Ամբողջ աշխարհում երիտասարդների միջավայրում այսօր այնպիսի վտանգավոր շարժումներ, բարքեր ու փիլիսոփայություններ են տարածվել, որոնց դեմ սկսել են պայքարել նույնիսկ ուժային կառույցներն եւ հատուկ ծառայությունները:
Հայաստանը նույնպես զերծ չէ վտանգավոր երեւույթներից, սակայն մեզ մոտ կարծես դրանք դեռեւս համապատասխան մարմիններին այնքան էլ չեն անհանգստացնում: Թմրամոլության, միասեռականության, տարբեր տեսակի աղանդների եւ այլ արատավոր երեւույթների հետ մեկտեղ՝ մեր երկիր են մուտք գործում այնպիսի արհեստական միջոցներ, որոնք չափազանց վտանգավոր են: Բանն այն է, որ Հայաստանում ներկայումս մեծ տարածում ունեն այնպիսի դեղամիջոցներ, որոնք խթանում են մարդու սեռական ակտիվությունը, մինչեւ անգամ հասցնում են էքստազի: Այն, որ սեռական կյանքով ապրելու հետ կապված խնդիր ունեցող ամուսինները կամ ցանկացած անձ այն իրավունք ունի օգտագործել` անվիճելի է: Մինչդեռ դրանք, մասնավորապես, օգտագործում են երիտասարդները եւ բացի օգտագործելուց՝ նաեւ զբաղվում են դրանց գաղտնի վաճառքով: Մեր զրուցակից (անուն-ազգանունը հասկանալի պատճառներով փոփոխված է) Կարեն Մանուկյանը սիրում է ակումբային կյանքը եւ երեկոները հիմնականում անցկացնում է մայրաքաղաքի ակումբներում, բար-սրճարաններում: Վերջինս վստահեցնում է, որ սեքս-խթանիչները լայն տարածում ունեն պատանիների շրջանում: «Բնականաբար դրա մասին չի խոսվում, եւ շատերը գաղափար անգամ չունեն այդ դեղամիջոցի մասին: Բայց ակումբներում շատերի մոտ կարելի է տեսնել այդ ստիմուլյատորները: Դա այնպիսի խթանիչ է, որի մեկ դեղահաբը կամ հեղուկի կաթիլները հյութի, սուրճի կամ ջրի մեջ գցելով, խմելուց հետո հինգ րոպեից ուժեղ ազդեցություն է ունենում: Այսինքն` դրա միջոցով մարդու մեջ սեքսով զբաղվելու ցանկություն է արթնանում: Օրինակ` տղան կարող է թաքուն այն լցնել աղջկա բաժակի մեջ եւ հինգ րոպեից հանգիստ տիրանալ նրան, քանի որ դեղի ազդեցության տակ` նա պատրաստակամ է ցանկացած մեկի հետ սեքսով զբաղվել»,- ասում է Կ. Մանուկյանը` վստահեցնելով, որ անհրաժեշտ է նաեւ մամուլի միջոցով երիտասարդ աղջիկներին տեղեկացնել այդ մասին: «Spanish FLY» կոչվող այդ խթանիչներն անհոտ, անգույն եւ անհամ դեղամիջոց են, որ օրգանիզմում արթնացնում են սեռական ցանկություն: Դրանք վաճառվում են հաբերի, հեղուկի, դեղափոշու եւ քսուքների տեսքով, սակայն ոչ թե դեղատներում, այլ` ինտերնետային կայքերի միջոցով: Այլ կերպ ասած` դրանք օրինական ճանապարհով Հայաստան մուտք չեն գործում, պատվիրվում են ինտերնետով, այնուհետեւ փոստով ստանալուց հետո գաղտնի ճանապարհով վաճառվում են ձեռքից ձեռք: «Spanish FLY» խթանիչը ստեղծվել է «HS» էքստրակտից եւ իսպանական ճանճից, որը մասնագետների հավաստմամբ` հանդիսանում է աշխարհում սեքսուալ ամենահզոր խթանիչը: Սեքսապաթոլոգները նշում են, որ դեռեւս հին ժամանակներից իսպանական ճանճերն օգտագործվել են մարդկանց սեռականությունը, տոնուսն ուժեղացնելու նպատակով. «Ֆրանսիայում թագավորների երկրպագուների սեռական գործունեությունն ակտիվացնելու, զգայունությունն ու էրոգեն գոտիները գրգռելու նպատակով նրանց ըմպելիքների մեջ գցում էին ճանճանյութը: Դա էքստազի հասցնող սեռական ակտի եւ մարդու գիտակցությունը թմրեցնելու արդյունավետ միջոց է: Այսինքն` գիտակցությունը մարում է` հագուրդ տալով մարմնի ցանկությանը: Այն նաեւ շատ է օգտագործել Հիպոկրատը»,- նշում են մասնագետները` հավելելով, որ մասնավորապես սեռական կյանքով ապրել ցանկացող կոնֆլիկտային իրավիճակում հայտնված զուգընկերների միջեւ աննկատ կերպով սեռականություն արթնացնելու իմաստով այս դեղամիջոցը բավականին հարմարավետ է: Մեր զրուցակից Կ. Մանուկյանն ասում է. «Եթե տղան խնդիր ունի աղջկա հետ սեքսով զբաղվելու համար, ասենք` նա պատրաստ չի, չի ցանկանում կամ, ելնելով հայկական ավանդական բարքերից, կաշկանդվում է, ապա տղան հյուրասիրելով նրան մեկ գավաթ հյութ կամ սուրճ, նույնիսկ ալկոհոլային խմիչք, հեշտությամբ կարող է այդ դեղամիջոցն աննկատ լցնել նրա գավաթի մեջ, եւ հինգ րոպեից աղջիկն ինքը կցանկանա սեքսով զբաղվել: Թեեւ նույն իրավիճակը կարող է ստեղծվել նաեւ աղջկա կողմից: Հիմա «Spanish FLY» խթանիչներ կարելի է տեսնել շատերի մոտ: Չի բացառվում, որ որեւէ մեկը ակումբում կամ սրճարանում միանգամից դա հյութի հետ պատվիրի, քանի որ, ինչպես նշեցի` դրանք ձեռքից ձեռք վաճառվում են: Այսինքն` նույն բարմենը կամ ակումբի ղեկավարությունն էլ կարող է գաղտնի դրա բիզնեսն անել»: Ի դեպ, ինտերնետային այն կայքերը, որոնք աշխարհով մեկ առաջարկում են պատվիրել «Spanish FLY» խթանիչները, ունեն խորհրդատվական ծառայություններ, որտեղ վեբ-կայքերի հաճախորդների հետ խորհրդատվություններ են անցկացնում: Օրինակ` այցելուներից մեկին խորհրդատուն խթանիչների էֆեկտիվությունը նկարագրելիս այսպես է բացատրում. «Այս խթանիչներն օգտագործելուց հետո աղջիկն օրգանիզմում հաճելիորեն զգում է արյան շրջանառության արագացում եւ սեռական օրգանների կենսունակ զգայունություն: Սրտի աշխատանքն արագանում է, եւ նրա այտերը դառնում են վարդագույն: Որովայնում ջերմություն է զգում եւ ակամա ձգտում զուգընկերոջը: Թեեւ կոռեկտ չէ տղամարդու եւ կնոջ օրգանիզմը համեմատել, այդուհանդերձ, գրեթե նույն զգացողությունն ունենում է տղամարդը, բացառությամբ զգայունության արտահայտության տղամարդու օրգանիզմի առանձնահատկության: Խթանիչն օգտագործելուց հետո 5-15 րոպեների ընթացքում դուք անկախ ձեր կամքից պատրաստ եք սեքսով զբաղվել, ընդհուպ մինչեւ անգամ էքստազի հասնել»: Թաիլանդում արտադրվող այս խթանիչների վաճառքով զբաղվող վեբ-կայքերը նաեւ հորդորում են 18 տարեկանից ցածր մարդկանց՝ չօգտագործել դրանք, սակայն պատվիրատուների տարիքը ստուգելու չափորոշիչներ բնականաբար չեն գործում: «Spanish FLY», թարգմանաբար` «Իսպանական ճանճ» խթանիչների վաճառքը ինտերնետի միջոցով իրականացնող կայքերի հեղինակները նաեւ պատվիրատուներին իրազեկում են, որ խթանիչները ձեռք բերող այցելուների տվյալները ոչ մի դեպքում հրապարակման ենթակա չեն: Դրանք համարվում են խիստ կոնֆիդենցիալ, եւ երբեք որեւէ մեկը դրա մասին չի կարող իմանալ: «Spanish FLY» խթանիչներն օրինական ճանապարհով, որեւէ ընկերության կողմից պաշտոնապես Հայաստան չեն ներմուծվում, հետեւաբար՝ մեր շուկայում դրանք օրինական վաճաքի ենթակա չեն: Ինտերնետի միջոցով, այսինքն` փոստային ճանապարհով, դրանք ձեռք բերողները զբաղվում են դեղամիջոցի գաղտնի վաճառքով: Ընդ որում` այն բավականին շահութաբեր ստվերային եւ անվերահսկելի բիզնես է: Օրինակ` «Spanish FLY» խթանիչի մեկ տուփի մեջ 60 հաբ կա, որի արժեքը վեբ-կայքերը սահմանում են 40 դոլար, սակայն վաճառողները մեկ դեղահաբը Հայաստանում վաճառում են 20 դոլարով: Ի դեպ, ողջ աշխարհում այս խթանիչի ստվերային շրջանառությունը հիմնականում իրականացնում են ուսանողների միջավայրում, ինչի վտանգը նաեւ կա մեզ մոտ, քանի որ դրանց վաճառքը կազմակերպողները լավ գիտեն, թե որտեղ կարելի է սպառել այդ խթանիչները: Նշենք նաեւ, որ օրեր առաջ ՀՀ Կառավարության որոշմամբ պարզեցվել են մաքսային ընթացակարգերը, համաձայն որի` «ՀՀ մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների տեղափոխման ընթացակարգերի նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել իր 2001թ. հունվարի 8-ի թիվ 4 որոշման մեջ, որոշման վերնագրում եւ 1-ին կետում «առանց մաքսատուրք վճարելու միջազգային փոխադրումներով փոխադրվող 20կգ ընդհանուր քաշը եւ 50.000 դրամի մաքսային արժեքը չգերազանցող» բառերը փոխարինել «միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող» բառերով»: Այլ կերպ ասած` միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքներն ընդհանրապես ազատվել են մաքսատուրքերից, ինչի արդյունքում վերոնշյալ խթանիչներն արդեն Հայաստան կարող են մուտք գործել խմբաքանակներով: Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Լեհաստանում վերջին տարիներին այս խթանիչների օգտագործումն այնքան մասսայական բնույթ է կրում, որ ինչպես բժիշկ-մասնագետները, այնպես էլ երիտասարդների ծնողները խիստ անհանգստացած են: Հոգեբաններն այս խթանիչների կիրառման հետեւանք են համարում նաեւ անցանկալի, պատահական հղիությունները, սթրեսները, սեռական կյանքի հետեւանքով առաջացած հոգեբանական տրավմաների պատճառներով երիտասարդների ինքնասպանության դեպքերը: «Հասկանո՞ւմ եք, մեզ մոտ կա դրա կիրառումը, որն աստիճանաբար մեծ թափ է ստանում եւ կարող է շատ վատ հետեւանք ունենալ: Ջահելները դա օգտագործում են, սեքսով են զբաղվում, ու դրանից բխող հետեւանքների պատճառով շատ ժամանակ ընտանիքներ են քանդվում, աղջիկներ են դժբախտանում, էլ չեմ ասում, որ երիտասարդների ծնողներն են բազում պրոբլեմներ ունենում: Պետք է այս մասին խոսվի, պետք է ահազանգել, որ մարդիկ իմանան, թե ինչ կարող է լինել իրենց հետ»,- ասում է մեր զրուցակիցը:
Համաձայն 2007թ. փետրվարի 8-ի Առողջապահության այն ժամանակվա նախարար Նորայր Դավիդյանի հրամանի` Հայաստանում գործում է «Առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկ», որոնք պետության կողմից լիցենզավորված մարմնի գրանցումը ստանալուց հետո իրավունք ունեն մտնել դեղորայքի շուկա: Ուսումնասիրելով առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը, այնուամենայնիվ, «Իսպանական ճանճ» դեղամիջոցը չգտանք, հետեւաբար պետք է արձանագրել, որ այն Հայաստանի դեղորայքային շուկա ներմուծելու իրավունք դեռեւս չկա: Նաեւ նշենք, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան, սահմանվում է դեղերի գրանցման, գրանցման մերժման եւ գրանցման անվավեր ճանաչելու հիմքերը եւ կարգը: Հայաստանի տարածքում թույլատրվում է արտադրել, ներմուծել, պահպանել, բաշխել, իրացնել եւ կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են ՀՀ-ում: Ինչպես նշեցինք, «Իսպանական ճանճ» դեղամիջոց-խթանիչներն առանց դեղատոմսի բաց թողնվող, ինչպես նաեւ՝ դեղատոմսով ձեռք բերվող դեղերի ցանկում գոյություն չունեն, բայց փաստն այն է, որ այն լայն տարածում ունի մեր երկրում եւ ստվերային շրջանառության միջոցով որոշ մարդկանց մեծ եկամուտներ է բերում: