Վիտամին E. մաս-2
Այս վիտամինն իր կառուցվածքով բնության մեծագույն հրաշքներից մեկն է համարվում: E վիտամինի (տոկոֆերոլ) մոլեկուլները բաղկացած են 3 տարրերից` ջրածնից, թթվածնից եւ ածխածնից, սակայն մոլեկուլներից եւ ոչ մեկը մյուսին չի կրկնում: Ըստ գիտնականների` առանց այս վիտամինի հնարավոր չէր լինի պատկերացնել կյանքի զարգացումը երկրագնդի վրա: Գիտնականները 8 տեսակի տոկոֆերոլներ են ճանաչում, որոնք վիտամին E-ի տարբեր դրսեւորումներ են: Ինչպես արդեն նշել ենք, հունարենից թարգմանաբար տոկոֆերոլը նշանակում է՝ «ժառանգականություն ապահովել»: Կենդանիներին զրկելով այս վիտամինը պարունակող սննդամթերքից, պարզել են, որ նրանք դադարել են բազմանալ: Ալֆա-տոկոֆերոլը ամենաակտիվն է տոկոֆերոլներից: Վիտամին E-ն ճարպերը լուծում է, ջրի մեջ այն չի լուծվում, գրեթե չի ենթարկվում բարձր ջերմաստիճանի ազդեցությանը, թթուներին եւ ալկալիներին: Եռացնելիս` գրեթե չի քայքայվում, սակայն լույսի ներքո, բաց վիճակում` օդի ազդեցության, քիմիական նյութերի կամ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո չի կարող երկար պահպանվել սննդամթերքի մեջ: Վիտամին E-ն կենդանական ծագում ունեցող սննդամթերքի մեջ գրեթե չի լինում: Միայն լյարդի, ձվի դեղնուցի եւ կաթի մեջ կա: Ակտիվ` ալֆա-տոկոֆերոլը թարմ բանջարեղենի մեջ է: Սառեցված բանջարեղենի մեջ դրա քանակությունը 2 անգամ քիչ է, իսկ պահածոյացված բանջարեղենի մեջ` գրեթե չի պարունակվում: Մարգարինի մեջ եւս կա, սակայն ոչ շատ քանակությամբ: Այն ամենաշատը պարունակվում է բուսական յուղերի, ընկուզեղենի, գարու, ցորենի հատիկների եւ թեփի, արեւածաղկի, սպանախի, բրոկկոլիի, եղինջի, մասուրի պտուղների, ազնվամորու (ՎՈսՌվՈ) տերեւների, առվույտի (ս՚ՓպՐվՈ), կտավատի սերմերի մեջ: Մշակված ալյուրի մեջ, կարելի է ասել, վիտամին E չկա: Ռաֆինացված` զտված յուղերը չափից շատ տապակելիս` թթվեցման պրոցես է սկսվում, անջատվում են ազատ ռադիկալները, որոնք քայքայում են մեր օրգանիզմի բջիջները: Իսկ E-ն պաշտպանում է բջիջներն այդ ռադիկալներից: Դրա համար խորհուրդ չի տրվում սննդամթերքը չափից շատ տապակել: Տոկոֆերոլները կարող են դիմակայել մինչեւ 200C բարձր ջերմաստիճանի, սակայն թավայի մեջ միսը կամ այլ սննդամթերքը յուղով չափից ավելի տապակելու դեպքում E-ն գրեթե անհետանում է: Այս վիտամինի հիմնական ֆունկցիան բջջաթաղանթի պաշտպանությունն է: Ազատ ռադիկալների (ատոմների խմբերի) եւ մեր օրգանիզմի բջիջների մեջ մշտապես պայքար է մղվում: Ռադիկալները մշտապես հարձակվում են էրիտրոցիտների` արյան կարմիր գնդիկների վրա` վնասելով եւ թույլ չտալով բավարար թթվածին ստանալ: Վիտամին E-ի մոլեկուլները բոլոր կողմերից շրջափակում են էրիտրոցիտները` նպաստելով դրանց ակտիվ գործունեությանը եւ պաշտպանելով այդ ազատ ռադիկալների բոլոր հարձակումներից: Եթե E-ն օրգանիզմում բավարար քանակով չի լինում, ապա արյան կարմիր գնդիկները շատ արագ կորցնում են իրենց ակտիվությունը, եւ արյան բաղադրությունը գրեթե ժամը մեկ անգամ փոփոխության է ենթարկվում: Ուրեմն, եթե ձեր օրգանիզմում ինչ-որ բան այն չէ, կամ նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ունեք, E վիտամին` պարունակող սննդամթերք կերեք: Օրինակ, եթե տոնական երեկոյի ընթացքում չափից ավելի ալկոհոլ եւ ծխախոտ օգտագործելուց հետո հաջորդ օրը ձեզ ջարդված եք զգում, դա նշանակում է, որ ձեր օրգանիզմում միլիարդավոր արյան բջիջներ` էրիտրոցիտներ են մահացել-ոչնչացել: Նման դեպքում շատ արագ պետք է 1 ճաշի գդալ ձիթապտղի կամ կտավատի բուսական յուղ խմել եւ օրգանիզմի բջիջների վիճակը թեթեւացնել: Օրական մինչեւ 14 տարեկան երեխաներին անհրաժեշտ է 6-12մգ վիտամին E, իսկ մեծահասակներին` 12մգ: Հղի եւ կերակրող մայրերին անհրաժեշտ է մինչեւ 16մգ եւ ավելի վիտամին E: Վերջին հետազոտությունների արդյունքներով` մեր օրգանիզմին վիտամին E-ի նշված չափաքանակից ավելին է անհրաժեշտ` հաշվի առնելով այսօրվա շրջակա միջավայրի էկոլոգիական վատ վիճակը, վատ սովորությունները, սննդի որակը, եւ այլն, որոնք անդրադառնում են օրգանիզմում եղած տոկոֆերոլի վրա: Շատ ճարպեր օգտագործող մարդկանց ավելի շատ վիտամին E է անհրաժեշտ: Սելենի (լուսնածին) պակասը մեր օրգանիզմում, որն այսօր լայն տարածում ունեցող երեւույթ է, եւս վիտամին E-ի` տոկոֆերոլի լրացուցիչ պաշարներ է պահանջում: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր մշտապես կանաչեղեն, բուսական յուղեր` տոկոֆերոլով հարուստ սննդամթերք են օգտագործում, մեծ քանակությամբ վիտամին E-ի անհրաժեշտություն ունեն: Մի շարք դիետոլոգներ առաջարկում են վիտամին E-ն ընդգրկել ամենօրյա օրակարգի մեջ: Լավագույն ձեւը բուսական յուղերի` եգիպտացորենի, արեւածաղկի, կտավատի, ձիթապտղի, քունջուտի, սոյայի օգտագործումն է: Օրական գոնե 1 անգամ 1 ճաշի գդալով այս բուսայուղերից խմեք, եւ ձեր բջիջները լիարժեք պաշտպանված կլինեն: Ի դեպ, վիտամին E-ի պակասը հոգնածություն, տրամադրության անկում, անտարբերություն է առաջացնում, քանի որ նյարդային իմպուլսների ազդակները թուլանում են, օրգանները լիարժեք չեն գործում: Վիտամին E-ի պակասից մկանային, ապա ոսկրային, ինչպես նաեւ` սրտամկանային դիստրոֆիա` խախտումներ են առաջանում: Ավելին, վիտամին E-ի անհրաժեշտ քանակի պակասը նաեւ պիգմենտային հետքեր է առաջացնում մաշկի, ձեռքերի վրա: Ինչպես նաեւ օրգանների վրա, որոնք, թեեւ մենք չենք տեսնում, սակայն բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների պատճառ են դառնում: Սակայն, նաեւ չպետք է չարաշահել վիտամին E-ն. մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում սրտխառնոց, արյան ճնշման բարձրացում եւ այլ երեւույթներ կարող են տեղի ունենալ, որն, իհարկե, հնարավոր է կարգավորել` վիտամինի քանակը նվազեցնելով: E-ն համադրելի է վիտամին C-ի եւ A-ի հետ. A-ն նպաստում է E-ի յուրացմանը, իսկ C-ն բարձրացնում է տոկոֆերոլի պաշտպանական գործունեությունը: Վիտամին E-ն հաբերի տեսքով ընդունելու դեպքում անպայման պետք է հետեւեք, որպեսզի ստամոքսը դատարկ չլինի, խմեք ուտելուց հետո: Ցանկալի է, որպեսզի ճարպեր պարունակող որեւէ սննդամթերք լինի, օրինակ` ընկույզ եւ մրգեր, արեւածաղիկ, եւ այլն. չէ՞ որ վիտամին E-ն ճարպերը քայքայող հատկություն ունի: Սպիտակ հաց, ռաֆինացված շաքար, բուլկեղեն, կիսաֆաբրիկատներ, երշիկեղեն ուտելիս, լյարդը այդ սննդամթերքից շատ արագ ճարպեր է վերարտադրում: Այդ ճարպը ներթափանցում է արյան մեջ, «վատ» խոլեստերինի կուտակումներ են առաջանում, շատ արագ դրանք շատանում են, եւ արդյունքում՝ բջիջները դադարում են դրանք ընդունել: Եվ, այդ ժամանակ էլ սկսվում է աթերոսկլերոզը, ճարպի մոլեկուլները կպչում են զարկերակների պատերին` փոփոխելով իրենց գործունեության տեսակը: Խուսափեք պարզապես «հարմար», արագ, «դատարկ» սննդամթերքից. ճիշտ սնվեք, եւ դուք դեղերի ու լրացուցիչ վիտամինների խմբաքանակների անհրաժեշտություն չեք ունենա: Վիտամին E-ի կարեւոր արժանիքների մասին մենք առաջիկայում կշարունակենք պատմել. սա դեռ ամբողջը չէ:
Առողջ եղեք: