«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի շուրջ 200 աշխատակիցներ երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք գործարանից` ոստիկանների ուղեկցությամբ, երթով հասել էին ՀՀ նախագահի նստավայր` պահանջելով վճարել իրենց 3-4 ամսվա չվճարած աշխատավարձերը:
«Այս գործարանի ղեկավարությունը մեզ հետ չի շփվում: Իրենց մոտ հասնելու համար մենք հինգ դուռ ենք անցնում, որ մեզ թույլ տան հերթագրվել ու նոր հանդիպել ղեկավարությունից որեւէ մեկին: Նրանք մարդ էլ չեն, էդ գայլի ոհմակին չի կարելի մարդ էլ անվանել: Ուզում ենք, որ նախագահը նրան ասի` այ ոչխար, եթե չես կարողանում աշխատեցնել գործարանը, հեռացիր»,- բողոքում էին գործարանի աշխատակիցները: Նրանց փոխանցմամբ` գործարանի ադմինիստրատիվ կազմը բարձր աշխատավարձ է ստանում` սկսած 1000 դոլարից, իսկ հասարակ աշխատակիցների միջին աշխատավարձն ընդամենը 70.000 դրամ է, որն ամիսներով չեն վճարում: «Մի հատ եկեք, ադմինիստրացիայի ստացած աշխատավարձերն ու նրանց հարմարավետ սենյակները տեսեք: Իսկ մենք աշխատանքային պայմաններ չունենք»,- ասում էին գործարանի աշխատակիցները: Գործարանի կաուչուկի լաբորատորիայի աշխատակից Գայանե Առաքելյանը երեկ վրդովված պատմում էր, որ իր որդուն բուժելու համար գործարանի տնօրենից աջակցություն է խնդրել, սակայն մերժվել է։ «Նա անգամ իմ աշխատավարձն էլ չտվեց,- ասում էր նա` հավելելով,- Եթե գործարանի տնօրենը չի կարողանում աշխատեցնել այն, թող հեռանա: Մենք շարունակելու ենք բողոքել մինչեւ չբարձրացնեն աշխատավարձերը, չվերագործարկվի գործարանը, մեր 4 ամսվա աշխատավարձերն ամբողջությամբ չվճարվեն: Էդ որ գնում են էդպես մուրում են, թող բերեն մեզ էլ տան»: Իսկ գործարանի աշխատակից Հովհաննես Ղազարյանն էլ ասում էր. «Անտանելի վիճակում ենք, 4 ամիս աշխատավարձ չենք ստացել, ձմեռ է գալիս, կարտոֆիլ, կաղամբ, սոխ պիտի գնենք, օրական թանկացում է լինում: Այս 4 ամիսը մի կերպ գոյատեւում ենք Ռուսաստանում բնակվող տղայիս ուղարկած գումարով»: Ի դեպ, երեկ նախագահականի մոտ էր նաեւ գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանը: Ըստ նրա` ստեղծված իրավիճակը տեխնիկական եւ ավելի շատ՝ քաղաքական դրդապատճառներ ունի. «Գործարանը չի աշխատում, քանի որ նախորդ տարվա ճգնաժամից հետո ունեցանք լուրջ ֆինանսական խնդիրներ: Մենք սպասում ենք, որ որոշում ընդունվի, համապատասխան մարմինների, այդ թվում` Ռուսաստանի իշխանության կողմից, որպեսզի վերականգնվեն գործարանի վերակառուցման աշխատանքներն ու այն կվերագործարկվի: Պարտքն առաջացել է, քանի որ գործարանի արտադրանքի 97 տոկոսն արտահանվում է: Քաղաքական ասելով՝ նկատի ունեմ այն, որ գործարանի արտադրանքը հիմնականում արտահանվում է, իսկ Հայաստանում բավականին թանկ է բնական գազի, էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի գինը: Այս պայմանները մեզ թույլ չեն տալիս ունենալ մրցունակ գին: Դա Հայաստանի տնտեսության խնդիրն է եւ ոչ թե միջազգային շուկայի: Դա քաղաքական խնդիր է, Հայաստանում նման գործարան աշխատեցնելու համար պետք է համապատասխան պայմաններ լինեն: Եթե գործարանի նկատմամբ դրսեւորվում է նույն քաղաքականությունը, որը կարող է դրսեւորվել ոչ քիմիական ձեռնարկությունների նկատմամբ, այդ դեպքում քիմիական արդյունաբերության ապագան բավականին աղոտ է»: Վ. Մելքոնյանի ասելով` եթե լուծումներ չգտնվեն, շատ հավանական է, որ խնդիրները գնալով կուտակվեն: Նրա խոսքով` քիմիական արդյունաբերությունը բավականին էներգատար է, իսկ գործարանը կառուցվել է ԽՍՀՄ տարիներին, եւ շուկայական տնտեսության բազմաթիվ պահանջներ հաշվի չեն առնվել: «Այսօր մենք ջերմային էներգիայի 60 տոկոս կորուստ ենք ունենում, արդյունավետ ենք օգտագործում միայն 40 տոկոսը: Այսինքն` մենք ավելի շատ տաքացնում ենք Երեւանի օդը, քան քիմիական արդյունաբերությունը»,- ասում էր նա: Հիշեցնենք, որ «168 Ժամը» բազմիցս անդրադարձել է ոչ միայն «Նաիրիտում» տիրող իրավիճակին, այլեւ հենց Վ. Մելքոնյանի գործունեությանը, այնտեղ տիրող կոռուպցիոն երեւույթներին, որը վերջինս մշտապես փորձել է հերքել:
ՀՀ նախագահական նստավայրի մոտ հավաքված գործարանի աշխատակիցներին ու տնօրենին երեկ ընդունել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Բացի աշխատավարձերի խնդրից, գործարանի աշխատակիցները Կ. Կարապետյանին փոխանցել են նաեւ աշխատատեղերը հետագայում կորցնելու վերաբերյալ իրենց եւ գործընկերների մտահոգությունը` պայմանավորված այս պահին չաշխատող ձեռնարկության ապագայի անորոշությամբ: Վ. Մելքոնյանը եւ բողոքի ակցիայի 5 ակտիվիստներ եւս ներկա են եղել հանդիպմանը: Կ. Կարապետյանը քննադատել է ձեռնարկության ղեկավարությանը` առկա խնդիրների լուծման ուղղությամբ ժամանակին բավարար քայլեր չձեռնարկելու եւ աշխատակիցներին այսօր արդեն ծայրահեղ քայլերի մղելու համար: «Անմարդկային է, երբ մարդը չորս ամիս շարունակ աշխատավարձ չի ստանում: Ինչի՞ եք մարդկանց այս վիճակին հասցրել, օդո՞վ էին ապրելու, ընտանիքներ կան, որոնց մի քանի անդամներ են գործարանում աշխատում, իսկ դա նշանակում է, որ այդ ընտանիքներ ընդհանրապես ամիսներ շարունակ գումար չի մտել, ո՞նց պիտի ապրեին»,-գործարանի տնօրինությանը հարցրել է Կ. Կարապետյանը: Վերջինս հանդիպել է նաեւ դրսում հավաքվածների հետ եւ փոխանցել կառավարության պատասխանատուներին ՀՀ նախագահի տված հանձնարարականներն ու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հեռանկարի հետ կապված մոտեցումը: Նշելով, որ «Նաիրիտը» պետական սեփականություն չէ, հետեւաբար, պետությունն իրավունք չունի ուղղակի միջամտություն ցուցաբերել ձեռնարկության տնտեսական գործունեությանն առնչվող խնդիրներին, Կ. Կարապետյանն ասել է, որ «պետությունն այս պահին մտահոգված է ամիսներ շարունակ աշխատավարձ չստացած իր քաղաքացիների սոցիալական խնդիրներով, ինչպես նաեւ՝ երկրի տնտեսության մեջ կարեւոր դեր ունեցող քիմիական հսկայի ճակատագրով»: Նաեւ տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանն արդեն հանձնարարել է գործադիր իշխանության պատասխանատուներին` ձեռնարկության սեփականատիրոջ հետ քննարկել ստեղծված իրավիճակը եւ միջոցներ ձեռնարկել ամենասեղմ ժամկետում` առաջիկա 10 օրվա ընթացքում աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը վճարելու, այնուհետ` մեկ ամսվա ընթացքում մնացած ամիսների աշխատավարձը մարելու ուղղությամբ: Նաեւ հավաստիացրել է, որ Ս. Սարգսյանի մոտեցումը` կապված գործարանի վերագործարկման հետ, հստակ է` «պետք է ամեն ինչ անել գործարանը վերագործարկելու համար»:
Նշենք, որ գործարանի աշխատակիցները պահանջում էին նաեւ տնօրեն Վ. Մելքոնյանի հրաժարականը` ասելով. «Թող այս տնօրենը հեռանա, նա մեզ պետք չէ»:
Ն.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ