտ է երբեմն էլ արածացնել»: Ի դեպ, Վրաստանում «AmCham»-ը գործարարության գծով Կառավարության խորհրդի անդամ է:

Քաղաքական իրավիճակ

Երկրների ներդրումային միջավայրերը ներկայացնելուց հետո համաժողովի մասնակիցներն անդրադարձան տարածաշրջանային ինտեգրացիայի հիմնախնդիրներին: Ռուսաստանի ներկայացուցիչը նշեց, որ օտարերկրյա ներդրողները շատ հաճախ տարբերություն չեն տեսնում տարածաշրջանի երկրների միջեւ, ուստի յուրաքանչյուր երկրի ներդրումային մթնոլորտի համար շատ կարեւոր է ռեգիոնի ընդհանուր քաղաքական ու սոցիալ-տնտեսական իրավիճակը: «Տարածաշրջանում մեծ կոնֆլիկտները վերջին հաշվով ոչ մի երկրի ձեռնտու չեն, իսկ զարգացած երկրների քաղաքական միջամտությունը ռեգիոնում կնպաստի ներդրումների աճին»,- համոզված է «Ինթերնեյշնլ Այդիա» կազմակերպության Հարավ-Կովկասյան եւ Եվրոպա-ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Արմինե Առաքելյանը:

Ռեգիոնալ քաղաքական իրավիճակ

Վաշինգտոնից միջազգային կապերի մասնագետ Ռիչարդ Գիրագոսյանը, անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի դերին, նշեց, որ Եվրամիությանն այդ երկրի անդամակցությունը բխում է ռեգիոնի երկրների շահերից եւ կապահովի նրանց ազգային անվտանգությունը: Չէ՞ որ դառնալով Եվրամիության անդամ՝ Թուրքիան պարտավոր կլինի առեւտրային հարաբերություններ սկսել հարեւան Հայաստանի հետ: Սակայն հայ-թուրքական համագործակցության վերաբերյալ համաժողովում հնչած կարծիքները միանման չէին: Թուրքիայի ներկայացուցիչ Ակիֆ Իշիկի կարծիքով, ժամանակն է, որ մեր երկու երկրները սկսեն գործարար համագործակցությունը, իսկ Թ. Սամուելյանը վստահ է, որ երկխոսությունն անիրատեսական է, քանի դեռ շատ հարցեր մնում են չլուծված: Հայաստանում «AmCham» նախագահ Էդիթ Խաչատրյանը ամերիկյան բիզնեսի տեսանկյունից նպատակահարմար է գտնում հայ-թուրքական սահմանի բացումը: Իսկ պրն Իշիկի՝ սահմանների բացման առիթով հնչեցրած խորհրդին ի պատասխան Է` Խաչատրյանն ասաց. «Հայաստանի կողմից որեւէ նախապայման չկա, սահմանները ձեր կողմից են փակ, եւ լավ կլինի՝ այդ խորհուրդը տաք Թուրքիայի կառավարությանը եւ գործարարներին, որպեսզի իրենք քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ»: